RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2017-06-09 > #023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 23-06-2017



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2017-06-22 23:58:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 18272, Տպվել է` 1513, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՔԱՀԱՅԸ, ԿԱՄԻԼՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հանրապետական Սամվել Նիկոյանը , ում լուսանկարը փակցված է ԱԺ-ում, խորհրդարանի բոլոր նախագահների լուսանկարների կողքին, մի ցնցող հայտարարություն է արել: «Հիմա շատ ավելի լավ է, քան տասը տարի առաջ, եւ բնական էՙ տասը տարի հետո շատ ավելի լավ կլինի, քան հիմա», ասել է պարոն Նիկոյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում լրագրող Պետրոս Ղազարյանի հետ զրուցելիս: Այսինքն, հարգելի պատգամավորն այս հայտարարությունն անելիս փողոցում չի եղել, կամ իր առանձնասենյակի պատուհանից դուրս չի նայել, հակառակ պարագայում չեմ կարծում, որ նա նման հայտարարությամբ հանդես գար: Ի դեպ, նա մոռացել է նշել, որ տասը տարի հետո ավելի լավ կլինի այն դեպքում, երբ ՀՀԿ-ն շարունակի իշխանություն լինել տասը տարի հետո... Ինչեւէ, ՀՀԿ ԳՄ հերթական նիստում հավանաբար պարոն Նիկոյանին այս կապակցությամբ նկատողություն կանեն:

Թե ի՞նչ ուսումնասիրությունների հիման վրա է պարոն Նիկոյանն արել այս հայտարարությունը, անկեղծ ասածՙ չգիտեմ: Բայց գիտեմ, որ տասը տարի առաջ Հայաստանում աղքատության մակարդակը կազմում էր 27,6 տոկոս (պաշտոնական), հիմաՙ տասը տարի անցՙ 29,8 տոկոս (պաշտոնական), իսկ սա, ի գիտություն Սամվել Նիկոյանի օգնականների, նշանակում է, որ տասը տարի անց Հայաստանում 2,2 տոկոսով ավելի վատ է, գոնե մարդկանց կյանքը, իսկ դա նշանակում էՙ ամեն ինչն է վատ: Չնայած, մյուս կողմից, պարոն Նիկոյանը հո չի՞ ասել, թե մարդկանց կյանքն է հիմա ավելի լավ, քանՙ տասը տարի առաջ: Գուցե նա նկատի է ունեցել իր կուսակից ընկերների՞ վիճակը: Ասենքՙ հիմա նրանք ավելի շատ բիզնես ունեն, ավելի շատ գույք, դրանցիցՙ ավելի շատն անշարժ, իսկ ավելի ռոմանտիկ բաների սիրահարները հնարավոր է հիմա ավելի շատ սիրուհի ունեն, քանՙ տասը տարի առաջ, իսկ պետական պաշտոնյայի յուրաքանչյուր սիրուհին պետբյուջեի վրա միլիոններ է նստումՙ ամսական, գոնե եռամսյակը մեկ: Եթե այդպես է, ապա կարծում եմ, պետք է շնորհավորել պարոն Նիկոյանինՙ դրսեւորած բացառիկ անկեղծության համար, այլ հարց է, որ այս կապակցությամբ եւս նա կարող է ՀՀԿ ԳՄ հաջորդ նիստում նկատողություն ստանալ, այս պարագայումՙ խիստ:

Այնուամենայնիվ, կարծում եմ, որ Կալիֆոռնիայում բնակվող Աքահայ Ռիկարդոյին եւ Կամիլյա Կաստելիոյին արժի բերել Հայաստան եւ ծանոթացնել պարոն Նիկոյանի հետ, ինչո՞ւ ոչՙ նաեւ ՀՀԿ-ի ամբողջ կազմի հետ: Վստահեցնում եմ, որ եթե նրանց ՀՀԿ-ի անդամատոմս չտանՙ ավելացնելով այլեւս ավելացնելու տեղ չունեցող կուսակցության շարքերը, ապա հաստատ կապահովեն նրանց անդամակցությունը ՀՀԿ-ի համակիրների շարքում եւ կխնդրեն նրանց Ֆեյսբուքում ամեն օր ստատուս գրելՙ վճարովի հիմունքներով, անշուշտ: Ասեմ, որ 36-ամյա Աքահայ Ռիկարդոն եւ նրա 34-ամյա կինըՙ Կամիլյա Կաստելիոն երջանիկ ապրում են Կալիֆոռնիայում, իսկ երջանիկ ապրելն արդեն իսկ ՀՀԿ-ական դառնալու կարեւոր նախապայման է: Բայց ամենակարեւորն այն է, որ ամուսիններն արդեն 9 տարի է ոչ մի իրական ուտելիք չեն օգտագործում եւ պնդում են, որ սնունդ են ստանում տիեզերքից եկող էներգիայի հաշվին: Ամուսինները վերջին անգամ սնունդ են ընդունել 2008-ին (երբ Հայաստանում ավելի լավ էր, քան հիմա), եւ դրանից հետո դարձել են «բրետարիաներ» (հատուկ շնչառության միջոցով օդից էներգիա ստացող մարդիկ):

Համաձայնեք, որ ՀՀԿ-ական դառնալու, ավելի ճիշտՙ ՀՀԿ-ի համար աշխատելու հրաշալի թեկնածուներ են: Կգան Հայաստան, անպայման մամուլի ասուլիս կտան Է. Շարմազանովի տիկնոջ մամուլի ակումբում, կներկայացնեն իրենց ապրելակերպը, եւ դա անպայման երջանիկ դեմքերով կանեն, իսկ ասուլիսին ներկա երիտասարդ լրագրողուհիներից շատերը, որոնք դիետա են պահում, լրջորեն կհետաքրքրվեն, կանցնեն նույն ապրելակերպին, ինչի կոչը կանեն իրենց պատրաստած նյութերում: Հաստատ մի քանի հարյուր հետեւորդներ կունենա այս շարժումը, եւ մի օր կպարզվի, որ հիմա մենք ավելի լավ ենք ապրում, քան տասը տարի առաջ, քանի որ ավելի երջանիկ ենք, եւ առանձնապես հետաքրքրված չենք հացի խնդրով, որովհետեւ ոչինչ չենք ուտում:

Մոռացա ասել, որ այդ ընթացքում Աքահայն ու Կամիլյան կգնան իրենց տուն ու շքեղ ընթրիք կանեն, միմյանց շշնջալով, որ հիմա իրենք ավելի լավ են ապրում, քանՙ Կալիֆոռնիայում:

Ամուսիններին Հայաստանում պահելն էլ ավելի էժան կնստի պետական բյուջեի վրա, քան ՀՀ քաղաքացիներին պահելը, այնպես որ եթե ուզում եք, որ տասը տարի հետո ավելի լավ ապրենքՙ հրավիրեք Աքահային եւ Կամիլյային Հայաստան. միեւնույն է, նրանք ոչինչ չեն ուտում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 23-06-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ