RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 09-12-2016



Տեղադրվել է` 2016-12-09 00:10:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 6090, Տպվել է` 470, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՐՁՅԱԼ ՍԿՍՈՒՄ Է ԱՎԵԼԱՆԱԼ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Որպես ազգ եւ պետություն գիտակցո՞ւմ ենք թշնամու զարգացմանն օգնելու վտանգավորությունը

2015-ին թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան կտրուկ նվազեց: Պատճառներից մեկը Հայաստանում սպառման ծավալների ընդհանուր նվազումն էր, հետեւաբար եւ թուրքական ապրանքների սպառման ծավալները նվազեցին: Մյուսըՙ Թուրքիայում ներքաղաքական լարվածությունն, այդ երկրի ներգրավվածությունը ներքին եւ արտաքին պատերազմական գործողություններին, ահաբեկչությունները այդ երկրում: Սակայն, եթե նկատի ունենանք, որ Հայաստանում սպառման ծավալները (մանրածախ առեւտրի) անցյալ տարի նվազեցին 8 տոկոսով, իսկ թուրքական ներմուծումըՙ 41 տոկոսովՙ 2014-ի 232 մլն դոլարից իջնելով մինչեւ 137 մլն դոլարի, ապա պատճառները միայն քաղաքականը կամ տնտեսականը չէին:

Բարեբախտաբար, մեր հայրենակիցներից շատերը սկսեցին գիտակցել, որ թուրքական ապրանքներ գնելը ոչ տնտեսական, ոչ քաղաքական, ոչ էլ այլ գործոններով չի կարելի պայմանավորվել, որ դա արժանապատվության եւ ազգային անվտանգության հարց է, եւ հրաժարվեցին դրանք գնելուց: Հավանաբար, այս մտայնության ամրապնդման եւ տարածման համար կատալիզատորի դեր խաղաց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը:

Այն, որ թուրքական ապրանքներից հրաժարվելը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար պետք է միանգամայն գործնական քայլ համարվի, բազմիցս ենք գրել: Ցեղասպանություն, հարյուրամյակների դաժան լուծ, հայերի եւ հայկականի ոչնչացման քաղաքականություն: Ահա՛ այդ պետության իրական դեմքը, որին պատասխանելու մեր տարբերակներից մեկը պետք է լինի նրանց տնտեսության մեջ մեր կողմից ներդրումներ չկատարելը, ինչը, սակայն, տեղի է ունենում, երբ մենք գնում ենք թուրքական արտադրանքը:

Ազգային անվտանգության տեսանկյունից հարցը նույնպես այժմեական է: Թուրքիան շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը, բացահայտ եւ թաքուն աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանինՙ մեր դեմ մղվող պատերազմում, միջազգային հարթակներում մշտապես հանդես է գալիս Հայաստանի դեմ: Հետեւաբար, մենք, առնվազն մեր չափով, պետք է հրաժարվենք օգնել նրան այդ հարցում, չնմանվելով հիմարների կամ ինքնասպանների:

Եվ վերջապես, տնտեսական առումով երբեմն հնչող մոտեցումների առթիվ հարկ ենք համարում ընդգծել, որ բոլոր թուրքական ապրանքներին համարժեքՙ այլ երկրների արտադրության ապրանքներ հայկական շուկայում կան, թուրքական ապրանքները անփոխարինելի չեն, եթե անգամ դրանց տեղական համարժեքները չկան: Հետեւաբար, պատճառաբանությունը, թե «բա ի՞նչ առնենք», ոչ մի կերպ արդարացված չէ եւ ավելի շուտ ինքնարդարացման փորձ է:

Այդուհանդերձ, այս տարվաՙ 2016-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին թուրքական ներմուծումը կրկին ավելացել է, կազմելով 125 մլն դոլարՙ անցած տարվա նույն ժամանակահատվածի 110 մլն դոլարի դիմաց: Հավանական է, որ տարեկան ցուցանիշով այն կազմի մոտ 150 մլն դոլար: Այսինքն, ուղիղ այդքանով մենք խրախուսում ենք թուրքական արդյունաբերությանը, տնտեսությանը, պետությանն ընդհանրապես եւ այդքանից հետո չքմեղանում, որ մեզանից ոչինչ կախված չէ:

Ցավոք, այս հարցի նկատմամբ բացակայում է նաեւ պետական մոտեցումը: Մինչդեռ, թշնամական երկրի հանդեպ պետությունը պետք է որոշակի ռազմավարություն ունենա, որի մեջ ներառված լինի նաեւ նրա ազդեցություններին դիմակայելը, չխոսելով արդեն նրա զարգացմանը նպաստելուն դեմ նախատեսված միջոցառումների մասին: Ի վերջո, որպես ազգ եւ պետություն երբեւէ հասկանալո՞ւ ենք այս ամենը ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 09-12-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ