RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 09-12-2016



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2016-12-09 00:10:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 5772, Տպվել է` 480, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՆԵՐՈՒԺ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հայազգի լրագրողներ միջազգային մամուլում

Ձեռքիս տակ է ամերիկյան մամուլում աշխատող հայազգի լրագրողների ոչ ամբողջական մի ցուցակ, որն իմ խնդրանքով ու մեր ավագ գործընկեր Երվանդ Ազատյանի հանձնարարությամբ պատրաստել է անգլիալեզու մեր ամենահեղինակավոր շաբաթաթերթիՙ Armenian Mirror-Spectator-ի խմբագիր Ալին Գրիգորյանը: Արդարեւ, ոչ ամբողջական, բայց տպավորիչ ցուցակ: Անուններՙ որոնցից թերեւս շատ քչերին է ծանոթ հայ հասարակությունը, բացառությամբ Boston Globe թերթի նախկին խմբագիր, լրագրության ասպարեզում ամենահեղինակավորՙ Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Ստիվ Քյուրքչյանի եւ մեծազդեցիկ Washington Post-ի խմբագիրներից Դեյվիդ Իգնեյշըսի (Իգնադիոսյան), որին ծանոթանալու պատեհությունն ստեղծվեց նախորդ տարիՙ Ռուբեն Վարդանյանի Idea խմբի Երեւանում կազմակերպած միջազգային «Ավրորա» հանդիսության ընթացքում: Մեկ էլՙ Bloomberg-ի նախկին աշխատակից Լարա Սեդրակյանի` նույնպես նրա երեւանյան այցից:

Որոշ նկատառումներով զերծ եմ մնում մնացյալների անունները նշելուց, առայժմ: Սակայն ինչպիսի՜ լրատվամիջոցներում են մերոնք աշխատում. Wall Street Journal, New York Times, Los Angeles Times, CNN, Fox, NBC News, New York Daily News, CNBC, Politico եւ այլք: Այսինքնՙ ամերիկյան քարոզչամեքենայի գրեթե բոլոր առաջատարները: Ու պատկերացնել, ինչպես նշվում է ցուցակին կից նամակում, որ դեռ շատ ուրիշ անհայտ անուններ կան, հատկապես կանայք, որոնք ամուսնանալուց սովորաբար փոխում են ազգանունները:

Իսկ ինչքան անուններ կան եվրոպական, կանադական, Լատինական Ամերիկայի, ռուսաստանյան եւ արաբական լրատվամիջոցներում: Եվ ինչքան հայազգի լրագրողներՙ միջազգային լրատվական գործակալություններում, որոնցում սովորաբար աշխատակիցները չեն ստորագրում: Թերեւս գիտենք միայն Le Mond Diplomatique-ում ստորագրող վերլուծաբան Վիգեն Չըթերյանի, «Ալ Ջազիրայի» անգլիական տարբերակում աշխատող Փոլ Չատըրճյանի, կամ կիպրոսյան Financial Mirror-ի գլխավոր խմբագիր ու սեփականատեր Մասիս Տեր-Բարթողի, ինչպես նաեւ RT-ի անգլերեն տարբերակի տնօրեն Մարգարիտա Սիմոնյանի, RT-ի Վաշինգտոնի թղթակից Գայանե Չիչակյանի, «Կոմերսանտի» վերլուծաբան Նատալյա Գեւորգյանի եւ մի քանի այլ անուններ:

Իսկ ո՞վ է ամբողջական ցուցակներ պատրաստելու: Ու մանավանդՙ ո՞վ է զբաղվելու նրանցով, կապ պահելու, մեր պետական եւ ազգային գործերի բարձրաձայնման մեջ ներգրավելու նրանց, տեւական ու կանոնավոր հարաբերություններ մշակելու նրանց հետ:

Անշուշտ, նրանց հետ աշխատանքը ո՛չ մոտիկից, ո՛չ էլ հեռվից բոլորովին նման չէ այն աշխատանքին, որը սովոր է մեր համապատասխան գերատեսչությունը անել երկու տարին մեկ- հրավեր, հավաք, հայրենասիրական ճառ, պտույտ, քեֆ-ուրախություն.... Մեր պետական կառույցները սիրում են հայկական կազմակերպված գաղթօջախների, կայացած կառույցների, այս պարագայումՙ հայկական լրատվամիջոցների ու լրագրողների հետ աշխատել միայն: Մինչդեռ միջազգային ասպարեզում գործող լրագրողների հետ աշխատանքը ենթադրում է պրոֆեսիոնալ, լուրջ, բոլոր պարագաներումՙ ոչ հանդիսանքային, հաճախ նաեւ խորհրդապահական աշխատանք: Ո՞վ է անելու դա:

Չմոռանանք նաեւ, որ տեղեկատվական կարեւորագույն մեկ այլ ուղղությունն էլ օտարազգի լրագրողների հետ աշխատանքն է, առաջին հերթին այն լրագրողների, ովքեր հայության հետ նույնիսկ ընկերական կապ չունենալով հանդերձ, ահա՛ տասնամյակներ շարունակ միշտ ուշադիր են եղել մեր պահանջներին, ի տարբերություն այլոցՙ առանց նավթադոլարների, խավիարի եւ հարեմների, պարզապես հանուն ճշմարտության: Նրանցից առաջինը` The Independent-ի Ռոբերտ Ֆիքսն է, անկասկած:

Այո, ապրում ենք գլոբալացող աշխարհում, որտեղ ունենք մեր խնդիրները, մեր շահերը: Իսկ այդ աշխարհի տեղեկատվական, քարոզչական ներվերը գտնվում են միջազգային լրատվամիջոցների ու լրագրողների ձեռքում: Իսկ այդ ձեռքերը չեն պարզված դեպի մեզ ու չեն էլ պարզվի: Մնում է, որ մե՛նք գնանք նրանց ընդառաջ եւ աշխատենք, սկսելով հայազգի լրագրողներից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 09-12-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ