ԲԵԼԱՌՈՒՍՆ Է ԽԱՆԳԱՐԵԼ. ՀՀ ԱԳՆ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ՀԱՊԿ-ում այդպես էլ հայաստանցի գլխավոր քարտուղար չնշանակվեց, մինչդեռ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան վայր դրեց իր լիազորությունները եւ նրա փոխարեն նշանակվեց ժամանակավոր պաշտոնակատար, նշել է, որ ՀԱՊԿ-ի հաջորդ գագաթաժողովը պետք է հստակեցում մտցնի այս հարցում: Քոչարյանը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարը նշանակվում է ռոտացիոն կարգով, որ հերթը Հայաստանինն է եւ շեշտել է, որ կազմարեպության գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանին չհանձնվեց, քանի որ նախորդ գագաթաժողովին չէր մասնակցում Բելառուսի նախագահը: «Հենց Մինսկն էլ փաստորեն խոչընդոտեց, որ Հայաստանի ներկայացուցիչը դառնա գլխավոր քարտուղար,-ասել է ՀՀ փոխարտգործնախարարըՙ ընդգծելով,-Ոչ թե Ղազախստանը, այլ Բելառուսը»: Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերջերս իր լավ ընկեր Իլհամ Ալիեւի հորդորով ձերբակալեց Բելառուսում գտնվող Իսրայելի եւ Ռուսաստանի քաղաքացի բլոգեր Լապշինին: Ադրբեջանի նախագահը ցանկանում է, որ Լապշինին հանձնեն Բաքվին, քանի որ բլոգերը Ադրբեջանում մեղադրվում էՙ «առանց Բաքվի իմացության եւ թույլտվության Լեռնային Ղարաբաղ այցելելու մեջ»: |