ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՇՏԵՄԱՐԱՆԸ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂԱՎՆԻ» ԱՄՆ-Ն ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Հաճախ կրկնվող կեղծիքը մուտք է գործում կրթական համակարգ Գերտերությունների միջեւ այսօր մղվող քարոզչական պատերազմն ընթանում է նաեւ Հայաստանում: Դժբախտաբար, դա իր ազդեցությունն է թողել բնակչության տրամադրությունների վրա, որոնք հեշտությամբ են հակվում դեպի ապատեղեկատվության վրա հիմնվող քարոզչությանը, շատ հաճախ առանց խորհելուՙ իրենց կեղծիք են մատուցում, թե՞ ճշմարտություն: Մեղմ ասած, տարօրինակ է, երբ ռազմավարական դաշնակից ենք մի երկրի եւ մտնում ենք նրա կազմած տնտեսական միության մեջ, բայց լրատվամիջոցների գերակշիռ մեծամասնությունըՙ սկսած իշխանական մեդիահոլդինգից, վերջացրած արտերկրից ֆինանսավորվող ընդդիմադիր կայքերով կամ թերթերով, որդեգրել է դաշնակից երկրի հանդեպ ատելություն տարածելու քարոզչությունը: Քարոզչություն, որը Ռուսաստանի Դաշնության դեմ իրականցվում է ԱՄՆ-ի եւ Եվրոմիության երկրների կողմիցՙ մեծամասամբ հիմնված ապատեղեկատվության վրա, քարոզչություն, որի նպատակներից մյուսն էլ այդ նույն երկրների կողմից սեփական հանցագործություները աշխարհի տարբեր տարածաշրջաններում սքողելն է: Հայաստանում ծավալվող «լավ» Ամերիկայի կամ Եվրոպայի եւ դրան հակադրող հակառուսաստանյան հիսթերիայիՙ վերջին տարիներին աննախադեպ բորբոքման պարագայում զարմանալի չէ դրա թողած ազդեցությունը մարդկանց վրա: Սակայն, հատկապես անընդունելի է, երբ այդ քարոզչությունը մուտք է գործում կրթական համակարգՙ դպրոցներ եւ բուհեր, այն էլ կրթության եւ գիտության նախարարության թույլտվությամբ կամ գիտությամբ: Եթե նախարարությունում անտեղյակ են Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններին, ապա հարկ է տեղեկացնել այդ մասին, եթե կեղծիքի վրա հիմնված քարոզչության զոհն են, ապա պետք է աշխատանքներ կատարել իրականությանը ծանոթացնելու համար, այլ ոչ թե հրապարակել կրթական նյութեր, որտեղ առկա են բացահայտ կեղծիքներ եւ դրանց վրա հիմնված քաղաքականացված մոտեցումներ: Ինչի՞ մասին է խոսքը տվյալ պարագայում: 2016 թ.-ի հրատակարության «Հայոց լեզու եւ գրականության 2017 թ.պետական ավարտական եւ միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան»-ի 1-ին մասի 1-ին գլխի 4-րդ բաժնում հարցերից մեկի մեջ կարդում ենք. «Միացյալ Նահանգները փորձում է խաղաղություն հաստատել Մերձավոր Արեւելքում»: Առնվազն ապշել կարելի է, թե ինչպես կարող է 16 լեզվաբաններից բաղկացած հեղինակային խմբից որեւէ մեկի մոտ հարց չառաջանալ, թե այդ ինչպե՞ս է Միացյալ Նահանգները փորձում խաղաղություն հաստատել Մերձավոր Արեւլքում, երբ նա պատերազմի գլխավոր հրձիգն է այդ տարածաշրջանում: Այդ ինչպես է ԱՄՆ-ն փորձում խաղաղություն հաստատելՙ զորքերի ներխուժումով Իրա՞ք, դրա հետեւանքով «իսլամական պետության» ստեղծման պատասխանատվությա՞մբ, որն անգամ այդ երկրիՙ պաշտոնաթող նախագահ Բարաք Օբաման է ընդունել, թե՞ Սիրիայում գործող ահաբեկչական կազմակերպություններին զինելով եւ ֆինանսավորելով, այդ երկրում արդեն 6 տարի շարունակվող պատերազմ հրահրելո՞վ, կամ գուցե այդ տարածաշրջանում ապրող միլիոնավոր մարդկանց, այդ թվում հայերի, փախստական դարձնելո՞վ, հարյուր հազարների ռմբահարելո՞վ եւ սպանելո՞վ, արաբական գարուն կոչվող արյունահեղություններ կազմակերպելո՞վՙ Թունիսից եւ Լիբիայից մինչեւ Սիրիա, չհաշված հետխորհդրային Ուկրաինայում եւ Մոլդովայում գունավոր կոչվող հեղափոխությունները: Մի՞թե լեզվաբան լինելը հիմք է տալիս անտեղյալ լինել այս ամենին, իսկ նախարարությանըՙ թույլ տալ նման հիմարություն մատուցել դպրոցականներին: Ի դեպ, հետխորհդրային Ուկրաինային նույնպես չի մոռացել շտեմարանի հեղինակային խումբը: Մեկ այլ առաջադրանքում կարդում ենք հետեւյալ նախադասությունըՙ «Անդրադառնալով ռուս-ամերիկյան վեճինՙ Ամերիկայի Միացյալ Նահանգները հաստատել են, որ պաշտոնական Մոսկվան քաղաքական ճնշում է գործադրում իր հարեւանների վրա»: Ինչո՞ւ է Ամերիկայի Միացյալ Նահանգները «հաստատումը» ընդգրկվել շտեմարանում: Եթե պատահաբար, ապա ինչպես է լինում, որ թե՛ նախորդ, թե՛ այս դեպքում միայն ամերիկյան ապատեղեկատվական քարոզչությունն է հայտնվում: Գուցե, ասենք, պատահաբար ռուսական տեսակետը հայտնվեր գոնե երկրորդ դեպքում: Սակայն ոչՙ «պատահաբար» ռուսական տեսակետ չի հայտնվել, հետեւաբար ոչ առաջինը բերված օրինակի, ոչ երկրորդի դեպքերում պատահականության մասին խոսք չի կարող լինել: Թե՛ շտեմարանի կազմողները, թե՛ հատկապես կրթության եւ գիտության նախարարությունը պարտավոր էին թույլ չտալ շտեմարանում քաղաքական գնահատական եւ կեղծիք արտահայտող նախադասություններն ընդգրկել: Դժվար է ասել, նախկին նախարար Արմեն Աշոտյանի, թե՞ ներկայիս նախարար Լեւոն Մկրտչյանի օրոք է հնարավոր դարձել դա, բայց միանշանակ է, որ նախՙ հարկ է հանել վերոնշյալ նախադասությունները շտեմարանից հաջորդ հրատարակության ժամանակ, իսկ ընդհանրապեսՙ կրթական համակարգը զերծ պահել նմանատիպ անապատասխանատու եւ մեր երկրի շահերից չբխող անհեթեթություններից: |