ԱՄԲՈԽԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Պ. Ք. Աշխարհի լրատվամիջոցները վերջին օրերին լայնորեն անդրադառնում են Իտալիայի սահմանադրության փոփոխման հանրաքվեին եւ Ավստրիայի նախագահական ընտրություններին, որոնք Լոնդոնի «Ֆայնենշըլ թայմս» թերթն անվանում է «ամբոխավարության փորձություն»: Ավստրիայում այդ փորձությունը հաջող անցավ. 72-ամյա անկախ թեկնածու Ալեքսանդր վան դեր Բելլենը հաղթեց Ազատության կուսակցության թեկնածու Նորբերտ Հոֆերին, որը քիչ էր մնում առաջին ծայրահեղ աջ նախագահը դառնար Եվրոմիության պատմության մեջ: Ավստրիայում նախագահն ունի լոկ մի քանի ձեւական լիազորություն: Սակայն այս անգամվա նախագահական ընտրությունները համարվում են «հակամարտության հերթական փուլը հետպատերազմյան ազատական ընդհանուր համաձայնության եւ ամբոխավարության հարաճուն ալիքի միջեւ, որը հանգեցրեց «Բրեքսիտին» եւ Դոնալդ Թրամփի հաղթանակին», պարզաբանում է թերթը: Ալեքսանդր վան դեր Բելլենը «կանաչների» կուսակցության նախկին առաջնորդն է: ԵՄ-ում «կանաչներն» ավանդաբար հանդես են գալիս գերազատականության եւ հակառուսական դիրքերից: Չնայած ծայրահեղ աջ Ազատության կուսակցության թեկնածու Նորբերտ Հոֆերի պարտությանը, նախագահական ընտրություններին նրա մասնակցությունը զգալիորեն բարձրացրեց ներգաղթի դեմ հանդես եկող իր կուսակցության վարկանիշը, եւ 2018-ի խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը կարող է ամրապնդել դիրքերը, կարծում է քաղաքագետ, ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի Գերմանական հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Կամկինը: Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը Ալեքսանդր վան դեր Բելլենի հաղթանակն անվանել է «ամբոխավարության նկատմամբ ողջամտության հաղթանակ» եւ «հսկայական թեթեւացում ամբողջ Եվրոպայի համար»: Eurasia Group խորհրդատվական ընկերության կառավարիչ տնօրեն Մուջթաբա Ռահմանը «Ֆայնենշըլ թայմսին» տված հարցազրույցում նշել է, որ այժմ ԵՄ-ում կառավարող ուժերը ստացել են դիրքերը հետ գրավելու հնարավորություն: «Ա-վան դեր Բելլենի հաղթանակը կդանդաղեցնի եվրոպական ամբոխավարական երթի տեմպը եւ հույս կտա կենտրոնամետ ուժերին», ասել է նա: «Եվրոպան եւ իր քրքրված քաղաքական մարմնավորում ԵՄ-ը տարկետում ստացան, սակայն, ըստ երեւույթին, կարճ ժամանակով», արձանագրում է «Գարդիան» թերթը: Ամբոխավարության հաջորդ փորձությունը կլինեն 2017-ի գարնանը Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրությունները, որտեղ երկրորդ փուլ անցնելու բոլոր հնարավորություններն ունի ծայրահեղ աջ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը: «Ընտրողներին արմատականների կողմը տանող գործոններից ոչ մեկը չի անհետացել, եւ երկրներից ոչ մեկի կառավարությունը չի կարողանա միայնակ հաղթահարել Եվրոպայի խնդիրները», գրում է բրիտանական «Թայմս» թերթը: Դեկտեմբերի 4-ին մեկ ուրիշ փորձություն դարձավ Իտալիայի իշխանությունների առաջարկած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որի ընթացքում ժողովուրդը մերժեց դրանք, եւ վարչապետ Մատտեո Ռենցին հրաժարական տվեց: Վարչապետը մասնավորապես առաջարկել էր էականորեն կրճատել սենատորների թիվը եւ վերացնել «ցմահ սենատոր» կոչումը: Քաղաքական համակարգի փոխակերպումը երկրին հնարավորություն կտար տարեկան տնտեսել կես միլիարդ եվրո: Սակայն իտալացիները մերժեցին սահմանադրական փոփոխությունները, անսալով «Հինգ աստղ» շարժման առաջնորդ, նախկին կատակերգու եւ համոզված եվրոհոռետես Բեպպե Գրիլլոյի կոչերին: «Հիմա «Հինգ աստղը» իշխանությանը հավակնելու բոլոր հնարավորություններն ունի», գրում է «Դեյլի թելեգրաֆ» թերթը, ընդգծելով, որ իտալացիների դժգոհության գլխավոր պատճառը ներկայիս տնտեսական լճացումն է: |