RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 16-09-2016



ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՊԱՆՆԵ՞Ր

Տեղադրվել է` 2016-09-15 23:24:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 4801, Տպվել է` 560, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՉ ՀԵՌԱՎՈՐ ԱՆՑՅԱԼՈՒՄՙ ՄԻԼԻՑԻԱ, ՀԻՄԱՙ ՈՍՏԻԿԱՆ. Ի՞ՆՉ Է ՓՈԽՎԵԼ

ՆԱԻՐ ՅԱՆ

Սովետական միլիցիայի հավաքական կերպար էր ձեւավորվելՙ գեր, կարճահասակ, դուրս պրծած փորով, ծալ-ծալ կզակով, տռուզ այտերով, սուլիչն ու խմածության «ինդիկատոր» փայտիկըՙ կողքից կախ: Քաղաքացիների եւ հատկապես վարորդների նկատմամբ կոպիտ ու գռեհիկ վերաբերմունքը սովետական միլիցիայի համախտանիշն էր: Վանո Սիրադեղյանը 1990-ականներին միլիցիայիՙ կապույտ գծերով առանձնացող սպիտակ ժիգուլիներն ու վոլգաները փոխարինեց ճերմակ «Hundai»-ներով: Փոխեց նաեւ նորանկախ երկրի օրինապահների նորացվող համակարգի հագուկապը: Միլիցիայի հավաքական կերպարի կարծրատիպը ջարդելու աննախադեպ փորձ եղավ, եւ... ո՜վ զարմանք. համակարգում կանայք հայտնվեցին: Գեղեցիկ սեռի ներկայությունը միլիցիայի նկատմամբ հասարակական վերաբերմունքը փոխելու, համակարգում մի քիչ մեղմություն ու քնքշություն մտցնելու նպատակ էր ենթադրում նաեւ: Սակայն սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն , օրինակ, ավելի կարեւոր է համարում Վանո Սիրադեղյանի մեկ ուրիշ քայլը: Ներքին գործերի նախարարն օրենքով գողերի, կազմակերպված հանցագործությունների պարագլուխների առաջ պայման դրեցՙ կամ դուրս եք գալիս երկրից, կամ մտնում եք բիզնեսի մեջ: Ի՞նչ եղան նրանք. այլ խոսակցություն ու թեմա է, բայց այդ ժամանակվանից Հայաստանում կազմակերպված հանցագործությունները, տարածքների վերահսկումներըՙ ռեկետները գրեթե վերացան: (Բայց շարունակվեցին ու դեռ շարունակվում են հեռուստատեսային սերիալներում)

Կանայք հիմա էլ են համալրում են ժամանակակից հայ ոստիկանության շարքերը: Նրանք կոչվում են «հրեշտակներ», թեեւ տղամարդ «հրեշտակներ» էլ կան: Դե հրեշտակը հրեշտակ էՙ տղամարդ, թե կին: Նրանց տեսնում ենք փողոցներում զույգ-զույգ շրջելիսՙ փոքրիկ դեղատուփը կողքներից կախ: Բայց «Սասնա ծռեր» խմբի գործողություններին հաջորդած հանրահավաքների ժամանակ լավ տեսանք, թե իրականում ինչ առաքելություն ունեն «հրեշտակները»:

Բանն այն է, որ թե՛ սովետի տարիներին, թե՛ անկախության շրջանումՙ ցայսօր, միլիցիա-ոստիկանությունը նույնացվում է իշխանությունների հետ: Եթե մարդիկ դժգոհ են իրենց կյանքից, պայմաններից, ունեն սոցիալական, ինքնադրսեւորման, ազատ ինքնարտահայտման, ներքին պահանջների չբավարարման կամ այլ խնդիրներ, մեղադրում են իշխանություններին: Ու քանի որ յուրաքանչյուր երկրի իշխանություն ինքնապաշտպանման մեծ խնդիր ունի, հետեւաբարՙ անվտանգության ուժեղացված ծառայությունՙ հանձինս ոստիկանների, եւ ընդհանրապես այս համակարգը կոչված է պաշտպանելու իշխանություններին, եւ հոգեբանական տեսանկյունից յուրաքանչյուր ոստիկան յուրաքանչյուր քաղաքացու մեջ տեսնում է պոտենցիալ հանցագործի, ուրեմն ոստիկան-հասարակություն բարեկամությունն անհավանական տեսություն ու պրակտիկա է բոլոր ժամանակների ու վարչակարգերի համար: Այդպես էր սովետի ժամանակ, այդպես է հիմա: Այդ պատճառով էլ այն ժամանակվա միլիցիան չէր սիրված ու հարգված հասարակության կողմից, իսկ այսօրվաՙ ոստիկանությունը: Ուրեմն ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա հասարակությունը հանձինս իր իշխանություններիՙ չի տեսնում իր դաշնակցին, յուրայինին, համախոհին, բարեկամին (այստեղՙ բարին կամեցող), պաշտպանին ու նեցուկին: Եվ իշխանություններին հասցեագրված, բայց այդպես էլ տեղ չհասած դժգոհությունը, վրդովմունքն ուղղում է իշխանության ներկայացուցչինՙ ոստիկանությանը: Ոստիկանությունն էլ խելոք-խելոք կատարում է իր վերադասիՙ իշխանության հրահանգները:

«Սոցիոմետր» կազմակերպության նախագահ Ահարոն Ադիբեկյանը որոշ դիտարկումներ ունի առհասարակ ոստիկանություն հասկացության ու մասնավորապես հայ ոստիկանների վերաբերյալ: Նա օրինակ է բերում ԱՄՆ-ի ոստիկանությանը, որի շարքերում աշխատանքի անցնելու համար բոլորը հատուկ թեսթավորում են անցնում: Այդպես է նաեւ բանակում: Եթե մարդն իր բնավորությամբ, մարդկային, մասնագիտական հատկանիշներով չի համապատասխանում, ասում ենՙ դու ոստիկանության կամ բանակի բան չես, բարի ճանապարհ: Սա վատագույն դեպքում, իսկ մնացած դեպքերում թեկնածուն մի քանի տասնյակ հարցերից կազմված թեսթն անցնելուց հետո ուղղորդվում է այս կամ այն ոլորտ: Թեսթը բացահայտում է նրա հոգեկան աշխարհի, բնավորության, հմտությունների, վարքագծի, մտավոր, ֆիզիկական ունակությունների ամբողջական պատկերը, ըստ որի էլ պարզ է դառնում, թե նա որ համակարգում կդերսեւորվի լավագույնս: Դա կոչվում է պրոֆեսիոգրամա: Մեր ոստիկանությունում թեսթավորում անցկացնելու առաջարկ Ահարոն Ադիբեկյանն արել է, սական դրական արձագանք չի ստացել: «Թեսթն օգնում է կադրերին ճիշտ ընտրել: Եթե մեր բանակում ու ոստիկանությունում թեսթավորման համակարգը գործեր, ապրիլյան պատերազմի ու «Սասնա ծռերի» ընդհարման հետ կապված ճգնաժամերը չէին լինի: Կադրերը սխալ էին ընտրված. ահա բուն պատճառներից մեկը: Մյուս պատճառը կառավարման սխալ, անկատար համակարգն է: Ովՙ որտեղ է նշանակվում. արդյո՞ք դա իր տեղն է, արդյո՞ք կարող է դաշտային հրամանատար լինել կամ պայթյունավտանգ իրավիճակում լեզու գտնել գրգռված, հավասարակշռությունը կորցրած հանրության հետ: Մասնավորեցնեմ խոսքս. եթե քեզ հայհոյում են, թքում քեզ վրա, քարեր նետում, ուրեմն դո՞ւ էլ պիտի նույն կերպ պատասխանես, երբ ոստիկան ես: Այս սահմանը շատ նուրբ է. հատուկ հմտություններ են պետք, որպեսզի ոստիկանը հանկարծ այդ սահմանը չանցնի: Ի՞նչ է նշանակում լրագրողուհուն, կամ առհասարակ կին արարածին մազերից բռնած քարշ տալ, գետնին գցել: Սա վերաբերմունքի խնդիր է. հատուկ դաստիարակություն, կրթություն, հմտություններ կան, որոնք պետք է ոստիկանները սովորեն դասերի, նաեւ աշխատանքի ժամանակ, բայց չեն սովորում»:

Արտակարգ իրավիճակում պետք է մոբիլիզացվեն հատուկ այն ուժերը, որոնք հենց նման պայմանների ու դեպքերի համար են նախատեսված, ոչ թե հավաքվեն նրանք, ովքեր այդ պահին ծառայության մեջ հերթապահում են: Ստեղծվե՞լ է պայթյունավտանգ դրություն, ուրեմն պետք է հավաքվեն ու տվյալ տարածք ուղարկվեն այն կադրերը, որոնք մասնագիտացված են հենց այդ իրավիճակներում աշխատելու, գործելու ուղղությամբ: Նման դեպքերի համար նախատեսված են հատուկ խմբեր: «Աշխարհի մի շարք երկրներում ոստիկաններն ունեն բանակցողներ: Մեկը սպառնում է տանիքից ցած գցել իրեն, մյուսն ատրճանակը դեմ է տվել ինչ-որ մեկի քունքին եւ պատրաստվում է, կամ, համենայն դեպս, այդպես է ձեւացնում, թե կսպանի: Նման դեպքերում ոստիկանությունն ուղարկում է բանակցող մասնագետին, որի աշխատանքն 95 տոկոսով դրական արդյունք է տալիս: Դա սոցիալ-հոգեբանական հմտություններ, հատուկ մոտեցում է պահանջում: Մենք նման ծառայություններ չունենք: Ինչո՞ւ պետք է Վիտալի Բալասանյանին Ղարաբաղից կանչենք Երեւան, որպեսզի «Սասնա ծռերի» հետ բանակցի: Ինչքան էլ նա հարգված ու սիրված մարդ է, բայց այդ գործառույթը պետք է մեկ ուրիշն իրականացներՙ մասնագիտացած հենց նման իրավիճակները հարթելու համար: Մեր ոստիկանական համակարգն ադեկվատ չէ: Ասում են. «Ինչո՞ւ մեկին բերեմ, մի քանի տարի հենց այնպես փող տամ, ի՞նչ իմանամՙ նա մի օր մեզ պետք կգա՞, թե ոչ»: Բայց այդ մի օրվա աշխատանքը կարող է ճակատագրական դեր խաղալ, մեծ նշանակություն ունենալ ամբողջ ազգի, պետության համար»,-նկատում է Ահարոն Ադիբեկյանը:

«Սասնա ծռերի» հետ կապված դեպքերն առաջինը չէին. մենք տեսել ենք «Հոկտեմբերի 27», «Մարտի 1», «Էլեկտրիկ Երեւան», բայց դասեր չենք քաղել երբեք: Սրված իրավիճակից նվազագույն հետեւանքներով դուրս գալու ջանքեր չենք գործադրում, որակյալ մասնագետներ պատրաստելու ուղղությամբ պետությունը չի աշխատում, այդ պատճառով էլ կորուստները միշտ ողբերգական են լինում: Մեր թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքական դաշտն անկայուն ու փխրուն է, հետեւաբար, բարձրորակ կադրեր պատրաստելը թե՛ բանակում, թե՛ ոստիկանությունում հաց ու ջրի պես է անհարժեշտ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 16-09-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ