ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐՆ ԱՆՊԱՏԻԺ ԵՆ ՄՆՈՒՄ Հ. Ծ. Թուրքական ազգայնամոլական կուսակցության Ստամբուլի մասնաճյուղի նախագահ Բիլալ Գյուկչեյուրին ու Թուրան կազմակերպության նախագահ Էրկան Ուչարը ազատ են արձակվել անցյալ շաբաթվա դատավճռով, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթըՙ հենվելով «Ակօս» պարբերականի լրատվության վրա: Նրանց դեմ «Ակօս» թերթի խմբագրությունը քրեական գործ էր հարուցել այն բանից հետո, երբ ապրիլի 24-ին խմբագրության դռանը սեւ ծաղկեպսակ էր հայտնաբերել եւ հայտարարություն, որտեղ ասվում էր. «Մի գիշեր մենք այցելելու ենք ձեզ անսպասելիորեն»: Դատական նիստին, որը վճռել է, որ «հանցագործության տարրեր չկան», ներկա է գտնվել «Ակօս»ի խմբագիր Էդվարդ Տանձիկյանը, ով իր խոսքում նշել է, որ նման սպառնալիքներ տեղի էին ունեցել նաեւ Հրանդ Տինքի օրոք, եւ «բոլորս գիտենք, թե ինչ տեղի ունեցավ: Մենք այդ արարքը սպառնալիք համարեցինք»: Սակայն կասկածյալները պնդել են, որ իրենք պարզապես օգտվում էին բողոքելու իրենց իրավունքից: Դատական վճռին դեմ է արտահայտվել «Ակօս»ի փաստաբան Հական Բակերջիօղլուն : |