RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 16-09-2016



Տեղադրվել է` 2016-09-15 23:24:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 5525, Տպվել է` 610, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պ.գ.դ

Հերթական անգամ ՀՀ Պաշտպանության նախարարության Հասարակական խորհրդի նախաձեռնությամբ Արցախ մեկնելու եւ որեւէ զորամասում դասախոսություններով հանդես գալու խմբում ընդգրկվեցի: Ի դեպ, այդ ծրագիրն իրականացվում է բացառապես կամավորության սկզբունքով: Խմբում ընդգրկված էին տարբեր տարիքի ու սեռի գիտնականներ: Այնտեղ էին արդեն վեց տարի ընթացող այդ գործառույթի գրեթե չբացակայած մասնակիցներ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, դոցենտ Արմենուհի Ղամբարյանը, դոկտոր Ռուբեն Սահակյանը, Ֆեդյա Ղազարյանը եւ շատ ուրիշներ` նախաձեռնության հեղինակ ու անփոփոխ կազմակերպիչ, Պաշտպանության բանակի նախարարի խորհրդական, Հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի գլխավորությամբ:

Ճանապարհը չնայած անթերի կազմակեպված լինելուն, ավտոբուսի փափուկ եւ անխափան աշխատանքին, հետաքրքրական ու բովանդակալից եւ շատ դեպքերում հումորախառն զրույցներին` հոգնեցուցիչ է, քանի որ 350 կմ երկարություն ունի, այն էլ անորակ, կարկատաններով ու շարունակական ոլորաններով հարուստ: Հոգնածությունը փոքր ինչ թեթեւացավ Գորիսի ռեստորաններից մեկում կազմակերպված փառահեղ ճաշով, եւ վարորդ Սամվելի ոլորաններն հնարավորիս աննկատ դարձնելու ջանքերի:

Ստեփանակերտում մեզ բարեհաճ ընդունեց Պաշտպանության բանակի հրամանատար-նախարար Լ. Մնացականյանը: Ջերմ ողջույններ փոխանակելուց հետո նա ներկայացրեց պաշտպանական դիրքերում իրականացրած աշխատանքները եւ շեշտեց, որ այդ բարեփոխումների արդյունքում մի շարք դիրքեր ապահովվել են մշտական հոսող խմելու ջրով, գիշերային դիտարկման սարքերով, անխափան սննդի մատակարարմամբ եւ ավելի արդյունավետ պաշտպանական զինատեսակներով: Նախարարը նաեւ ընդգծեց, որ հայրենական թռչող սարքերն ավելի են կատարելագործվել եւ ոչնչով չեն զիջում իսրայելական եւ այլ երկրների համանման սարքերին: Միեւնույն ժամանակ նախարարն ասաց, որ տասնչորսօրյա հերթապահությունները շուտով կփոխարինվեն յոթօրյայով, որով կմեղմվի հերթապահների ծառայողական լարվածությունը, վտանգի չեն ենթարկվի ամուսնացածների ընտանեկան անդորրը եւ մի շարք ոչ պակաս կարեւոր այլ հարցեր:

Այնուհետեւ պատասխան խոսքով հանդես եկավ Գ. Հարությունյանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ու պատրաստակամ ընդունելության համար նա նշեց, որ օգոստոսի սկզբներին բանակի տարբեր դիրքեր այցելությունների ընթացքում նկատել են որոշ թերացումներ եւ առաջարկեց մի քանի էական եւ ոչ այնքան ծախսատար գործառույթներ իրականացնել, որոնցից անշուշտ ավելի լավ վիճակում կլինի թե դիրքապահը եւ թե ընդհանրապես բանակը: Օրինակ, նա առաջարկեց դիրքերն ապահովել արեւի էներգիայով աշխատող սառնարաններով եւ այլն:

Նախարարի առաջարկով եղան հարցեր, որոնց նա պատասխանեց սիրով եւ պատրաստակամ: Բանակի որոշ ներքին խնդիրների հետ կապված իր դիտարկումները ներկայացրեց եւ մի քանի էական հարցեր տվեց ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, որոնց նախարարը բավականին մանրամասն պատասխանեց: Մասնավորապես Մելքոնյանն ասաց, որ զորացրվածները լավ տիրապետում են զինտեխնիկային, ծառայության նրբություններին եւ այլն եւ այդ որակյալ պոտենցիալը ծառայությունն ավարտելուց հետո փաստորեն փոշիանում է, քանի որ կա՛մ արտագաղթում է, կա՛մ հեռու է մնում բանակից: Մի՞թե ժամանակը չէ, որ մտածենք այդ որակյալ ուժը չկորցնելու մասին: Նախարարը համաձայնեց եւ ասաց, որ այդ ուղղությամբ քայլեր նախատեսվում են եւ շուտով այդ մասին կիմանանք բոլորս: Հարցեր տվողներ էլի եղան ու ցանկացողներն էլ շատ էին, սակայն ժամանակի սղության պատճառով դրանց մի մասը չհնչեց:

Հաջորդ օրը առավոտյան նախաճաշելուց հետո բանակի շտաբում տարբեր զորամասերից եկած մեքենաներով` բաժանվելով երկուական խմբերի, մեկնեցինք նշանակված զորամասեր: Ասկերանի գնդում, դեռ մուտքի մոտ, մեզ սիրով դիմավորեցին եւ ուղեկցեցին զորամասի շքերթահրապարակ, որտեղ զինվորները կատարում էին կիրակնօրյա ծրագիրը: Զորամասի փոխհրամանատարի առաջարկով դասախոսությունները կարդացինք հենց հրապարակում: Անկեղծ ասած, երբ ամբիոնի բարձունքից նայեցի շարված տղաներին, ակամա հուզվեցի. հենց սա է մեր ուժը, հենց այս տղաներն են կերտել ավարայրներն ու մայիսյան հերոսամարտերը, ազատագրել Արցախը եւ շարունակելու են իրենց հաղթարշավը...: Պատմաբանիս համար այդ զորաշարքերում ուժն էր կարեւորը եւ ապագան սեփական ձեռքերով կերտելու վճռականությունը, որ ես տեսա յուրաքանչյուրի աչքերում: Հուզվելու եւս մի քանի առիթներ եղան: Նախ պարզվեց, որ հարցատու զինվորների շարքում էին ոչ վաղ անցյալում իմ ուսանողներից երկուսը, ապա հարցերի տողատակերում զգացվող զինվորների մտահոգությունն ու վերաբերմունքը բոլոր կարեւոր հարցերի նկատմամբ: Իսկ հուզվելու տեսակետից գագաթնակետը եղավ կապուտաչյա երգիչ Սեւակի կողմից մի քանի երգերի հրաշալի կատարումները: Այս անգամ ինձ թվաց բոլորն էին հուզվել եւ ուրախացել, հատկապես զինվորներն հպարտ էին իրենց զինակցի շնորհաշատ կատարումով:

Բանակի շտաբում հյուրասիրվելուց հետո բարձրաստիճան մի քանի սպաներ շնորհակալություն հայտնեցին այցելության, բանակի կողքին լինելու, հայրենանպաստ գործ կատարելու համար եւ կրկին հանդիպելու ակնկալիքով` ճանապարհեցին մեզ:

Ճանապարհը յուրակերպ փորձություն են որեւէ ուղեւորի համար: Ակամա հարց է առաջանում. արժե՞ այդքան տառապանքը: Մի քանի այցելությունների մասնակցի (ով առողջական որոշ խնդիրներ էլ ունի) եւ այդ փորձությունները հաղթահարողի տեսանկյունից վստահ կարող եմ վկայել, որ դա ոչ միայն կարեւոր, այլեւ խիստ անհրաժեշտ գործառույթ է: Գաղտնիք չէ, որ հաղթում է այն ժողովուրդը, որի յուրաքանչյուր անդամ գիտակցում ու զգում է այդ հաղթանակի անհրաժեշտությունը եւ յուրաքանչյուրն իր տեղում պատասխանատվության զգացումով կատարում է իր գործը: Այլ խոսքով` յուրաքանչյուրը կախում է իր զանգը: Իհարկե, փառք ու պատիվ բոլոր զենք բռնողներին, սակայն հաղթանակները սոսկ զենքի արդյունք լինել չեն կարող: Հետո էլ զենքով նվաճած հաղթանակը եթե խոսքով ու մյուս անհրաժեշտ գործոններով չապահովվի, երկար գոյատեւել չի կարող: Այնպես որ, որքան էլ դժվար ու հոգնեցուցիչ, այս այցելություն-դասախոսություններն, անկասկած, անչափ կարեւոր են ու անհրաժեշտ թե՛ բանակի եւ թե՛ մեզՙ մտավորականներիս համար:

14.09.2016, Երեւան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 16-09-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ