ՆԱՄԱԿՆԵՐՙ ԱՍՏԾՈՒ, ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Երուսաղեմի Winners աճուրդի տանը վաճառվել են Ալբերտ Էյնշտեյնի նամակները, որոնք անվանի գիտնականը գրել է իր գործընկերներ Դավիթ Բոմին եւ Մաքս Բոռնին: Նամակներըՙ Աստծու, քաղաքականության եւ ֆիզիկայի մասին են: Աճուրդի տունը հույս ուներ, որ դրանց վաճառքից կստանա 33-49 հազար դոլար, սակայն միայն Բոմին հղած նամակի համար անանուն գնորդը 84 հազար դոլար է վճարել: Ընդհանուր առմամբ բոլոր նամակները վաճառվել են շուրջ 210 հազար դոլարով, ինչը բազմակի գերազանցել է աճուրդի կազմակերպիչների սպասելիքները: Ամեն դեպքում, եթե դուք ուզում եք, որ ձեր գրած նամակները այսքան թանկ վաճառվեն, ապա կարիք չկա մտնել քաղաքականություն, կամ ամեն օր աղոթել Աստծուն. ավելի լավ է հետաքրքրվեք ֆիզիկայով: |