«ԹԱԴԵՄ» ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է Հ. Ծ. Ռոբերտ Արամ Գալուստյանի «Թադեմ: Հորս գյուղը» (Tadem: My Father՛s Village) հուշագրությունը շարունակում է արժանանալ գովասանական խոսքերի: Ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, գիրքն իր ապրիլյան համարում գրախոսել է Օքսֆորդ համալսարանի հրատարակչատան լույս ընծայած «Հոլոքոսթի եւ ցեղասպանության ուսումնասիրություններ» հանդեսը: Գրախոսը, ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախկին նախագահ Ռոբերտ Մելսոնը , գիրքը ներկայացրել է որպես Հայոց ցեղասպանության «պատմական նշանակությունը հասկանալու էական ներդրում»: «Բոստոն համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ Գալուստյանը «Հայ Ազգային ինստիտուտի» (ANI) հիմնադիր նախագահն է, եւ «Ամերիկայի հայկական համագումարի» հիմնադիրներից մեկը: Նա հիմնվել է գյուղի վերաբերյալ ժամանակագրական գրավոր աղբյուրների, ինչպես նաեւ ցեղասպանությունը վերապրած տարեցներիՙ այդ թվում նաեւ իր ընտանիքի անդամների եւ մասնավորապես իր հորՙ Պողոսի բանավոր վկայությունների վրա», գրում է Պյուրդյու համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վաստակավոր դասախոս Մելսոնը , նշելով, որ փաստերը վկայում են, որ տեղացի ժողովրդի կողմից վայրագությունների հնարավորությունը զգացվում էր նույնիսկ 1895-96-ի ջարդերից առաջ: Իր հերթին Ստամբուլի Քեմերբուրգազ համալսարանի դասախոս դոկտ. Նազան Մաքսուդյանը «Լեւանտյան ուսումնասիրություններ» հանդեսի (Journal of Levantine Studies) ձմեռային համարում գրում է, որ Գալուստյանը «մնայուն ներդրում է կատարել վերապատմելով թադեմցիների փորձառությունըՙ ցեղասպանությունից առաջ եւ հետո: Հատորը բացառիկ հարուստ պատմությունն է մի փոքրիկ գյուղի, որտեղ ներկայացված են բնակչության թվի ճշգրիտ եւ զբաղվածության մանրամասն եւ հետաքրքրական տվյալներ», նշում է նա: Ավելացնենք, որ Թադեմը (կամ Դատեմը) փոքրիկ գյուղ էր Արեւմտյան Հայաստանի Խարբերդի վիլայեթում: Բնակչությունը զբաղվում էր երկրագործությամբ: Ուներ Սբ. Աստվածածին անունով եկեղեցի եւ վարժարան: Իսկ «Լեւանտյան ուսումնասիրություններ» հանդեսը հրատարակվում է Վան Լիըր Ջերուսալեմ ինստիտուտի (Van Leer Jerusalem Institute) կողմից, որտեղ քննարկվում են փիլիսոփայության, հասարակագիտության, մշակույթի եւ կրթական հարցեր: Ընդհանուր առմամբ «Թադեմ: Հորս Գյուղը» հատորը համարվում է ցեղասպանության ժխտողականության դեմ եւ ճշմարտության ու հիշողության հավերժացման համար պայքարող արժեքավոր ուսումնասիրություն: |