«ՄԱՆՐՈՒՔ» ԲԱՆԵՐ-3 ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ Միջազգային հեռուստատեսության նորություններին սովորություն ունեմ հետեւելու առավոտները, երբ Եվրոպայում բացվող օրվա փոքր ժամերն են, իսկ Ամերիկայումՙ դեռ ուշ գիշեր: Եվ որքան էլ որ տաղտկալի լինեն CNN-ի եւ BBC-ի հաղորդումները- հատկապես Դոնալդ Թրամփի ի հայտ գալուց ի վեր- սպասում եմ լուրերին հաջորդող եղանակի տեսությանը, միջազգային եղանակի տեսությանը: Անշուշտ ինձ այնքան էլ չի հետաքրքրում Ճապոնիայի մոտ կուտակվող ցիկլոնների, Ֆիլիպինների վրա տեղացող մանսունային անձրեւների, կամ Ալաբամային սպառնացող պտտահողմերի մասին տեսությունները: Ինձ հետաքրքրում է դրանց հաջորդող, չզարմանաք, աշխարհի մայրաքաղաքների ցուցակըՙ օրվա ջերմաստիճանի ցուցիչով: Ավելի ճշգրիտՙ ես այդ ցուցակի մեջ փնտրում եմ մեր Երեւանը, ոչ թե ջերմաստիճանը, այլ Երեւան անունը: CNN-ը հատկապես, BBC-ն բացառապես, Euronews-ը ընդհանրապես անտեսում են մեզ: Մանավանդ Թբիլիսիի եւ Բաքվի անունների կողքին մեր մայրաքաղաքի բացակայությունը վիրավորում է ինձ, ազգային արժանապատվությունս: Եվ ոչ միայն... Խոսում, ծրագրում, ոգեւորվում ենք Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու հեռանկարներով, սակայն չենք նկատում այս «մանրուքը», մինչդեռ աշխարհում միլիոնավոր մարդիկ ընդհանրապես չեն տեսնում մեզ, հետեւաբար նաեւՙ չեն էլ զգում մեր բացակայությունը: Անշուշտ ոլորտի մեր պատասխանատուներից ու ձեռներեցներից չենք կարող պահանջել- մեկ էՙ նրանց պատասխանը լինելու է նույնըՙ փող չկա- ադրբեջանցիների պես «շռխկան» գովազդային հոլովակներ սփռել միջազգային հեռուստատեսությամբ, սակայն գոնե այս հարցումՙ եղանակի տեսության ծրագրերում, կարող ենք ներառել տալ մեր քաղաքի անունը: Մերոնք պետք է իմանան դրան հասնելու կերպն ու ձեւը: Ես էլ գիտեմ մի շատ հասարակ, բայց ազդու ձեւ. եթե Հայաստանի եւ Սփյուռքի յուրաքանչյուր քաղաքից գոնե տասական մարդ բողոքի երկտող ուղարկի CNN-ին կամ BBC-ին եւ եթե հետեւողական լինի իր բողոքի մեջ, ապա անպայման մենք գոնե երբեմն-երբեմն կհանդիպենք մեր սիրելի քաղաքի անվանը: Ու քանի որ զբոսաշրջության թեման շոշափեցինք, ըստ ինձ մեր երկրի մի կարեւոր առավելություն մատնանշելուց հետո անցնենք եւս մի «մանրուք»ի: Հակառակ «հայկական մաֆիաների» եւ «ազգային կրիմինալության» մասին հայկական հեռուստաընկերությունների ցուցադրած անվերջանալի սերիալներից ստացված տպավորության, զբոսաշրջիկների տեսանկյունից ամենագրավիչ բաներից մեկը մեր երկրի ներսում տիրող ապահովությունն է: Աշխարհի բազմաթիվ, անգամ ամենաքաղաքակիրթ ոստաններում քիչ են բացօթյա այն վայրերը, ուր մարդիկ կարող են ուշ գիշերով զբոսնել անվտանգ, ապահով ու խաղաղ: Մեր երկիրը, թու-թու-թու, այդ վայրերից է, եւ հույս ունեմ, որ այդպես էլ կմնա: Սակայն ինչ վերաբերում է Երեւանի ներքին քաղաքային կյանքին, մասնավորապես հասարակական տրանսպորտին եւ հատկապես գերխճողված ավտոբուսներին եւ «մարշրուտկաներին», մենք ունենք շատ լուրջ խնդիրներ: Վերջերս ուսանողներիս առաջարկեցի գրել երթուղային տաքսիներում իրենց փորձառության մասինՙ համապատասխան դիտարկումներով: Ուսանողները, մեծամասամբ աղջիկներ, չհամաձայնվեցին, սակայն սկսեցին միմյանց ականջին ինձ համար անլսելի բաներ փսփսալՙ բազմանշանակ հայացքներով: Հասկացա. դեռատի այդ աղջիկները ամոթխածությունից եւ տհաճությունից դրդված մերժում էին իրենց դասախոսին, առաջին անգամ: Եվ հաստատվեց մինչ այդ ուղղակի թե ակնարկներով լսածներս տարբեր մարդկանցից, կին թե տղամարդ: Անկիրթ, գռեհիկ խոսքեր, արտահայտություններՙ հաճախ ձեռքերի եւ մարմնի մասերի հպումներով ուղեկցվող, հատկապես «պիկ» ժամերին եւ հատկապես երեկոյան: Նման ոտնձգությունները սովորաբար մնում են անարձագանք. ամոթխածությունից ու երբեմն էլ վախից, դրանց զոհերը աղմուկ չեն բարձրացնում, որից էլ օգտվում են նման տականքները: Ավելինՙ նրանցից ոմանց թվում է, ինչպես նկարագրում են, որ իրենք տղամարդ, «մաչո» չեն լինի, եթե ձեռ չտան կամ լկտի ակնարկություն չանեն գերխճողված երթուղայինում իրենց կիպ կանգնած կամ պպզած կանանց եւ աղջիկներին: Տրանսպորտի նախարարն ու քաղաքապետը խոստանում են հետզհետե բարելավել, արդիականացնել հասարակական տրանսպորտի ողջ համակարգը: Հուսանք, բայց չսպասենք: Հենց հիմա՛ է պետք միջոցներ ձեռք առնել կանխելու նման ոտնձգությունները, հենց տեղում պատժելու անսաստողներին: Առաջին հերթին «թեժ գիծ» հաստատելով նման իրավիճակում հայտնված քաղաքացիների համար: Երկրորդ եւ երրորդՙ թող մտածեն քաղաքային իշխանությունները, ավագանու անդամները: Կարծում եմ մի փոքր ժամանակ կարող են տրամադրել նման «մանրուքների» համար: |