RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2017-06-09 > #023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 23-06-2017



ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2017-06-22 23:58:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 13377, Տպվել է` 1499, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԱԴՐԲԵՋԱՆ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցին ընդառաջ թուրքական Asimder («Հայերի անհիմն պահանջատիրության դեմ պայքար») կազմակերպության ղեկավար Գյուքսել Գյուլբեյը հայտարարել էր, որ Իրանի տարածքով Հայաստան, այնուհետեւ Արցախ են «հասել ութ հազար աֆղան վարձկաններ»: (https://haqqin.az/news/101994): Այդ առթիվ մենք կարծիք էինք հայտնել, որ, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը ձեռնամուխ է եղել Արցախի հետ շփման գծում իսլամական գրոհայինների ներգրավմանը: Մեր տեսակետը հիմնավորել էինք նրանով, որ Բաքվում այսպես կոչված «Իսլամիադայի» մեկնարկին ընդառաջ Իլհամ Ալիեւը մուսուլմանական աշխարհին կոչ էր արել խզել Հայաստանի հետ հարաբերությունները եւ «Ղարաբաղի հարցում սատար կանգնել Ադրբեջանին եւ նրա արդարացի կեցվածքին»:

Դրան հետեւել էր նրա այցը Սաուդյան Արաբիա, երկիր, որը հայտնի է որպես իսլամական արմատականության եւ ահաբեկչության թիվ մեկ հովանավոր: Էր-Ռիադում Ալիեւի երկօրյա շփումների մասին ադրբեջանական մամուլը ոչ մի տեղեկություն չի փոխանցել: Եւ հայտնի չէ, թե ինչով է պայմանավորված նման գաղտնիությունը: Եթե Ալիեւը փակ հանդիպումներ չի ունեցել, ապա կստացվի, որ նա Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում երկու օր մատնված է եղել բացարձակ անուշադրության եւ պարապուրդի: Այդ դեպքում Էր-Ռիադ նրա ուղեւորությունը կատարելապես իմաստազրկվում է, ինչը, հարկավ, իրականությունից հեռու կլինի: Մեծ է հավանականությունը, որ նա ինչ-որ պայմանավորվածությունների համար է ուղեւորվել Սաուդյան Արաբիա:

Եւ այդ քայլերը համաձայնեցված են Թուրքիայի հետ: Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ ադրբեջանցի սակրավորները թուրք-իրանական սահմանին զարնվել են ականի եւ վիրավորվել: Սա չափազանց արտառոց տեղեկատվություն է: Ամենայն հավանականությամբ, ադրբեջանցի սակրավորները գործել են թուրքական կողմից` Նախիջեւանի ուղղությամբ, որտեղ վերջերս են ավարտվել թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները:

Այս հանգամանքը տպավորիչ է պատկերվում ադրբեջանական կայքերից մեկում տեղ գտած «մեկնաբանության» համապատկերին: Լրատվամիջոցը փոխանցում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթին ադրբեջանցի քաղաքագետ Նաթիգ Միրիի հարցազրույցը, որտեղ վերջինս, առանց աղբյուր նշելու, հայտարարում է, որ «Ղարաբաղում վարժական հավաքներ են անցկացնում PKK-ի հազար յոթ հարյուր ահաբեկիչներ»: (http://cebhe.info/savas-baslasa-onlar-azerbaycana-qarsi-doyusecekler-boyuk-tehdid-63626):

Թուրք-ադրբեջանական քարոզչությունն, այսպիսով, մեդիա-տիրույթ է նետում եւս մեկ ապատեղեկատվություն: Դա նշանակում է, որ Ադրբեջանը զորքերի շփման գծում որոշակի նախապատրաստություններ է տեսնում: Շատ հավանական է, որ համատեղ զորավարժությունների առիթով Նախիջեւան տեղափոխված թուրքական զորքի մի մասը կամ առնվազն սպայական կազմի ներկայացուցիչներ ներկայումս տեղափոխվել են Արցախի հետ շփման գիծ: Թուրքիան Ադրբեջանի կողմից մարտական գործողություններին մասնակցելու փորձ եւ ավանդույթներ ունի: Սովորաբար թուրք սպաներն ադրբեջանական բանակում ծառայության են անցնում հայրենիքում «պաշտոնաթողությունից հետո» եւ հիմնականում հանդես են գալիս որպես «ռազմական խորհրդատուներ»: Ըստ երեւույթին, այսօր այդ համագործակցությունը բարձրացվել է մի նոր աստիճանի:

Հիշյալ մեկնաբանության հեղինակը կարծիք է հայտնում, որ տարածաշրջանում «ահաբեկչության դեմ պայքարի եւ այն արմատախիլ անելու ունակ միակ երկիրը Թուրքիան է»: Այսպիսով, ըստ երեւույթին, թուրք-ադրբեջանական տանդեմն առնվազն տեղեկատվական հիմք է ստեղծում` արդարացնելու թուրքական զինուժի` Ադրբեջանի կողմից հավանական ներգրավվածությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Թուրքիան կարող է ապատեղեկատվությունը խորացնել եւ Արցախի հետ Ադրբեջանի զինված դիմակայության գոտում իր ներկայությունը «հիմնավորել հայկական կողմում PKK-ի գրոհայինների ներկայությամբ»: Այլապես այդ մասին «Ջումհուրիեթում» ադրբեջանցի քաղաքագետի խոսքը, որ «եթե վաղը պատերազմ սկսվի, նրանք (PKK-ի գոյություն չունեցող մարտիկները- Վ. Ա.) կռվելու են Ադրբեջանի դեմ» որեւէ իմաստ չպետք է ունենա: Խիստ կասկածելի է, որ թուրքական հեղինակավոր թերթը կարող է զբաղվել ինքնագործունեությամբ: Այն էլ` այսօրվա Թուրքիայում, որտեղ մամուլը գտնվում է իշխանությունների բացարձակ վերահսկողության տակ:

Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, որդեգրել է նոր քաղաքականություն: Ազդանշանը տվել է «Ատլաս» վերլուծական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն , որը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հունիսի 19-ի հայտարարությունից տպավորվել է, որ աշխարհի ոչ մի երկիր չի կարող քննադատել եւ չի քննադատում շփման գծում Ադրբեջանի գործողությունները, քանի որ «բոլորը, ներառյալ Ռուսաստանը, Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների նկատմամբ ճանաչում են նրա իրավունքը»: (http://cebhe.info/hemsedrlerin-seferinden-cixan-netice-azerbaycan-isgalciya-yorucu-muharibe-dikte-edir-63589):

Նրա կարծիքով, ստեղծված իրավիճակում Ադրբեջանի համար լայնածավալ եւ բացահայտ պատերազմ սկսելու հնարավորություն չկա, ուստի Բաքուն «ընտրում է հյուծիչ պատերազմի տարբերակը, երբ հակառակորդն ամեն օր, ամեն ժամ պետք է կորուստներ կրի»: Վերլուծաբանի հայացքով` «այդպիսի պատերազմը երկարաձգելու համար Ադրբեջանը բավարար մարդկային եւ ռազմական ռեսուրսներ ունի»: Իսկ այդ ամենի վերջնական նպատակն է, որ «Հայաստանում հասարակական դժգոհություն առաջանա»:

Ասվածն, ինչ խոսք, պաշտոնական տեսակետ չէ, բայց այն չի կարելի լիովին իրականությունից կտրված համարել: Մանավանդ որ վերջին օրերի դեպքերը վկայում են, որ հակառակորդն, իրոք, ընտրել է ահաբեկչական պատերազմի տարբերակը: Առերեւույթ մարտական գործողություններ չեն ծավալվում, բայց չկա որեւէ երաշխիք, որ Ադրբեջանը վաղը չի օգտագործելու ավելի հզոր զինատեսակ` հայկական կողմին ավելի մեծ կորուստներ պատճառելու նպատակով: Շաբաթասկզբին հակառակորդը ձեռնարկել է նաեւ դիվերսիոն ներթափանցման փորձ:

Տրամաբանական է ենթադրել, որ դիվերսիոն խմբերում կարող են ներգրավվել ինչպես իսլամական ահաբեկիչներ, այնպես էլ թուրքական հատուկ նշանակության ջոկատայիններ: Ժամկետային ծառայության զինվորներն այս դեպքում անպիտանի են, ինչպես նաեւ առկա է գերվելու հանգամանք: Իսկ գրոհայիններից եւ վարձկաններից Ադրբեջանը կարող է հեշտությամբ հրաժարվել: Հենց այդ նպատակով էլ տարածվում են հայկական կողմում աֆղան մոջահեդների եւ PKK-ի գրոհայինների «ներկայության» մասին լուրերը, որպեսզի վաղը, եթե ադրբեջանական դիվերսիոն խումբ վնասազերծվի, Բաքուն չքմեղանա:

Ինչպես պարզ է դառնում, արդեն կարելի է բացահայտորեն պնդել, որ գործ ունենք ահաբեկչական երկրի հետ: Ադրբեջանը հետեւողականորեն ընդարձակում է հակամարտության դաշտը, սեփական գործիքակազմը համալրում նորանոր բաղադիչներով: Արցախի եւ Հայաստանի դեմ նրա պատերազմն այլեւս հիբրիդային է: Պետք է որդեգրել համարժեք կեցվածք եւ միաժամանակ կանխարգելիչ դիվանագիտական ու քաղաքական քայլեր ձեռնարկել` իրադարձությունների ընթացքը վերադարձնելու խաղաղ կարգավորման բանակցային հուն: Այլընտրանքը կարող է պայթյունավտանգ դարձնել ողջ տարածաշրջանը եւ Հարավային Կովկասի ժողովուրդներին մի քանի տասնամյակ դուրս թողնել քաղաքակրթական զարգացումներից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 23-06-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ