ԻՐԱՔԻ «ՀԱՎՐԵՍՔ» ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԸ ԻՊ-Ի ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ԴԵՄ ՄԱՐՏԵՐՈՒՄ ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք Անցյալ տարվա գարնանը ամերիկացի կինովավերագրող Դեյվիդ Ռիթթերը եւ լուսանկարիչ, սցենարիստ Ջեֆ Գարդները մեկնել էին Իրաք ֆիլմ նկարելու «Իսլամական պետության» ահաբեկիչների վայրագություններից տուժած Իրաքի քրիստոնյաների մասին: Որոնումները նրանց բերել են Դոհուկ - Մոսուլ ճանապարհի մատույցներում գտնվող հայկական Հավրեսք գյուղ, ուր հայերը ապաստան են տվել Սինջարից, Մոսուլից փախած ասորիների, եզդիների եւ քրիստոնյա այլազգի ընտանիքներին: Գյուղի անվտանգությունը ԻՊ-ի հարձակումներից ապահովում են հայ մարտիկների խումբը Իրաքի փեշմերգա քուրդ զինյալների հետ միասին: Ֆիլմի հեղինակները ծանոթացել են հայ պաշտպանական խմբի առաջնորդ, Իրաքի բանակի նախկին հրամանատարՙ Մուրադ Վարդանյանի հետ, որին նվիրված «Հավրեսք» վավերագրական ֆիլմի ցուցադրությունն օրեր առաջ կայացավ Նյու Յորքի «Սուրբ Լուսավորիչ» հայկական եկեղեցում: Դիտումից առաջ Դեյվիդ Ռիթթերը ներկաներին պատմեց ֆիլմի ստեղծման հիմնական նպատակի մասին, որն էՙ Մ. Նահանգներում ահազանգել Իրաքում եւ ողջ տարածաշրջանում քրիստոնյա բնակչության դեմ իրագործված ցեղասպանության, ինչպես նաեւՙ տեղեկացնել ամերիկահայ համայնքին ԻՊ-ի դեմ կռվող իրաքահայերի խնդիրների մասին: Նրա խոսքերով, նկարահանող խումբը չէր ակնկալում որ այդ անհանգիստ վայրերում հայերի կհանդիպի: Նա հիացմունքով խոսեց Մուրադ Վարդանյանի եւ իր մարտիկների մասին ու բազմիցս լսարանի համար արտաբերեց Մուրադի ասած խոսքերը. «Ապրելՙ առյուծի պես, մեռնելՙ առյուծի պես»: Էրբիլ, Քիրքուկ, Դոհուկ, Զախո, Ավզրուկ, Իսկենդեր... այս անունները Իրաքի Քուրդիստանի հայաբնակ գյուղերինն են, ուր համաձայն երկու տարի առաջ եղած տվյալներիՙ ապրել է մոտ 20 հազար հայ: Այս պահին հայերի ճշգրիտ վիճակագրության մասին խոսք լինել չի կարող, սակայն նշված թիվը շատ ավելի նվազել է դեպի Հայաստան, Եվրոպա, Կանադա իրաքահայերի ներգաղթի պատճառով: Հայկական գյուղերի կենտրոնը Հավրեսքն է, ինչն ըստ տեղի հայության բարբառի նշանակում էՙ խիզախ, ըմբոստ: Հիմնականում քրդախոս են, սակայն պահպանում են հայկական եկեղեցու եւ կենցաղի բոլոր ծեսերն ու ավանդույթները, գյուղում գործում է հայկական եկեղեցի: Նրանք եղեռնապուրծ հայերի ժառանգներ են, հիմնականումՙ վանեցիների, որոնք անցնելով բռնագաղթի ողջ արհավիրքներով, հասել են Բաղդադ, ապրել ամերիկյան բարեսիրական կազմակերպությունների հիմնած վրանային ճամբարում: Շատերն այնտեղից հետագայում տեղափոխել են Սիրիա եւ Հայաստան, իսկ որոշ ընտանիքներ բնակություն են հաստատել Բաղդադում: Հավրեսքը հիմնվել է 1928-ին, այն գրեթե ավերակներից վերաշինվել է 2006թ-ին, երբ ամերիկյան ներխուժումից հետո Բաղդադից ու Մոսուլից այստեղ են տեղափոխվել իրաքահայերի հոծ խմբեր: Ֆիլմում անգլերենով Մուրադ Վարդանյանը պատմում է իր ղեկավարած հայ ինքնապաշտպանական խմբի մասին: «Զենքերը հիմնականում ինքնաշեն են, շատերն առգրավված, կալաշնիկովի դարի հրացանները դարձնում ենք դիպուկահար զենք, - պատմում է մեկ անգամ արդեն ԻՊ-ի գնդակից վիրավորված հրամանատարը, - մենք կդիմանանք, միայն ուշադրություն է պետք, որ մոռացված ու օտարված չզգանք մեզ»: Էկրանին երեւացող հրամանատարն, ասես, դարերից հառնող հայ հայդուկապետի, նրա ապառաժ կամքի մարմնացումը լինի, ով այնտեղ, Աստծուց մոռացված Իրաքի Հավրեսք գյուղում, իսլամիստ մարդասպանների երախից կրկին ելել է փրկելու իր տունն ու հավատքը: Ֆիլմի ցուցադրությունը շարունակվելու է Նյու Յորքի հայկական հաստատություններում, որից ստացված դրամահավաքը փոխանցվելու է Հավրեսքի պաշտպանության եւ իրաքահայերի կարիքները հոգալուն, սակայն առաջին հերթինՙ Իրաքում ԻՊ-ի դեմ կռվող մեր հայրենակիցներին պետք է Հայաստանի պետական պատկան կառույցների ուշադրությունն ու օժանդակությունը դեպ իրենց: Ավելացնենք, որ ԻՊ-ի դեմ ամերիկյան կոալիցիայի ձեռնարկած Մոսուլի ազատագրման գործողությունը իր հեռանկարում ունի Իրաքի ֆեդերալիզացումը, ինչը այդ երկրի Սահմանադրությունը թույլ է տալիս: Արդյունքում ստեղծվելու է Ասորական Նինվեյի ինքնավար մարզը, որպես Իրաքի քրիստոնյաներիՙ ասորիների, հայերի, խալդերի եւ եզդիների համատեղ բնակավայր: Այս մասին խոսք գնաց օգոստոսին Վաշինգտոնում կայացած «Պահպանել Միջին Արեւելքի քրիստոնյաներին» խորագիրը կրող եռօրյա համաժողովում: Թե քրիստոնյաների անկլավի ստեղծումը Մոսուլի արեւելքում, ինչպե՞ս կհամատեղվի այսօր Քուրդիստան համարվող այդ տարածքի վերաձեւման հետ եւ ի՞նչ հետեւանքներ կունենա, թողնենք ոչ շատ հեռու ապագայի տնօրինությանը: Նկար 1. Անվեհեր հայ մարտիկները պաշտպանում են իրենց տունն ու ընտանիքը եւ մեր բոլորի արժանապատվությունը: Ձախից երկրորդը` հրամանատար Մուրադ Վարդանյան: |