ՀԱԿԱՌԱԿ ԲՈԼՈՐ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐԻՆՙ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԱԶԳԱՄԻՋՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆ, Բեյրութ Սփյուռքի արդի պատմության կարեւոր խորհրդաժողովներից մեկը օրերս տեղի ունեցավ Բեյրութի Թեքեյան կենտրոնում, մասնակցությամբ 6 երկրների 10 պառլամենտականների, նախարարների, հայ, քուրդ, ասորի, եզդի, հույն, Պոնտոսի հույն, քաղդեացի, զազա, թուրք առաջադեմ ղեկավարների։ Վաղուց Լիբանանն ու լիբանանահայությունը այսպիսի խորհրդաժողով չէին տեսել, մանավանդ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող փոթորկալից իրադարձությունների ֆոնին, Հայաստանի սահմաններին այնքա՜ն մոտիկ այս տարածաշրջանում։ Իրաքից ու Սիրիայից ավելի քան 2 միլիոն գաղթականների ու 21-րդ դարի կոտորածներից ու ցեղասպանություններից փրկվածների զանգվածներ պատսպարող «Մայրիների երկիր» Լիբանանը իր ազնիվ զավակներով մասնակից դարձավ հունիս 18-ինՙ «19 Հունվար» նախաձեռնության քաղաքական ֆորումի խորհրդաժողովի պաշտոնական բացման հանդիսության։ Արեւմտահայերի Ազգային համագումարից բխած այս քաղաքական մարմինը, 2014թ. Բեռլինում տեղի ունեցած եւս մի պատմական համագումարում որոշել էր Սփյուռքի երբեմնի «մայրաքաղաք» Բեյրութում կազմակերպել միջազգային 2-րդ համագումարը։ Մինչ Ռամկավար Ազատական կուսակցության «Հայ իրավանց մարմինը» համաձայնվել էր Թեքեյան կենտրոնի Հրաչյա Սեդրակյանի անվան դահլիճը վարձակալությամբ տրամադրել համագումարի պաշտոնական բացման հանդիսության համար, խարդավանքներով ու նենգափոխություններով լի վերջնական հաջողության ճանապարհի գլխավոր խանգարող տարրերն էին նույնինքն հայանուն մարդիկ նույն կուսակցությունից, որոնք ինչպես 1979թ. Փարիզում տեղի ունեցած համահայկական առաջին համագումարի օրերին, այս անգամ էլ կարելի բոլոր միջոցներով փորձեցին արգելք հանդիսանալ համագումարի կայացմանը։ 18 հունիսի առավոտյան ժամը 11-ին սկիզբ առած խորհրդաժողովի բացման հանդիսությանը ներկա էին ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Շիրակ Թորոսյանն ու Արսեն Միխայլովը, ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, Հայաստանից ժամանած ականավոր գիտնականներ եւ Հանրային հեռուստատեսության խոսնակ Աբրահամ Գասպարյանը։ «Անյայտ պատճառներով (իբր թե զգուշավոր նկատառումներով) խորհրդաժողովին չմասնակցեցին Լիբանանի ՀՀ դեսպանության աշխատակիցները։ Սակայն, Հունաստանի պառլամենտական եւ Պոնտոսի հույն պատվիրակության հետ, որ գլխավորում էր պատգամավոր Լազարիտիսը, ներկա էին Հունաստանի պաշտպանության նախարարության խորհրդական Կալայիսին։ Վրաստանի պառլամենտական պատվիրակությունը գլխավորում էր Դավիթ Չենչինաձէն։ Մասնակցում էր նաեւ «Միասնական Ջավախք»ըՙ նախագահ Վահագն Չախալյանի գլխավորությամբ։ Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանը ներկայացնում էին նախագահ Մահմուտ Բարզանիի մերձավոր պատգամավոր Ալի Հալոն եւ հայության ներկայացուցիչ պատգամավոր Երվանդ Ամինյանը։ Խորհրդաժողովը իրենց ներկայությամբ պատվեցին նաեւ Արգենտինայի դեսպան Ռիկարտօ Լ"Արիերան, Պաղեստինի ինքնավարության հյուպատոս Ռամզի Մանսուրը, Լիբանանի կանանց հարցերու նախարար, պետական երեսփոխան Ժան Օղասաբյանը, Լիբանանի Հանրապետության նախագահի խորհրդական Հաբիբ Աֆրամը (Ասորական միության նախագահ), «Լիբանանյան ուժեր» կուսակցության նախագահ Սամիր Ջաաջայի անձնական ներկայացուցիչ, պետական երեսփոխան Շանթ Չինչինյանը, ՌԱԿ Շրջանային վարչության ատենապետ Դոկտ. Ավետիս Տաքեսյանը, Ս.Դ. Հնչակյան կուսակցության ներկայացուցիչ Ալեքսան Քէոշկերյանը, «Ասորական միություն» կուսակցության նախագահ Իբրահիմ Մրադը եւ ուրիշներ։ Իրենց խոսքերով ու ելույթներով հանդես եկան մասնավորապես Հյուսիսային Սիրիայի ինքնավար մարզից («Ռոճավա») հատուկ ժամանած Տարիա Ղամիշլուն ու իր քրդուհի, խիզախ ղեկավար Հանան Օսմանը («Նեվրուզ»)։ Վերջինս սիրահոժար թարգմանչուհու դերը կատարեց գաղափարական իր հակառակորդ Ալի Հալոյի (Իրաքյան Քուրդիստանի պառլամենտից) ուղերձի ժամանակ…։ Քրդական 5 կուսակցություններին միացան նաեւ «Ազատություն եւ Սոցիալիզմ» կոմունիստական կուսակցության ղեկավարներ Սինան Չիֆթյուրեկն ու Հուսեյն Թոշանը (Դիարբեքիր, Բեռլին)։ Մինչ Անկարայից եւ Ստամբուլից ժամանել էին նշանավոր առաջադեմ մտավորականներ Սայիդ Չեթինօղլուն, Թուրքիայի խորհրդարանի նախկին անդամ Ուֆուկ Օրասը, Ալի Բայրամօղլուն (Հրանդ Տինքի հիմնադրամի հաստատողներից), «Նոր Զարթոնք»ի քաջարի անդամ Նորայր Օլկարը, «Աքատեքա»ի պատվիրակներ, նաեւ Գերմանիայից, գլխավորությամբ Իբրահիմ Սեւենի։ Շուրջ 2 ժամ տեւած պատմական խորհրդաժողովի պաշտոնական բացման հանդիսության ավարտից հետո, օտարերկրյա մասնակիցները Բիկֆայայի ամառնային նստավայրում ընդունվեցին Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսի կողմից, որ իր զորակցությունը հայտնեց Ցեղասպանության ենթարկված եւ տարագրված ժողովուրդների միջեւ երկխոսության եւ պայքարինՙ հանուն արդարության։ Հազիվ համագումարը վերջ գտածՙ սկսեցին «կուլիսային» չարանենգ խարդավանքները։ ՌԱԿ «Զարթօնք» թերթի խմբագիրը նախ մերժեց, հետո ճնշման տակ հոժարեց տպել նույն կուսակցության կենտրոնում տեղի ունեցած այս համագումարի մասին գրված հոդվածըՙ պատճառաբանելով Հայաստանի դեսպանի բացակայությունը, Հ.Յ.Դաշնակցության նման…։ Նենգափոխումները շատ չանցած երեւացին նաեւ Հանրային հեռուստատեսության (Հ1) եթերում, որ 8 րոպեանոց նկարահանման մեջ ոչ մի անգամ չէր նշվում Թեքեյան կենտրոնի եւ ո՛չ էլ գլխավոր կազմակերպիչի անունը ու կատարած եռամսյա հսկայական աշխատանքները, առանց որի անկարելի էր այսպիսի խորհրդաժողով կազմակերպելը։ Սակայն բոլոր մասնակիցների շնորհակալական ուղերձներն ու նամակները ամենամեծ բարենիշներն էին կազմակերպիչների համար, երաշխիքՙ ապագայի կարեւոր գործունեության։ |