RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 09-12-2016



Տեղադրվել է` 2016-12-09 00:10:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 6101, Տպվել է` 467, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԻ ՍԵՐՆԴԻ ԿՈՐԱԾ ԿՅԱՆՔ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Նախկին Լենինականի Անտառավան թաղամասում, որտեղ տասը-տասնմեկ տարեկանից մեծացել եմ ես, ավերիչ երկրաշարժից համարյա երեք տասնամյակ հետո էլ տխուր ուրվականի պես կանգնած է կիսաքանդ մի շենքիՙ «Շիրակ» հյուրանոցի տակավին չհանձնվող ավերակը: Ավելի ճիշտՙ դրանից այսօր մնացած ցածր հարկերի մաշված բետոնակմախքը: Երբ աղետից իբր վթարված, իսկ ինչպես կյանքը ցույց տվեցՙ լավ էլ ամուր կառուցված այս բազմահարկը տարիներ առաջ սկսում էին քանդել, ինձ թվում էրՙ իմ պատանեկությունն ու երիտասարդությունն են անխղճորեն քանդում: Ու գուցե նաեւ այդ պատճառով այսքան տարիների ընթացքում ոչ կարողացել են լրիվ քանդել, ոչ էլ մնացած որոշ հարկեր ամրացնելով մի բան կառուցել:

Հյուրանոցի դանդաղ անհետացող շենքի կողքին նախկին Աստղի, այժմ Շառլ Ազնավուրի հրապարակն էՙ մեր թաղի հասարակական կենտրոնը, դիմացըՙ Բարեկամության երբեմնի զբոսայգու բզկտված, անհրապույր մնացորդները: Հին, բարի ժամանակներում մեր բնակելի շենքի կողքով ձգվող այգին իր հովասուն անկյուններով, ծառուղիներով ու բուրավետ ծաղկամարգերով, «սատանի անիվ» կոչվող բարձրապտույտ կարուսելով, իր համեստ սրճարանով ու ամառային երեկոներին սփռվող հանդարտ, հաճելի երաժշտությամբ հանգստի, խաղերի ու զբոսանքի սիրված վայր էր ոչ միայն թաղեցի մեծ ու փոքրի, մանկապարտեզի երեխաների խմբերի, այլ նաեւ քաղաքի երիտասարդների, ընտանիքներով այստեղ եկող մարդկանց համար: Այգին դեկտեմբերյան արհավիրքից հետո շատ բնակիչների տնակներին տեղ տվեց, պատսպարեց, ապա ցուրտ ու մութ տարիներին մարդկանց նաեւ մի քիչ տաքացրեց, ցրտահարվելուց փրկեց իր ծառերի հաշվին: Իսկ ինքը մաշվեց, մաշվեց...

Երբ անթեղ կարոտի կանչով տարին մեկ-երկու անգամ գնում կանգնում եմ իր կողքի ինձ հիշող մայթին ու դիմացը հայացքով փնտրում -չեմ գտնում մեր ապրած շենքը, երկրորդ հարկի մեր զույգ պատուհաններն ու հարազատներիս սիրելի դեմքերը, որբացած սրտով ուզում եմ մտնել, փարվել հարազատ այգուն... բայց այն այգին չկա, այսօրվա այդ անմարդ թփուտներում շատ-շատՙ դեմ առնեմ թափառող շների զայրույթին:

Տունդ քանդվեր, երկրաշարժ, որ մեր տունը քանդեցիր: Իմ հայրական տուն-օջախը չկա: Գյուղում պապիս տունն էլ չկա... Աղետից մեկ տարի առաջ ստացած իմ տունն էլ (երիտասարդ ընտանիք էի, երեք մանկահասակ երեխաներով) եղավ ու չեղավ: Դուք չգիտեք դա ինչ էՙ այսպես քո արմատից կտրված, դաշտագլոր... ու մաղթում եմ, որ չիմանաք երբեք:

Չկան այն ժամանակ մեր փողոցով անցնող տրոլեյբուսի գծերը, մեր շենքի դիմաց գտնվող էլեկտրատեխնիկական գործարանը: Կինո «Հայաստանը» մեր հրապարակում, թեպետ շենքի ճակատային մասը որպես կենդանի մեռյալ դեռ կա: Ուրիշ շատ բաներ: Քո հին թաղով անցնում եսՙ ծանոթ մարդու էլ համարյա չես հանդիպում: Ցրվել, գնացել են ուր ասես... Մեր թաղը չկա: Ընդերքի ցնցումներին մեծ մասամբ դիմացած, բայց հետո իբրեւ վթարայիններ պայթեցված-քանդված չորս-հինգ հարկանի ինչքա՜ն բնակելի շենքերով, բակերով, ենթակառույցներով: Մանուշյան ու ինձ հարազատ Կոշտոյանց զուգահեռ փողոցների միջեւ ընկած, կանոնավոր հատակագծով մեր երբեմնի խիտ բնակեցված, մեղվաջան կյանքով բաբախուն թաղամասի տեղում այսօր հիմնականում տնակային փակ գոտիներով, վայրաճ ծառ ու թփերով, նաեւ կետային կառուցումներով խճողված ինքնամփոփ, անհասկանալի մի մեծատարածք է քաղաքի կենտրոնից ոչ այնքան հեռու:

Իսկ նոր կառուցված (ու նաեւ թերակառույց մնացած) թաղամասերը քաղաքից դուրս են, ոչնչացված երբեմնի ընտիր սեւահող-վարելահողերի տեղում: Անցած տարիների ընթացքում բուն քաղաքում տնակներից նաեւ ստիպողաբար ազատված ամբողջ տարածքներ էլ, եզակի բացառություններով, վերականգնողական կառուցապատման փոխարեն քաղաքի հայրերի ձեռքով վաճառվել են մասնավոր փողատերերին, պատվել ամեն տեսակ առեւտրային «օբյեկտներով»:

Գյումրու «Շիրակ կենտրոն» կազմակերպության էլեկտրոնային կայքէջում մի 3-4 տարի առաջ պատմվում էր քաղաքի կենտրոնական մասի տնակային ավաններից մեկում իր երկու անչափահաս աղջիկների հետ բնակվող միայնակ մոր մասին, որի երեխաները տնակում են ծնվել: Կինն ինքը երկրորդ դասարանում է եղել, երբ տնակ են եկել, իսկ հիմա իր երեխաներից մեծն արդեն իններորդ դասարանում էր... Նման շատ անօթեւան ընտանիքներ ի վերջո բնակարան են ստացել, ուրախացել, բայց այն ամենը, ինչ նրանք այս բոլոր տարիների ընթացքում տեսել-ապրել են, խոր հետք է թողել ու դեռ թողնելու է նրանց կյանքում, ճակատագրում: Նաեւ իմ ու իմ բոլոր նույնիսկ այն համաքաղաքացիների կյանքում, որոնք աղետից բնակարան չեն կորցրել: Երկրաշարժի դժոխքից ու մարդկային թանկ կորուստներից հետո դա քաղաքիս դեռ մնացող տնտեսական ներուժի հանցավոր ոչնչացումն էր ու ապագայի տեսլականի բացակայությունը, մեզ արդեն շատ երկար ուղեկից գործազրկությունը, աղքատությունն ու խեղճությունը, աշխատանքային պանդխտությունն ու շատ ընտանիքների տեւական երկփեղկվածությունը, գնալով ահագնացող արտագաղթի ցավը, ուրիշ շատ բաներ... Այս պայմաններում ամբողջ երկրին հատուկ դժվարություններն էլ այստեղ առավել ցավոտ են անդրադառնում: Որովհետեւ, ի համեմատություն ասենք, երբ մարմնին հարվածում ենՙ ցավում է, իսկ երբ վերքին են հարվածումՙ արյունահոսում է:

Ծննդավայրիս այս անցած 28 տարին մի սերնդի չապրած, կորսված կյանք է: Թող ինձ ներեն այս տողերն ընթերցողները, որ այսօրՙ դեկտեմբերի 7-ի օրով չկարողացա հանգիստ վերլուծություն կատարել ու ներկայացնել այն ամենը, ինչ կար ու կուտակվել էր իմ գրառումներում: Հուսամՙ հետո կանեմ:

Իսկ հիմա փակում եմ աչքերս ու փակ աչքերով տեսնում եմ մեր թաղը, մեր փողոցըՙ նորից վեր հառնած ու նախկին աշխույժով լցված շենքերով, աշխատող գործարանով, անցնող տրոլեյբուսով, վերականգնված խնամված այգում պտտվող բարձր կարուսելով ու այգին լցրած մանուկների ծիծաղով: Այնտեղ շրջող, իրենց հանգիստը վայելող ահել-ջահելով: Ուզում եմ բացել աչքերս ու այդ ամենը մի օր տեսնել բաց աչքերով...

Մի՞թե շատ բան եմ ուզում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 09-12-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ