RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 30-06-2017



Տեղադրվել է` 2017-06-29 23:29:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 21672, Տպվել է` 2942, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԿԼԻՆԻ «ՕՊՏԻՄԱԼԱՑՎԱԾ» ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ...

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Երբ իրար են միացվում հյուսիսն ու հարավը

88-ի դեկտեմբերյան աղետից հետո Հայաստանում անհրաժեշտաբար ստեղծված Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը (ՍՊԱԾ) կազմավորման ու կայացման արդեն քառորդդարյա ներկայանալի ճանապարհ է անցել: Եվ թվում էՙ այսօր այն իր ուրույն խնդիրներով պայմանավորված ճիշտ տեղաբաշխված համակարգ էՙ միասին հանրապետության եւ Արցախի ողջ տարածքն ընդգրկող իր հյուսիսային, հարավային, արեւմտյան եւ արեւելյան ծառայություններով:

Սակայն, ինչպես հաղորդվել է, կառավարության հունիսի 15-ին կայացրած որոշմամբ ՊՈԱԿ-ների միավորում ու կրճատումներ են կատարվելու նաեւ այստեղ: «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» (կենտրոնըՙ Գյումրի, ընդգրկում է Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերը) եւ «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» (Սյունիք) պետական ոչ առեւտրային կազմակերպությունները վերակազմակերպվելու եւ միացվելու են «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայություն» (Երեւան եւ հարակից մարզեր) ՊՈԱԿ-ին, դառնալով կենտրոններ, այդ միացյալ կառույցն էլ վերանվանվելու է «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ: Այսպիսով համակարգը կառուցվածքային առումով բաղկացած կլինի միայն գլխադաս «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալությունից եւ մեկ տարածքային ստորաբաժանում-ՊՈԱԿ-ից ՀՀ-ում, մեկ էլՙ Արցախում: Բոլոր նշված կառույցներից կկրճատվի ընդհանուր հաշվարկով 50 աշխատողի հաստիք, կատարվող փոփոխություններով կտնտեսվի տարեկան 76,5 մլն դրամ...

Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պարզաբանման, այս օպտիմալացումն իրականացվում է համակարգի կառույցների գույքագրման, նրանց գործառույթների, խնդիրների արդիականացման (՞ - Գ. Մ.), կիրառվող տեխնոլոգիաների թվայնացման եւ նման այլ նպատակներով: Ասվում էՙ օպտիմալացվում են ոչ թե մասնագիտական գործունեություն իրականացնող ստորաբաժանումները, այլ վարչական ապարատը. միավորվելու են միմյանց գործառույթները կրկնող ստորաբաժանումները:

Սեյսմիկ պաշտպանությունը խիստ զգայուն ոլորտ է, մանավանդՙ բոլոր նրանց համար, ովքեր տեսել են կործանարար տարերքի ողջ դիվային զորությունը: Այս առումով սույն որոշումը հասկանալի մտահոգություն է հարուցում նախ որպես ոլորտի նկատմամբ երկրի իշխանության վերաբերմունքի շարունակվող հետընթաց փոփոխություն: Ժամանակին հանրապետության կառավարությանն առընթեր ստեղծված Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության բարձր կարգավիճակը հետագա տարիներին իջեցվեց. կառույցին տրվեց գործակալության կարգավիճակ, այն դարձվեց նախ ավելի նեղ խնդիրներ ունեցող արտակարգ իրավիճակների վարչության, հետո տարածքային կառավարման նախարարության ստորաբաժանում... Վերջին տարիներին ԱԻՆ համակարգում գործող կառույցի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» պաշտոնական անվան մեջ արդեն չկա «ազգային» բառը, իսկ «ծառայությունը» տվյալ դեպքում կարելի է համարել սոսկ ավանդական գործածություն: Եվ ահա հիմա էլ կառավարության նոր որոշմամբ «վերակազմակերպվում» ու իրար են միացվում տարածքային ծառայությունները: Դեռ լավ է, եթե այդպես արեւմտյան ծառայությանը միացող մյուս երկուսը գոնե դրա կենտրոնների կարգավիճակ կպահպանեն:

Իսկ կարգավիճակների տարբերությունը նշանակում է առնվազն ոլորտի խնդիրների անհրաժեշտ ուսումնասիրության, քննարկման ու համակարգման լծակների, նյութական ու այլ ռեսուրսների, առկա եւ ծագող խնդիրների ժամանակին լուծման, որոշակի իրավիճակներումՙ արագ ու արդյունավետ գործելու հնարավորությունների բավական մեծ տարբերություն: Ինչը այստեղ երբեմն կարող է նաեւ բախտորոշ նշանակություն ունենալ:

Մասնագետները, բազմիցս նշելով, որ Սպիտակի ուժգնության երկրաշարժը այդքան զոհերի ու ավերածությունների պատճառ չպետք է դառնար, որպես օրինակ այն համեմատում են 1989 թ. Սան Ֆրանցիսկոյի շրջանում տեղի ունեցած Լոմա-Պրիետայի նույն ուժի երկրաշարժի հետ, որից զոհվել է ընդամենը 64 մարդ... ՍՊ հյուսիսային ծառայության հեղինակավոր երեք տարբեր մասնագետներՙ գիտության դոկտորներ, անցյալ տարվա աշնանը բաց նամակով դիմեցին վարչապետին, հորդորելով ՊՈԱԿ-ների միացման ծրագրից զերծ պահել կենսականորեն կարեւոր ուրույն խնդիրներ լուծող այս համակարգը, որպեսզի այն չթուլանա: Սակայն նրանց լսող չեղավ: Կարելի է հասկանալ տարբեր բնույթի այն կառավարչական ստորաբաժանումների միավորումը, որոնք միմյանց գործառույթներն են կրկնում միեւնույն տարածքում: Բայց մեկը երկրի ծայր հյուսիսում ու մյուսըՙ ծայր հարավում թեկուզ համանման գործառույթ իրականացնող այս կարգի ծառայությունների միավորումը տրամաբանորեն դժվար է հասկանալ:

Ավելացնենք, որ Սպիտակի երկրաշարժ տեսած Հայաստանի հյուսիսը մնում է սեյսմիկ ամենաակտիվ գոտիներից մեկը, իսկ այն սպասարկող ՍՊ հյուսիսային ծառայությունը 1992-ին ստեղծվել էր նաեւ որպես մայրաքաղաքի որեւէ արտակարգ իրավիճակի դեպքում Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության կրկնորդ...

Իսկ որ ասվում է, թե կրճատվում են հիմնականում թափուր եւ տեխնիկական հաստիքները, նկատենք, որ նշված հյուսիսային ծառայությունում կրճատվելու է, օրինակ, այս ծառայության հիմնադիր տնօրեն, վերջերս թոշակի անցնելուց հետո տնօրենի խորհրդական, ոլորտի ճանաչված բազմափորձ մասնագետ, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանի հաստիքը: Նման մասնագետների փոխարեն ո՞ր երիտասարդ կադրային ռեզերվից են մարդիկ բերելու:

Աստված չանի, որ մի պետության համար խորհրդանշական ընդամենը 76,5 մլն դրամի տնտեսումը երբեւէ թանկ նստի մեզ վրա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 30-06-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ