RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 20-01-2017



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2017-01-19 23:12:37 (GMT +04:00)

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՙ ԱՅՍՕՐՎԱՆԻՑ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Այն պահից սկսյալ, երբ ամերիկյան սեւամորթների իկոնային դեմք, մարդկային իրավունքների պաշտպան, ժամանակին Մարտին Լուտեր Քինգի ամենամոտիկ զինակից, սենատոր Ջոն Լյուիսը Դոնալդ Թրամփի ընտրությունը որակեց «ոչ լեգիտիմ» եւ հայտարարեց այսօր կայանալիք երդմնակալության արարողությունը բոյկոտելու մասին, փաստորեն տրվեց ազդանշանը ընտրյալ նախագահի դեմ ձեւավորված ընդդիմության ինստիտուտացման: Երդմնակալությանը չեն մասնակցելու, հետեւելով Ջոն Լուիսի օրինակին, ավելի քան 30 սենատորներ, իսկ այսօր եւ շաբաթ օրը ամերիկյան բոլոր մեծ քաղաքներում տեղի են ունենալու կանանց բողոքի երթեր, որոնց կարող են հետեւել- շարքային ամերիկացիների սարսափ- սեւամորթների ընդվզումներ, որոնք վերհիշեցնելու են 60-թվականները:

Ներկա պահին Թրամփը վայելում է ամերիկացիների ընդամենը 40 տոկոսի համակրանքը, որը Այզենաուերի ընտրությունից հետո ամենացածրն է եւ ավելի քան երկու անգամ ցածր, քան Բարաք Օբամայի ցուցանիշըՙ առաջին երդմնակալության ժամանակ: Մինչդեռ Թրամփը ընտրվել է ընտրիչների ձայների 67 տոկոսով:

Պատճառը կամ պատճառներըՙ առաջին հերթին ամերիկյան մամուլի առաջատար շատ օրգանների, գլխավորությամբ CNN-ի, անդուլ եւ անողոք քննադատությունն է Թրամփի դեմ, հատկապես օգտագործելով նրա օգտին եւ նրա մրցակից Հիլարի Քլինթոնի դեմ ռուսական կիպերհարձակումների փաստը, որը անընդհատ ժխտում է Կրեմլը, մինչ ռուս հասարակ մարդուն ազգային սնապարծության առիթ է տալիս այդ նույն փաստը, որը ի վերջո ընդունեց նաեւ Թրամփը, միայն հավելելով, որ Չինաստանն ու «այլ երկրներ» էլ մասնակցել են ցանցահենություններին...

Իրոք, չի կարելի ժխտել կիպերհանցագործության փաստը: Սակայն կարծում եմ, որ այս պարագայում գերագնահատվում եւ գերաշեշտադրվում է ռուսական կիպերմիջամտության իրողությունը հակաթրամփյան ատելություն ստեղծելու եւ, մյուս կողմից, Սառը պատերազմի օրերը հիշեցնող հակառուսական մտասեւեռումներ վերարթնացնելու միտումով: Մինչդեռ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հատկապես մեծ պետությունները միմյանց լրտեսում են անընդհատ եւ գաղտնազերծած տվյալներն օգտագործում են բոլոր միջոցներով: Երեւի նման պարագաների համար է ասվածՙ «Դուռ-լուսամուտներդ լավ փակիր, եւ հարեւանիդ գող մի հանիր»: Ամերիկացիները պետք է լավ հիշեն, եթե երբեւիցե հետաքրքրվել են, որ իրենց համապատասխան ծառայությունները դեռեւս անցյալ գարնան տեւականորեն գաղտնալսման տակ էին վերցրել իրենց դաշնակից Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բջջային հեռախոսը...

Համենայնդեպս, Դոնալդ Թրամփի հակառակորդ ընդդիմադիրները միայն Մ. Նահանգներում չեն: Եվրոպական մի շարք երկրներ, գլխավորությամբ Ֆրանսիայի եւ մասնավորաբար Գերմանիայի, խիստ դժգոհ են նրա կտրուկ, պայթուցիկ հայտարարություններիցՙ ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի ճակատագրին, Եվրոմիության գոյության նպատակահարմարությանըՙ գովերգելով Brexit-ը, ինչպես նաեւ փախստականների ընդունման քաղաքականությանը: Թրամփը օրերս չխորշեց անգամ տարիֆները բարձրացնելու սպառնալիք ուղղել գերմանական ավտոգործներինՙ Մ. Նահանգներում գերմանական մակնիշներով մեքենաների... առատության համար: Դրան ըմբերանիչ եւ խիստ շուկայագիտական պատասխան տվեց Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատ կուսակցության լիդեր եւ առաջիկա ընտրություններում Մերկելի մրցակից Զիգմար Գաբրիելը. «Իսկ դուք ավելի լավ մեքենաներ արտադրեք»: Թրամփին պատասխանեցին նաեւ կանցլերն ու արտգործնախարար Շտայնմայերը, սակայն շատ ավելի զուսպ:

Իսկ ինչպիսի՞ն կլինի նորընտիր նախագահի քաղաքականությունը մեր տարածաշրջանի նկատմամբ. առայժմ կոնկրետ ոչինչ հնարավոր չէ ասել, բացի այն բանից, որ եթե իրոք Թրամփի Ամերիկան գործնական ու գործընկերային հարաբերություններ ունենա Պուտինի Ռուսաստանի հետ, ապա խաղաղ կարգավորումների առումով կարող է շահել նաեւ մեր երկիրը:

Բոլոր պարագաներում ես կարծում եմ, որ նախագահ Թրամփի օրոք միջազգային քաղաքականությունը կտրուկ կփոխվի եւ կդառնա ավելի հետաքրքրականՙ գոնե լրագրողներիս համար: Բացառված չեն լինի նաեւ զվարճալի պահերը, որի նախաճաշակը արդեն ստացել ենք: Ուրեմն...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 20-01-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ