ՀԱՐԿԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԿԱՆԽՎԻ, ԻՍԿ ԽՈՒՍԱՓՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸՙ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԵՆ Ա. Մ. Անդրադառնալով նախկինում իր կողմից տրված այն հանձնարարականին, որ հարկային ստուգումները պետք է իրականացվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, իսկ փոքր ու մանր ձեռնարկություններումՙ միայն ծայրահեղ դեպքերում, երեկ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ մեղմ վարչարարությունը վերաբերվելու է բացառապես օրինապահ հարկ վճարողներին, իսկ հարկային վճարումներից խուսափելու յուրաքանչյուր դրսեւորում, անկախ հարկ վճարողի բնույթից, պետք է կանխվի: Նա տեղեկացրեց, որ պետական եկամուտների կոմիտեն ահազագնել է մի շարք բացասական երեւույթների մասինՙ իրացման շրջանառությունների եւ գների, աշխատողների թվաքանակի, վարձատրությունների մեծությունների թերհայտարարագրում, առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների մատակարարում, ծախսերի ուռճացում, ՀԴՄ կտրոնների շահագործման կանոնների խախտում: Այդ առնչությամբ վարչապետը կոմիտեի նախագահին հանձնարարեց հսկողություն սահմանել այդ երեւույթների նկատմամբ, կիրառելով «օրենսդրությամբ նախատեսված գործիքակազմը եւ յուրաքանչյուր եռամսյակ տեղեկություն ներկայացնել վարչապետի վերահսկողական ծառայությանն արձանագրված խախտումների վերաբերյալ»: Նա նաեւ պահանջեց պարբերաբար հրապարակել խախտումներ թույլ տված հարկ վճարողների տվյալները: |