RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 09-12-2016



Տեղադրվել է` 2016-12-09 00:10:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 4262, Տպվել է` 276, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿԱՏԱԿԸ

Հ. ԱՖՅԱՆ

Անցած երեքշաբթի օրվանից հետո, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպեց որոշ լրատվամիջոցների ղեկավարների հետ, կառավարությունում մի անեկդոտ է շրջանառվում: Ում սենյակում ինչ ընկնում է, ենթադրենքՙ գրիչ, բաժակ կամ կահույքի անքակտելի մասը համարվողՙ Նժդեհի մասին գիրք, ընկածին կոչում են վարչապետի ռեյտինգ: Բանն այն է, որ հիշյալ հանդիպման ժամանակ վարչապետը հայտարարել է, որ երբ ինքը անդամակցեց ՀՀԿ-ին, իր ռեյտինգն ընկավ: Ճիշտ է, հաջորդ իսկ օրը ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ վարչապետն ուղղակի կատակել է: Ու հիմա շատ հետաքրքրական է այս խիստ կարեւոր հարցի պատասխանըՙ կատակե՞լ է վարչապետը, թե՞ ընկել է ռեյտինգը:

Կզարմանաք, բայց ավելի լավ կլիներՙ եթե վարչապետը կատակած լիներ: Նախ դա կնշանակի, որ Կարեն Կարապետյանը սուր հումոր ունի, ինչը լավ է յուրաքանչյուր վարչապետի համար եւ ոչ միայն վարչապետի: Բացի այդ եւ ամենակարեւորըՙ եթե վարչապետը լուրջ է ասել, որ ՀՀԿ դառնալը հարգված մարդկանց ռեյտինգը քցում է, ուրեմն բոլոր այն յոթահազարավոր մարդիկ, ովքեր որոշել են հանրապետական դառնալ, հուսախաբ կլինեն: Վարչապետի այս խոսքերից հետո նրանք կանգնելու են ընտրության առջեւՙ կա՛մ մնում են շատ խելացի, լավ կրթություն ստացած աղջիկներ ու տղաներՙ իրենց թաղում, շենքում, շրջապատում հարգված եւ սիրված, կա՛մ էլ դառնում են հանրապետական: Առաջ նման ընտրություն չկար, հիմա փաստորեն կա, եթե իհարկե վարչապետը լուրջ է ասել:

Ես անկեղծ ասած դժվարանում եմ ասել, թե 7000 հոգուց քանի՞սը կնախընտրեն հանրապետական դառնալըՙ այս ընտրության պարագայում, բայց վստահ եմ, որ 7000-ը առնվազն կկիսվի: Արդյունքում ՀՀԿ-ն կտուժի, քանի որ ավելի քիչ անդամներ կունենա, բայց դա ՀՀԿ-ի խնդիրն է: Իմ դարդը Հայաստանի քաղաքացիների հույսն է, ավելի ճիշտՙ հուսախաբությունը, այդ հույսերի մարումը: Տեսեք, մարդիկ հանրապետական են դառնում ոչ թե որովհետեւ ազգային-պահպանողական հայացքների կրող են, այլ քանի որ ցանկանում են ավելի լավ ապրել, ինչը անգամ Կանադայի հյուսիսում հնարավոր է միայն այն պարագայում, երբ փող ունես: Հետեւաբար, երբ մարդկանց կանգնեցնում ես սիրված-հարգված մնալու եւ ավելի շատ փող աշխատելու հնարավորություն ձեռք բերելու միջեւ եւ նրանց մի մասը ընտրում է սիրված-հարգված մնալը, մարում է այդ մի մասիՙ ավելի շատ փող ունենալու, ավելի լավ ապրելու հույսը: Ես կարող եմ ասելՙ միակ հույսը, բայց չեմ ցանկանում, որ դա այդպես լինի:

Այս համատեքստում ավելի լավ կլինի, եթե վարչապետը մեկ անգամ էլ հրավիրի լրատվամիջոցների ղեկավարներին, առանց կրոնական, ռասսայական, սեռական, քաղաքական խտրականություն ցուցաբերելու հրավիրյալների հարցում եւ պարզաբանի, որ ինքը կատակ է արել: Հենց իր ոճով, օրինակ այսպեսՙ կատա՞կ եմ արդյոք արել ես, երբ մեր նախորդ հանդիպմանը հայտարարեցի, որ ՀՀԿ դառնալուց հետո իմ ռեյտինգն ընկել է, այո, կատակ եմ արել: Սա կվերականգնի ՀՀ յոթհազարավոր մարդկանց հույսը առ այն, որ հնարավոր է Հայաստանում ե՛ւ սիրված-հարգված լինել, ե՛ւ շատ փող ունենալ ու հետեւաբարՙ լավ ապրել:

Հիմա այս երկուսի միջեւ ընտրություն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 09-12-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ