RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 09-12-2016



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2016-12-09 00:10:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 4559, Տպվել է` 298, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԵՌՈՒ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մի անգամ Վիլյամ Սարոյանը զանգահարում է London World թերթի խմբագրություն: Հեռախոսը վերցնում է այնտեղ աշխատող Ջորջ Բեռնարդ Շոուն: Սարոյանը, ով այդ ժամանակ արդեն բավականին հայտնի էր, առանց իմանալու, թե ում հետ է խոսում, բնականաբար անգլերենով ներկայանում էՙ «Ես Ուիլյամ Սըրոյընն եմ»: Շոուն պատասխանում էՙ «Գիտեք, ես Բեռնարդ Շոուն եմ, բայց դուք ոչ թե Ուիլյամ Սըրոյընն եք, այլ Ուիլյամ Սա-րո-յա՛նը, քանի որ դուք հայ եք, իսկ ձեր անունը, հայերեն արտասանելիս, չի կարող հնչելՙ Սըրոյըն»: Թե ի՞նչ են հետո խոսում Շոուն եւ Սարոյանը, ինչո՞ւ էր Սարոյանը զանգահարել այդ թերթի խմբագրությունՙ կարեւոր չէ, համենայնդեպս պատմությունն այս մասին լռում է, կարեւորն այստեղ անգամ այն չէ, որ 1925-ին գրականության Նոբելյան մրցանակ ստացած աշխարհահռչակ Շոուն գիտեր հայերին, գիտեր, որ մեզանից մեկը Սարոյանն է, գիտեր, թե ինչպես հայերեն ճիշտ կլինի արտասանել Սարոյան անունը, այլ կարեւորն այն է, որ Ուիլյամ Սարոյանը ներկայացել է Սըրոյըն :

Հետո, իհարկե, Սարոյանը կասի, որ իմ անունն Արամ է, որ իմ սիրտը լեռներում է, կխոսի եւ լավ կխոսի հայի մասին, կգա Հայաստան, կերազի իր ծննդավայր Բիթլիսի մասին, կհանդիպի Վիկտոր Համբարձումյանի եւ էլի շատ-շատերի հետ, դժվարությամբ, բայց կխոսի հայերեն, բայց դա հետո, երբ այն տարիքում ես, երբ սկսում ես հիշել ու բնականաբար սկսում ես ամենասկզբից:

Մեր պատմության ամենասկիզբը չգիտեմ էլ ով է դրել: Մի ժամանակ լեգենդար Հայկական ռադիոն ասում էր, որ Թումանյանի Գիքորն է դրել, քանի որ հենց նա էր հայ իրականության առաջին պանդուխտը, բայց Գիքորիՙ առաջին հայ պանդուխտը լինելը ապացուցված փաստ չէ: Ու ես անկեղծ ասած չգիտեմ, թե ո՞րն է ավելի ցավալի, այն որ ցեղասպանություն ենք ապրել եւ ստիպված, հարկադրաբար արտագաղթե՞լ ենք, թե՞ այն, որ արտագաղթել ենք եւ ամենեւին էլ ոչ ստիպված, հարկադրաբար, նախքան ցեղասպանությունը նաեւ: Արտագաղթել ենք միշտ, բայց բուն արտագաղթը ցավի կեսն է, գուցե հիմքը, բայց ամբողջ ցավը չէ: Այն սկսում է ամբողջանալ արդեն այնտեղՙ արտագաղթած վայրում, երբ Սամվելները Սեմ են դառնում, Միքայելներըՙ Մայքլ, Հովհաննեսներըՙ Վանյա, Մկրտիչներըՙ Մակար, Սարոյաններն էլՙ Սըրոյըն: Անուն փոխելն էլ, թեկուզ միայն դրա արտասանության ձեւով, հո միայն անուն փոխել չէ՞. անուն փոխելիս ամեն ինչդ է փոխվում, ամեն դեպքում անունդ փոխում ես, որպեսզի ամեն ինչդ փոխվի, անվանափոխությամբ հենց դա ես ցանկանում: Ու լրացնում ես ցավը: Նոր անունով իհարկե մտնում ես այն 7, 8, կամ 13 միլիոնի մեջ, որ ասում են, թե իբր այդքան հայ կա աշխարհում, գուցե նաեւ 20, 200, անգամ 2000 դոլար ես նվիրաբերում «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ու ուղիղ եթերում մի երկու զիլ խոսք ասումՙ համայն հայությանը, բայց թարգմանչի միջոցով, երբեմն անգամ մտերիմներիդ հետ, հոդվածներիդ մեջ, վեպ-վիպակներումդ, եւ մանավանդ երգ-ոտանավորներիդ մեջ խոսում ես այս ազգային ցավիցՙ հանգավորելով այն, բայց չես հասկանում, որ ինքդ ցավեցնում ես: Ոչ թե չգալովդ, դա քո գործն է, այլ դառնալովդՙ ամերիկացի, կամ ռուս, կամ ֆրանսիացի... Հետո սկսում եք խորհուրդներըՙ «մեր Ամերիկայիցՙ ձեր Հայաստանին»: Իրավունք ունե՞ք, իհարկե ունեք, ինչպես բոլոր ամերիկացիները, ֆրանսիացիները եւ ռուսները իրավունք ունեն խորհուրդ տալու Հայաստանին, օրինակՙ թե ինչպես անենք, որ ավելի լավ լինի: Ավելին, Հայաստանին խորհուրդ տալու իրավունք ունեք, բայց Հայաստան փող ուղարկելու պարտավորություն չունեք, կապ չունի, թե Հայաստանին փողն ինչի համար է պետք: Հայրենասեր եք, շատերդ ազնիվ եք, կամ հակառակըՙ շատերդ եք հայրենասեր եւ ազնիվ եք բոլորդ, բայց այդ դուք չէի՞ք, որ պահանջում էիք ընդլայնել Սան Ֆրանցիսկոյի Էմբարկադերո փողոցի բնակելի հատվածն ի հաշիվ նավահանգստի եւ այս կապակցությամբ ձեր ընտրած սենատորին անգամ պաշտոնական նամակ էիք հղում, կամ այդ դուք չէի՞ք, որ Մոսկվայի Կապոտնյա թաղամասում պայքարում էիք հին գործարանը չքանդելու համար, քանի որ այդ գործարանի սենյակները ապօրինաբար վարձով էիք տալիս ուզբեկներին, այդ դուք չէի՞ք, որ Փարիզի Սեն Դընի արվարձանում հիմնեցիք ձեր առաջին բրենդային խանութը, եւ այն անվանեցիք ձերՙ Սասունցի պապիՙ Պետրոսի անունովՙ «Պիեր», կամ այդ դուք չէի՞ք, որ «զոհվում էիք» Կիեւի Մայդանումՙ «Ազատություն Ուկրաինային» բղավելով...Դուք էիք: Ու հիմա եկել եք եւ «Արդարություն Հայաստանին» նախաձեռնության շրջանակներում ի՞նչ եք խորհուրդ տալիս, ո՞ւմ, այստեղ մնացածների՞ս, մե՞զ, իրավունք ունեք, բայց չեք կարող, չեք կարող, քանի որ մեզ չեք ճանաչում եւ չգիտեք, թե ինչպես են օրորվում Երեւանի գազանանոցի ճանապարհի բարձր ծառերը, երբ ամեն երեկո այդ ճանապարհով եւ դատարկ գրպանով տուն է գնում փոքրիկ Սաթենի երիտասարդ, բայց ծերացած հայրը, որը հա՛մ իշխանությունից է զզվել, հա՛մ ընդդիմությունից: Սա չգիտեք, բայց ասում եք, որ սփյուռքահայերը պետք է որպես դիտորդ ժամանեն գալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Դե հա, որպես ընտրող հո չե՞ն ժամանելու, որպես դիտորդ ժամանելու համար կարիք չկա ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել, կարող ես ե՛ւ դիտորդ լինել, ե՛ւ Կանադայի քաղաքացի, այսինքն ե՛ւ լավ ապրես, ե՛ւ խորհուրդ տաս: Ինչպես, օրինակ, «Արդարություն Հայաստանին» նախաձեռնության անդամներ Արսինե Խանջյանը, Սերժ Թանգյանը, Ատոմ Էգոյանը, այլք... Թվով 25, ինչպես ասում ենՙ ճանաչված սփյուռքահայեր: Կասեք նրանք բոլորն էլ վաստակե՞լ են խորհուրդ տալու իրավունք եւ կարո՞ղ են խորհուրդ տալ: Իհարկե վաստակել են, սակայն չեն կարող, որքան էլ Արարատ նկարահանեն, որքան էլ Արագիլ երգեն... Չեն կարող, քանի որ եթե անգամ այդ խորհուրդներով ապրենք ու Հայաստանը դարձնենք երազանքի երկիր, իրենք չեն գալու, ոչ թե որովհետեւ այնտեղ ավելի լավ է լինելու, այլ քանի որ իրենցն այլեւս եւ վաղուց այնտեղն է: Չեն կարող, քանի որ չեն ճանաչում, չգիտեն, չեն զգում այստեղը եւ այստեղ մնացածներիս, միայն դիտում են, միայն դիտորդ ենՙ իրենց ընտրությունը վաղուց կատարած:

Բայց որպեսզի շատ չնեղանաք, ի դեպ, մենք էլ նեղացած չենք, չնայած այս պատմության մեջ նեղանալու ավելի մեծ հիմքեր մենք ունենք, մի բան ասեմ. Հայաստանում մարդիկ կան, ովքեր իրավունք չունեն մեզ խորհուրդ տալու, քանի որ շատ են հեռու գնացել մերՙ իրենցը դարձած փողերով, բայց դուք ունեք, չնայած շատ եք հեռու գնացելՙ մեր եւ ձեր հայրենիքից: Դա հայրենիքը սիրելու միակ ձեւն է, դա հայրենիքը սիրելու միա՞կ ձեւն է...

Ցավը, այ, հիմա՛ ամբողջացավ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 09-12-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ