ՂԱՐԱԲԱՂԻՙ ՆՈՐ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա Համբուրգում այսօր կավարտվի ԵԱՀԿ խորհրդաժողովը Համբուրգում դեկտեմբերի 8- 9 անցկացվող ԵԱՀԿ նախարարների 23- րդ հանդիպման առանցքային թեմաներն են Ուկրաինան եւ Սիրիան: Հասկանալի է, որ համաշխարհային բոլոր մեծ գործընթացների վրա ազդեցություն ունեցող Ռուսաստանը հատկապես այս երկու երկրների հարցում լուրջ հավակնություններ կամ դերակատարում ունի, ինչը գերմանացիները հակված չեն կամ պարզապես չեն ուզում ընկալել: ԵԱՀԿ- ում ԳԴՀ կառավարության հատուկ հանձնակատար Գերնոթ Էրլերը պատասխանելով գերմանական հեռուստատեսության երկրորդ ալիքիՙ պատժամիջոցների վերաբերյալ հարցին, երեկ կարծիք հայտնեց, թե Ռուսաստանը թեեւ ստորագրել է Հելսինկյան եզրափակիչ ակտը, բայց շարունակում է ուժ կիրառել, հետեւաբար պատժամիջոցները չեն սահմանափակվելու այդ երկրի հանդեպ, մանավանդՙ հաշվի առնելով Ղրիմի զավթումը, դրանք մեղմացնող երանգներ չեն կարող ունենալ: Նկատել ենք, Գերմանիայի համար Ուկրաինան միշտ կարեւոր է եղել, Ռուսաստանի հանդեպ կոշտ դիրքորոշումըՙ նույնպես, ի՞նչ տրամադրություն կա Հայաստանի, Ադրբեջանի համար կարեւորագույն հարցիՙ ԼՂ վերաբերյալ: 50-ից ավելի արտգործնախարարների հանդիպատեղի Համբուրգի մասին իրազեկելիս գերմանացի մեր գործընկերները չէին ծանուցում, թե Նալբանդյան- Մամեդյարով հանդիպում է լինելու, ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման չէր շոշափվում լրատվամիջոցների գլխագրերում: Գերմանական հեռուստատեսության առաջին ալիքի «Օրվա համայնապատկեր» լրատվականի թղթակից Սիլվիա Շթյոբերն երեկ խորհրդաժողովի մասին իր ծավալուն հրապարակման մեջ անդրադարձել էր նաեւ Ղարաբաղին: «Դիվանագիտության համար դժվար ժամանակներ» նրա վերնագրի հետ մենք էլ համակարծիք ենք: Եվրոպային մերձակա տարածքում ճգնաժամերն ու պատերազմները շատերի մեջ անվստահության զգացումն են խորացրել: 2016-ին ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելով` Գերմանիան կամենում էր լարվածությունը նվազեցնել, «ծանր հանձնառություն», նշում է Շթյոբերը, ինչի հետ չհամաձայնել չենք կարող իհարկե: Բայց ազնիվ լինենքՙ մեր գործընկերուհին չի արձանագրում, մենք արձանագրենքՙ Գերմանիան չկատարեց Ղարաբաղի հարցում ստանձնած գլխավոր պարտավորությունըՙ ԵԱՀԿ նախագահության տարում խոստացավ վերահսկման մեխանիզմներ ապահովել: Ի՞նչը խանգարեց, կարելի է միայն ենթադրություն անել, բայց տարին դեռ չի ավարտվել, ինչպես օրեր առաջ Երեւանում լրագրողներին հուշեց ՀՀ- ում ԳԴՀ դեսպանը, միգուցե հասցնի եւ նախագահությունը Ավստրիային փոխանցելու ժամանակ արձանագրենք ուրիշ իրողություն: Մեր գերմանացի գործընկերուհուՙ Ղարաբաղի մասին անդրադարձում նկատելի մի փոփոխություն այդուհանդերձ կա: ԼՂ- ի մասին տեղեկանքը ուրիշ տպավորություն է թողնում: Համառոտ հետեւյալն էՙ 140 000 բնակիչ ունեցող լեռնային տարածք է, սեփական կառավարությունն ու սահմանադրությունն ունի, անկախությունը որեւէ պետություն դեռ չի ճանաչել: 20 000 հայ զինվոր է հսկում հրադադարով հաստատված սահմանագիծը, անկախ դիտորդներ չկան, հրադադարի մեծ ու փոքր խախտումներ են լինում անընդհատՙ երկու կողմի զոհեր արձանագրվում: Մեր հայացքով, այսպիսի զուսպ, իրականին մերձ ձեւակերպում առաջին անգամ է հանդիպում գերմանական լրատվական դաշտում: Հուսանք, ԼՂ- ին անդրադառնալիս, հիշյալ տեղեկանքից կօգտվեն նաեւ տեղական մյուս լրատվամիջոցները: Կառավարական 80 պատվիրակություն է ժամանել Համբուրգ, 50- ի դեպքում այն գլխավորում է տվյալ երկրի արտգործնախարարը, ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի պարագայում է: Երեկ պաշտոնապես մեկնարկած ԵԱՀԿ նախարարների խորհրդի երկօրյա ժողովը առիթ է Եվրոպայում եւ դրանից դուրս անվտանգության խնդիրների մասին բարձրաձայնելու, թթվածին սպառող թեմաներ ենՙ միգրացիոն ճգնաժամ, ահաբեկչություն, ծայրահեղականություն: Թեպետ ավելի վաղ ենթադրություններն էին արվում, թե հնարավոր է Համբուրգ ժամանեն Սարգսյանն ու Ալիեւը, բայց երեկ ուշ երեկոյան դեռ հստակ չէրՙ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում կկայանա՞: Երեկ ԳԴՀ արտգործնախարար Շթայնմայերն անդրադարձել է ԼՂ հակամարտությանը, մասնավորապես նշելովՙ «Ուկրաինայի արեւելքում վերջին շաբաթներին վերսկսված բռնությունները, ԼՂ հակամարտության ապրիլին տեղի ունեցած սրացումը ցույց են տալիս, թե որքան փխրուն է խաղաղությունը ԵԱՀԿ տարածքում»: ԵԱՀԿ գործող նախագահ Շթայնմայերը նշել է նաեւ, թե որքան կարեւոր է ուժեղացնել հակամարտության կարգավորման մեխանիզմները, նաեւ ընդգծել իր ղեկավարած կազմակերպության ակտիվ դերակատարումըՙ որոշ դեպքերում ԵԱՀԿ նույնիսկ կանխել է այդ հակամարտությունների վերաճումը բաց պատերազմի: «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը» երեկ վերնագիր էր դարձրել ԳԴՀ արտգործնախարար, ԵԱՀԿ նախագահող Ֆրանկ Վալտեր Շթայնմայերի քննադատությունըՙ «Մենք Ղրիմն էլ չենք մոռանում»: 3 տարի առաջ Ռուսաստանի ինքնակցած այդ թերակղզում ԵԱՀԿ- ի նման կազմակերպությունը այսօր էլ մուտքի արտոնություն չունի, իսկ արեւելյան Ուկրաինայում ռուսամետ անջատականները ուկրաինական բանակի դեմ են կռվում, նկատել է տվել Շթայնմայերըՙ կարծիք հայտնելով, թե Ուկրաինայի հակամարտության լուծման համար «նոր ազդակի» կարիք կա: ԱՄՆ պետքարտուղար Քերրին էլ չի մոռացել Ռուսաստանին քննադատել Ղրիմն առգրավելու համար, իսկ Ուկրաինայից էլ պահանջել է կոռուպցիայի դեմ առավել մեծ պայքար: Այն, որ Համբուգում շահագրգռված են Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման կազմակերպմամբ, կռահելի է դարձնում նաեւ «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը», երբ ներկայացնում է ԵԱՀԿ նախագահողի խոսքըՙ Համբուրգը բաց, հանդուրժողական եւ բազմաշերտ քաղաք է, այդ ոգին թող տիրապետող լինի քննարկումների ժամանակ, մաղթել է Շթայնմայերըՙ հիշատակելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա ԼՂ հակամարտությունը, Համբուրգում ներկա երկու երկրների արտգործնախարարների հնարավոր հանդիպման առիթով միաժամանակ ընդգծելով, թե այն առանց հակասությունների չի ընթանալու: Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը մտացածին է համարել «Ռուսաստանի սպառնալիք» հասկացությունը: Սիրիայի հարցով Շթայնմայեր- Լավրով, Լավրով- Քերրի հանդիպում արդեն կայացել էր դեկտեմբերի 7-ին երկօրյա խորհրդաժողովից առաջ, իսկ հինգշաբթի Գերմանիան Ռուսաստանից պահանջում էր Հալեպում հրադադարի անհապաղ հաստատում: 2017- ի հուլիսին Մեծ քսանյակի հանդիպատեղին Համբուրգն է, եւ ԵԱՀԿ այս խորհրդաժողովը անվտանգության միջոցառումների առումով ստուգողական է, ինչպես նշում են գերմանացի մեր գործընկերները, քաղաքում ոստիկանական շատ խիտ ներկայություն կաՙ ամեն նախարարիՙ ավելի քան 200 ոստիկան: Շա՞տ է, թե՞ քիչ: Ահաբեկիչ երկրներին սահմանակից Հայաստանում ապրող մարդկանց հարցնենք, որ սովորական մահկանացուներիս համար սյուրռեալիստական այս պատկերը համեմեն իրենց էքզիստենցիալիզմով: Խաղաղություն կլինի՞ մեր սահմանին: Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի արտգործնախարարները, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Զանիերը, ԵՄ-ի արտաքին եւ անվտանգության հարցերի հանձնակատար Մոգերինին շեշտում ենՙ ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Մենք նույնն ենք ասումՙ խաղաղ կարգավորման կողմնակից Հայաստանը կատարում է սահմանադրությամբ ստանձնած գլխավորՙ մարդու, իր քաղաքացու կյանքի իրավունքը պաշտպանելու հանձնառությունը: Միջազգային քաղաքական որ հարթակն էլ լինիՙ Ադրբեջանը նույն օրակարգն է թելադրում, մի դեր է սովորելՙ զոհի դերը, որ վատ է խաղում: Մեր ապրելու, արարելու կամքը «Ավրորա» մրցանակով էլ փաստեցինք: Այս կետից պիտի բացատրենք աշխարհին մեր ուժը, իսկ Ադրբեջանին էլ պարտադրենք, որ հարգի իր քաղաքացու կյանքի իրավունքը, նրան ռազմատենչ, ատելավառ չդարձնի, չվստահեցնի, թե շուտով Երեւան է հասնելու: Մանավանդ որ հենց Ադրբեջանի ղեկավարությունը լավ գիտի այն, ինչ գերմանական ռադիոն պատմեց դեկտեմբերի 3- ին: «Դոյչլանդֆունկը» անդրադարձել էր «հողեր չհանձնող» Ղարաբաղինՙ վերաբնակեցված Իշխանաձորում սիրիական պատերազմի արհավիրքից ապաստան գտած սփյուռքահայերի հետ զրույց ներկայացնելով: Ղարաբաղում տուն ու ճամփա են կառուցում, ով ինչ ասի, ականջ չեն դնում, լուռ աշխատում են: Ռադիոհաղորդման հեղինակ Նաոմի Կոնրադը ադրբեջանական սեւ ցուցակում էր հայտնվել այս հաղորդումից էլ առաջ, ի՞նչ կանեն այժմ, երբ նրա զրուցակից սիրիահայ բժիշկ Հայկ Խաչատրյանի բառերը լսենՙ «ինձ չի հետաքրքրում, թե այս տունն ինչ- որ ժամանակ ադրբեջանցու է պատկանել: Սա հայկական տարածք է»: Երեկ համբուրգյան ամբիոնից Մամեդյարովի զգայաշունչ հռետորաբանությանը Նալբանդյանը թեեւ նույն օրը պատասխանեց, բայց առավել կարեւորը խաչատրյանների ձայնն է, որ Նալբանդյանի դիրքն է ամրապնդում, Բաքվին էլՙ հնարավորություն տալիս իրականության հետ առերեսվելու: Դեկտեմբերի 8-ին Համբուրգում Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Պոպովի, Ուորլիքի, Վիսկոնտիի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրչիկի հետ: Այսօր ավարտվող խորհրդաժողովին մեր ամփոփ հայացքըՙ «Ազգի» հաջորդ համարում: Հ. Գ.- Գերմանացի մեր գործընկերներից մեկըՙ իր ազգին բնորոշ խիստ քննադատությամբ մեզ օգնեց վերջաբանի հարցում : Փոխանցեմ ՙ 7, 5 մետրանոց շքեղ կարմիր խաղալիքներով զարդարված տոնածառի տակ նվերներ էին դրված: Քաղաքական գործիչներից նրանք, որ թափահարում էին փաթեթները, նկատում էին, որ դրանք ընդամենը դատարկ տուփեր են, ինչպես համբուրգյան այս խորհրդաժողովը : Ու ավելացնեմ ՙ սիրենք ու ամուր կառչենք մեր հողին: Վերադա՛րձ Հայաստան: |