ԿՀԱՅՏՆՎԻ՞ ԱՐԴՅՈՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՀԱՐԱՎ ՔՐԴԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ. ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ավագ գիտաշխատող Քրդական հարցի շուրջ նոր զարգացումներ են սպասվումՙ պայմանավորված Քրդական ինքնավար շրջանի նախագահ Մասուդ Բարզանիի հայտարարության հետ, որ այս տարվա սեպտեմբերի 25-ին այնտեղ կազմակերպվելու է հանրաքվե անկախ պետություն ստեղծելու հարցի շուրջ: Այն, որ այդ շրջանում բնակվող քուրդ մեծամասնությունը կողմ կարտահայտվի, դրա մասին ոչ ոք չի էլ կասկածում, ամբողջ խնդիրը նրանում է, թե ինչ զարգացումներ եւ աշխարհաքաղաքական ինչ փոփոխություններ կառաջացնի այդ ամենը եւ արդյոք այն կարող է հանգեցնել լայնամաշտաբ նոր պատերազմի թե ոչ, եթե իհարկե տեղի ունենա այդ հանրաքվեն: Այստեղ պետք է նշել, որ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձություն` պատերազմի վերսկսում, խաղաղության հաստատում թե նոր պետության հիմնում, այսպես թե այնպես կապված է նաեւ էներգետիկ հիմնախնդրի հետ: Նավթով ու գազով հարուստ այդ տարածաշրջանի համար այդ էներգակիրները դարձել են անեծքՙ խրախուսելով պատերազմները, սնանկացնելով շատերին եւ հարստացնելով ոմանց: Հետեւաբար որեւէ իրադարձություն, որ տեղի է ունենում այդ տարածաշրջանում, այսպես թե այնպես կապված է նավթային գործոնի հետ: Վերջին շրջանում Մերձավոր Արեւելքում` Սիրիայում, Իրաքում կամ Եմենում տեղի ունեցող պատերազմները կապված են նաեւ նավթային գործոնի ու հատկապես նավթի գների անկման փաստի հետ: Քրդստանի անկախացման գործընթացը նույնպես այս շղթայի մի մասն է, հետեւաբար այդ զարգացումները պետք է դիտարկել նաեւ հենց այս տեսանկյունից: Այստեղ թերեւս կարեւոր է շեշտել, որ Իրաքի կազմում գտնվող Քրդական ինքնավար շրջանը իր փաստացի գործունեությունը սկսել է դեռ 1991թ-ից, իսկ դե-ֆակտո անկախությունը ձեռք է բերել ԱՄՆ-ի Իրաք 2-րդ ներխուժումից հետո: Վերջինիս նախագահը` Բարզանին, օգտվելով պաշտոնական Բաղդատի թուլությունից, իրեն անկախ է հռչակել եւ գործում է շատ դեպքերում առանց Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ հաշվի նստելու: Քրդստանի ինքնավարության ներկա սահմաններում նույնիսկ չի գործածվում Իրաքի դրոշը, ամենուր ծածանվում են միայն Քրդստանի սիմվոլները, ինչը շեշտում է այդ մարզի փաստացի անկախ կարգավիճակը: Սակայն դե ֆակտո անկախություն հաստատելը քիչ է, հարկավոր է նաեւ ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական անկախություն ձեռք բերել պաշտոնական Բաղդադից, ինչը հնարավոր է միայն նավթի ու գազի արդյունահանման ու արտահանման գործը կազմակերպելու միջոցով: Քրդստանի ներկա իշխանությունները բացի ինքնավարության տարածքից վերահսկում են նաեւ Քիրքուկի շրջանը, որը հայտնի է իր նավթի պաշարներով: Այստեղից է նաեւ սկսում դեպի Թուրքական Ջեյհան նավահանգիստ ձգվող նավթամուղը, ինչը ռազմավարական նշանակություն ունի այդ ինքնավարության համար, քանի որ նավթի արտահանման հիմնական ուղի է եւ վերջինիս տնտեսական անկախության երաշխիքը: 2005թ.-ից քրդերը կառուցել են նաեւ երկրորդ նավթամուղը, որը Թուրքիայի տարածքում միանում է դեպի Ջեյհան գնացող խողովակաշարին: Պաշտոնական Էրբիլը նախատեսում է նաեւ գազամուղի կառուցումը, որը դեպի Թուրքիա կհասցնի այդ ինքնավարությունում գտնվող գազի պաշարները: Խորաչափելու համար այդ ինքնավարության տնտեսական ու քաղաքական կենսունակությունը, նախ եւ առաջ պետք է հաշվի առնել, թե նավթի ու գազի ինչ պաշարների է տիրապետում եւ ինչ ուղղություններով կարող է այն արտահանել: Պաշտոնական Էրբիլը, հանձին նրա Բնական պաշարների նախարարության, բազմիցս հայտարարել է, որ քրդական ինքնավարությունը տիրապետում է նավթի 45 միլիարդ բարել պաշարի, իսկ գազի ապացուցված պաշարներըՙ մոտ 800 մլրդ խ/մ-ի (ոչ ապացուցվածներըՙ մինչեւ 5 տրիլիոն խ/մ): Այս թվերը, սակայն, գիտական եւ այդ տարածքում բնական ռեսուրսների արդյունահանմամբ զբաղվող միջազգային նավթային ընկերությունների շրջանակների կողմից կասկածի տակ են դրվում: Խնդիրն այն է, որ այդ տարածաշրջանը անդրազգային հեղինակավոր ընկերությունների կողմից միայն վերջին 10 տարիներին են սկսել ակտիվ կերպով ուսումնասիրվել, հետեւաբար վերջնական տվյալները նավթի ու գազի պաշարների մասին քիչ են, իսկ դա կարեւոր նշանակություն ունի այդ շրջանի զարգացման հնարավորությունն ու դինամիկան հասկանալու համար: Այնուամենյանիվ նկատենք, որ Միջազգային էներգետիկ գործակալությունը, խոսելով Իրաքի Քրդստանի նավթի պաշարների մասին, հաստատում է միայն, որ այն (խոսքը ապացուցված պաշարների մասին է), կազմում է մոտ 4 մլրդ բարել, այսինքն 10 անգամ ավելի քիչ, քան քրդերն են նշում: Քրդստանում գործող անդրազգային մի շարք ընկերություններ նավթի ապացուցված պաշարները գնահատում են մինչեւ 7 մլրդ բարել: Համեմատության համար նշենք, որ այս թիվը կազմում է աշխարհում նավթի պաշարների մոտ 0.6-0.8%-ը: Սակայն դրանք դեռ կարող են փոխվել, քանի որ, ինչպես նշեցի, հետազոտական աշխատանքները դեռ շարունակվում են: Իրաքի Քրդստանի համար պակաս կարեւոր նշանակություն չունի նաեւ գազի պաշարների գնահատումը, քանի որ կարեւոր է ներդրումներ ապահովելու համար: Համաձայն որոշ աղբյուրների, այնտեղ գազի պաշարների հիմնական մասը, ինչպես եւ նավթինը, կենտրոնացված է Քիրքուկի շրջանում եւ, հետեւաբար, այն է՛լ ավելի կարեւոր նշանակություն է ձեռք բերում քրդերի համար: Վերջիններս ցանկանում են դե ֆակտո իրենց վերահսկողության տակ գտնվող շրջանը միացնել, այնտեղ եւս հանրաքվե կազմակերպելով եւ այն վերջնականապես Իրաքից պոկելու եւ գազի ու նավթի պաշարներին տիրանալու համար: Դեպի անկախություն գնալու իրենց առաջին քայլերը Իրաքի Քրդստանի իշխանությունները իրականացնում են ռուսական նավթային հսկայիՙ Ռոսնեվթի հետ երկարատեւ պայմանագրի կնքումով: Այս տարվա հունիսի 2-ին երկու կողմերի միջեւ կնքված պայմանագրով ռուսական այդ ընկերությունը Քրդստանում նավթի ու գազի պաշարների շահագործման լայն հնարավորություն է ստանում: Ինչեւէ, Իրաքի քրդերը պատրաստվում են անկախության, սակայն նկատենք, որ վերջիններիս նավթագազային համակարգը այդ ինքնավարությունը կախման մեջ է հասցրել տնտեսության այդ սեգմենտից: Քրդստանի անկախությունը կախված է նավթի ու գազի արդյունահանման ու արտահանման հնարավորությունից: Վերջինիս կախվածությունը նավթից ու գազից խորքային է, եւ 2014թ. նավթի գների անկումը լուրջ ճգնաժամի հասցրեց այդ ինքնավարության տնտեսությունը: Վերջինիս բյուջեի պակասորդը կազմեց մոտ 4 մլրդ դոլար, ինչը Էրբիլին հնարավորություն չէր տալիս վճարել նույնիսկ աշխատավարձերը: Քրդստանի ինքնավարությունը ստիպված էր պարտք վերցնել Համաշխարհային բանկից եւ միջազգային ֆինանսական այլ կառույցներից: Այսինքն, վերլուծելով Իրաքի Քրդստանի տնտեսության, ասել կուզիՙ նավթագազային համակարգի վիճակը, պարզ է դառնում, որ այդ ինքնավարության համար անկախության մասին հայտարարելու լավագույն ժամանակաշրջանը չէ, հետեւաբար նման քայլը կարելի է գնահատել որպես փորձ կենտրոնական իշխանությունների վրա ճնշում գործադրելու եւ վերջիններից ֆինանսական լրացուցիչ միջոցներ կորզելու համար: Հայտնի է, որ Բաղդադը նավթագազային իր եկամուտներից մասնաբաժին է տալիս նաեւ Քրդստանին, որը այդ ինքնավարությունը վերահսկելու ձեւերից մեկն է, սակայն պաշտոնական Էրբիլը միշտ էլ դժգոհ է եղել իր փայաբաժնից, պահանջելով ավելին: Ներկայումս, երբ նավթի եկամուտները էականորեն նվազել են, քրդերը ֆինանսավորման նոր աղբյուրներ են փնտրում, այդ թվում օգտագործելով շանտաժըՙ անկախության հանրաքվեի մասին հայտարարություններ տարածելով` կենտրոնական իշխանությունից ավելի մեծ պատառ պոկելու համար: Ֆինանսական խնդիրները ազդում են նաեւ գործող վարչակազմի հեղինակության վրա, վտանգելով Բարզանիի ու նրա կլանի իշխանությունը Քրդստանում, հետեւաբար անկախության ձգտելու Իրաքի քրդերի բնական ձգտումը լավ միջոց է թե՛ սեփական հեղինակությունը պահպանելու, թե՛ լրացուցիչ գումարներ կորզելու համար: |