RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 20-01-2017



Տեղադրվել է` 2017-01-19 23:12:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 77221, Տպվել է` 626, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԼԱՎՐՈՎՅԱՆ ՕՐԵՐ»ՙ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ ԲԱՔՎՈՒՄ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Դժվար է ասել, թե վա՞տ է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 17-ին իր մեծ ասուլիսի ժամանակ հայ լրագրողի հարցերից մեկին չի պատասխանել, բայց այն, որ նույն ասուլիսի ժամանակ Լավրովը պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցին, լավ է: Ամեն դեպքումՙ կարող էր ավելի լավ լինել, եթե Լավրովը պատասխաներ ադրբեջանցուն եւ հայ լրագրողի երկու հարցերին էլ: Ի դեպ դրանք հետեւյալն էին: Մեկը վերաբերում էր Իլհամ Ալիեւի հորդորով Մինսկում ձերբակալված Իսրայելի եւ ՌԴ քաղաքացի բլոգեր Լապշինի ճակատագրին, մյուսը անցյալ տարվա դեկտեմբերի 29-ին ադրբեջանական կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձին: Հայ լրագրողն այս հարցերը տվել է միանգամից եւ այս երկու հարցերին Լավրովը պատասխանել է, որ նախ իրենց համար անթույլատրելի է լրագրողների կամ անհատների կողմից այս կամ այն տարածք այցը քրեականացնելը (ինչպես արել եւ անում է Բաքուն): Երկրորդ, որ Մոսկվան դեմ է այս կամ այն երկրում ձերբակալված ՌԴ քաղաքացիներին երրորդ երկիր արտահանձնելուն (ինչպես պատրաստվում է անել Բելառուսըՙ արտահանձնելով իր տարածքում ձերբակալված ՌԴ եւ Իսրայելի քաղաքացի Լապշինին): Այսքանը, Լավրովը հայ լրագրողին այսքանն է պատասխանել, ու քանի որ այս պատասխանն արդեն իսկ Ադրբեջանին դեմ է, հայ լրագրողը հավանաբար մոռացել է, որ Լավրովն այդպես էլ չպատասխանեց իր մյուս, մի քիչ ավելի կարեւոր հարցինՙ կապված ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձի հետ: Չնայած, հանուն արդարության, Լավրովին հարց տվողներն այնքան շատ են եղել, որ հայ լրագրողին երկրորդ անգամ ձայնի իրավունք չեն տվել, Լավրովն էլ դա հրաշալի հասկանալով, դիվանագիտություն է արել, նա դրա վարպետն է:

Հետո հերթը հասել է ադրբեջանցի լրագրողին: Նա մոտավորապես հետաքրքրվել է ՌԴ ԱԳ նախարարից, թե կմիջամտի՞ արդյոք Ռուսաստանը, եթե Ադրբեջանն «իր ներքին հարցը հանդիսացող» ղարաբաղյան խնդիրը լուծի ուժի միջոցով: Լավրովը հատուկ ադրբեջանցի լրագրողի համար պարզաբանել է, որ իրականում ղարաբաղյան հակամարտությունը աբստրակտ բան չէ, որ էլ բացառապես Ադրբեջանի ներքին հարցը: ՌԴ արտգործնախարարը շեշտել է, որ այս հակամարտության վերաբերյալ գոյություն ունի առաջարկված լուծումների մի ամբողջ հավաքածու, առաջին հերթին հակամարտության ամենաթեժ պահին ընդունվածՙ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներըՙ կրակի անմիջապես դադարեցման մասին:

Լավրովը նաեւ նշել է, որ անցյալ տարվա ապրիլին, երբ հակամարտության սրացումից հետո Հայաստանն եւ Ադրբեջանը մեղադրում էին իրար, միջազգային հանրության օժանդակությամբ եւ միջնորդությամբ պայմանավորվածություն ձեռք բերվեց ղարաբաղյան հակամարտության գոտում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու մասին: Սակայն, ըստ Լավրովիՙ անգամ այդպիսի տարրական բանը, որն անհրաժեշտ է սրացումները կանխելու համար, կյանքի չկոչվեց ԵԱՀԿ-ում առկա տարակարծությունների պատճառով: Լավրովը հիշեցրել է նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ձեռք բերված այլ փաստաթղթեր, որտեղ, ըստ ՌԴ ԱԳ նախարարիՙ «հստակ ամրագրված է վեճերը բացառապես խաղաղ լուծելու անհրաժեշտության հանգամանքը եւ որոնք ստորագրել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները»: Եւ վերջում ՌԴ արտգործնախարարը կոնկրետացում է մտցրել այսպես կոչվածՙ «օկուպացված հողերը» Ադրբեջանին հանձնելու հարցում: Լավրովը նշել է բացառիորեն հետեւյալը. «ԵԱՀԿ-ն ղարաբաղյան հակամարտության գոտում 1994-ին կնքված հրադադարից ի վեր պահանջում է ազատել ԼՂ գրավյալ տարածքները, սակայն բացառապես առանց ուժի կիրառման եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու պահին»:

Հասկացե՞լ է արդյոք ադրբեջանցի լրագրողը ՌԴ ԱԳ նախարարի հատկապես այս վերջին ձեւակերպումը, գոնե իրենց սիրածՙ 20 տոկոս մասով, իր խնդիրն է: Կարեւորն այն է, թե մենք սա ինչպես ենք հասկանում: Նախ, ուշադրություն դարձնենք, որ Լավրովը «գրավյալ տարածքներ» ձեւակերպումից առաջ չի նշում, որ այդ տարածքները ադրբեջանական են, այլ նշել է, որ դրանք «ԼՂ գրավյալ տարածքներ են»: Սա ոչ շատ կարեւոր, բայց ուշագրավ նրբություն է, ինչը չի կարող պատահական լինել Լավրովի նման փորձառու դիվանագետի խոսքում: Երկրորդը, ստացվում է, որ միջնորդները, կոնկրետ Մոսկվան, կողմերիցՙ հայկականին առաջարկում է ոչ թե տարածքները հանձնել, որ Ադրբեջանը համաձայնի որոշել ԼՂ վերջնական կարգավիճակը, այլ տարածքները հանձնել, երբ Ադրբեջանն արդեն իսկ համաձայն կլինի որոշել ԼՂ վերջնական կարգավիճակը, ինչը կարող է լինել անկախ պետություն եւ ինչի հետ պետք է պարտադիր հաշտվի Բաքուն: Ուշադրություն, ՌԴ ԱԳ նախարարն ամենեւին էլ չի հայտարարել, որ «ԼՂ գրավյալ տարածքները» վերադարձվելու են ԼՂ վերջնական կարգավիճակը ճանաչելու դիմաց, որ այդ կարգավիճակը պետք է պարտադիր անկախ պետություն լինի, այլ ուղղակի հստակեցրել է, թե երբ պետք է հայկական կողմը զիջի «ԼՂ գրավյալ տարածքները», ի դեպ, հայկական կողմն, ըստ Լավրովի, պետք է անպայման զիջի գրավյալ տարածքները: Ճիշտ այնպես, ինչպես ադրբեջանական կողմը պետք է անպայման համաձայնի ԼՂ վերջնական կարգավիճակի ազատ որոշմանը եւ այդ որոշման հետ անպայման պետք է համակերպվի:

Թե որքանո՞վ է Լավրովի ասածը նորություն, դատեք ինքներդ, իսկ թե որքանո՞վ է այն հայանպաստ, կրկին որոշեք դուք: Միայն ասեմ, որ Լավրովի այս հայտարարություններից հետո Երեւանում եւ Բաքվում սկսվել են «լավրովյան օրեր»: Պաշտոնական շրջանակները դեռեւս լուռ են: Իսկ սա նշանակում է, որ Լավրովը այնպիսի բաներ է հայտարարել, որից ոչ Երեւանում են միանշանակ ուրախ, ոչ էլ Բաքվում:

Ի դեպ, հենց դա էլ Լավրովի ուզածն է: Եւ ոչ միայն նրա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 20-01-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ