ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ 2-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ Երեւանի «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում մեկնարկել է Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի միջազգային 2-րդ կոնֆերանսը: Երկօրյա կոնֆերանսն իր հարկի տակ է հավաքել ներքին աուդիտի կիրառման տարբեր ոլորտների մասնագետներիՙ Հայաստանից եւ արտերկրից: Կոնֆերանսին մասնակցում են աուդիտի ոլորտի, ֆինանսական սեկտորիՙ բանկային, ապահովագրական, ներդրումային ընկերությունների, ինչպես նաեւ պետական կառավարման ոլորտի հայտնի կազմակերպությունների ներկայացուցիչներ: Իրենց մասնագիտական փորձով միմյանց հետ կիսվում են Հայաստանի, Նիդեռլանդների, Ռումինիայի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի եւ ՄԱԷ մասնավոր, հանրային եւ ֆինանսական սեկտորները ներկայացնող բանախոսները: Կոնֆերանսի գլխավոր գործընկերն է Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Հայաստանի ներկայացուցիչներն են Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի նախագահ Արա Չալաբյանը եւ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, իսկ Հայաստանի մասնավոր ոլորտը ներկայացնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Արա Չալաբյանը, Ռալֆ Յիրիկյանը եւ Ներքին աուդիտորների միջազգային ինստիտուտի խորհրդի ավագ փոխնախագահ Անգելա Վիցանին հանդես են եկել բացման խոսքով: Բանախոսներն ընդգծել են միջազգային մասնագիտական հարթակներում Հայաստանի ներկայության կարեւորությունըՙ որպես կառավարման ոլորտում նորարար լուծումներով աչքի ընկնող երկրի, ինչպես նաեւ ողջունել են Հայաստանի առաջընթացը կորպորատիվ կառավարման ոլորտում: «Դժվար է գերագնահատել ներքին աուդիտի կարեւորությունը թափանցիկ եւ արդյունավետ բիզնես-կառավարման ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծման հարցում: Ներքին աուդիտը նախեւառաջ բիզնես կոչվող կենդանի օրգանիզմում տարբեր համակարգերի առողջությանը սպառնացող ռիսկերի վաղ հայտնաբերումն ու կանխարգելումն է: Այն նաեւ ուղղված է ներքին կանոնակարգերին, ընթացակարգերին, ՀՀ Սահմանադրության պահանջներին, ինչպես նաեւ ընկերության ռազմավարությանն անհամապատասխանության դեպքերի բացահայտմանը: Մրցակցային բիզնես միջավայրում գործող ընկերությունների համար ներքին աուդիտն անհրաժեշտ ռազմավարական գործիք էՙ մրցակցային առավելություն ձեռք բերելու եւ այն պահպանելու հարցում»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը «Ինչպես իրականացնել փոփոխություններ» խորագրով իր ելույթում: Ներքին աուդիտի միջազգային կոնֆերանսի կազմակերպումը Հայաստանում կարեւոր է երկրում կորպորատիվ կառավարման մշակույթի զարգացման տեսակետից: Այն նաեւ կօգնի գործարար հասարակությանը ներկայացնել առողջ եւ կայուն բիզնես միջավայր ստեղծելու հարցում ներքին աուդիտի նշանակությունը, նպատակներն ու առավելությունները: Արտերկրից ժամանածՙ ներքին աուդիտի փորձառու մասնագետները ծանոթանում են ներքին աուդիտի եւ կորպորատիվ կառավարման ոլորտներում Հայաստանի ձեռքբերումներին, ինչն իր հերթին նպաստում է երկրի դրական վարկանիշի բարձրացմանը: |