ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՄ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ. ՏԵՍԼԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ՄՐՑԱԿՑՈՂ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմնանիա Մեկ տարի առաջ մեկնարկած Բրեքզիթը Եվրոպայի համար շարունակում է լուրջ մարտահրավեր լինել: «Ինչպե՞ս է ուրվագծվում հին մայրցամաքի նոր սահմանը» հարցին փորձում են պատասխան գտնել գերմանական լրատվամիջոցները, իսկ «Դեր թագեսշպիգելն» իր հունիսի 20- ի մի հրապարակման մեջ այդ նոր սահմաններում առաջիկա 10 տարում հնարավոր է համարում «Արեւելյան հարեւանության» երկրների ընդգրկումը: Հունիս 19- ին նույն թերթի ուրիշ հոդվածագիր «Հարեւանության ծրագրի ճգնաժամը» վերնագրյալ հրապարակման մեջ փորձում է գտնել տարիներ ի վեր փայփայած գաղափարի ձախողման պատճառները.Ինչո՞ւ Եվրոպական Միությունը հետխորհրդային պետություններում «Արեւելյան գործընկերություն» ծրագրի միջոցով տեւական խաղաղություն եւ բարեկեցություն չի կարողանում ապահովել: Երբ 2008-ին ԵՄ-ը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի հետ Արեւելյան ծրագիրը կյանքի կոչեց, քաղաքական փոխակերպման հանդեպ մեծ հույս կար: Բայց հիշյալ երկրներից որեւէ մեկում ԵՄ-ը տեւական դրական ազդեցությունՙ խաղաղության, բարեկեցության եւ կայունության հարցում չգրանցեց: Բեռլինի Ազատ համալսարանում գիտնականների մի խումբ փորձել է գտնել պատճառները, նաեւ բացահայտել այն հնարավորություները, որ ապագայում հիշյալ երկրներին կմերձեցնեն այդ նպատակին: 11 համալսարան եւ գիտահետազոտական ինստիտուտ համագործակցում են միջազգային այս ծրագրի (EU-STRAT - The EU and Eastern Partnership Countries. An Inside-Out Analysis and Strategic Assessment) շրջանակներում, դրանց մեջ նաեւՙ ԵՄ գործընկերներ Շվեյցարիայից, Մոլդովայից, Ուկրաինայից, Բելառուսից: Հետազոտական ծրագիրը համակարգել է քաղաքագետ Տանյա Բյորցելը , գիտական համակարգողը քաղաքագետ Էսթեր Ադեմմերն է: Վերջինիս կարծիքով, ԵՄ-ը թերագնահատել է նախկին հետխորհրդային երկրներիՙ Ռուսաստանի հանդեպ մերձավորությունը: Քաղաքագետն այսպես է մեկնաբանում. Որքան մեծ է ԵՄ-ի հետ հիշյալ երկրների դրական հարաբերություններ հաստատելու շահագրգռությունը, նույնքանՙ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելու ցանկությունը, նույնիսկ եթե հիշենք, որ յուրաքանչյուր պետություն Ռուսաստանի հետ հարաբերությունների իր չափաբաժինն ունի: Պետությունները առավելաբար տնտեսական կախվածություն ունեն իրենց մեծ հարեւանից, այլ երկրներիՙ օրինակ Թուրքիայի եւ ԱՄՆ- ի հետ էլ սերտ կապվածություն ունեն, կարծում է քաղաքագետը եւ հավելում, թե իրենք պիտի հաշվի առնեն առանձին երկրների հեռանկարները: Այդ նպատակով տնտեսական, քաղաքական համակարգի ընդհանրական վերլուծություն է ենթադրվում, որ պիտի պարզի, թե ներպետական ընտրախավն (էլիտա) ինչ ազդակների պարագայում քաղաքական բարեփոխումների կգնա: Քաղաքագետը նկատել է տալիս, թե նշված երկրներում քաղաքական մրցակցությունը ձեւական բնույթ է կրում, իրականում շատ սահմանափակ է: Ընտրախավին մեծ հաշվով չի հետաքրքրում ազատ եւ արդար ընտրությունը: Քաղաքագետների նպատակն է ճշգրիտ վերլուծություն անելՙ «Արեւելյան հարեւանության» պետություններում ո՛ր դերակատարներն են քաղաքական մրցակցության պատրաստ, նրանց ինչպե՛ս հզորացնել: Խնդիրն այդ պետություններում իրավիճակ հասկանալը չէ միայն, այլ ԵՄ ազդեցության հնարավորությունները բացահայտելը: Սույնը վերաբերում է թե՛ քաղաքականությանը, թե՛ տնտեսությանը: Առարկայական հետազոտութամբ պիտի պարզելՙ ինչպես կազմաքանդել կոռուպցիան, կանխել մենաշնորհը եւ օլիգարխիկ տնտեսաձեւը արդար մրցակցային դաշտ բերել: Բնականաբարՙ քաղաքական կամքն անհրաժեշտություն է: |