4G+ (LTE Advanced) ՑԱՆՑԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԿԴԱՌՆԱ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 80-90%-ԻՆ Շարժական հեռախոսակապի ծածկույթի եւ ցանցի թողունակության առումով առաջատար ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է իրականացնել ցանցի ընդլայնման եւ արդիականացման աշխատանքներ: Այդ աշխատանքների նպատակը Երեւանում եւ մարզերում տվյալների փոխանցման ավելի բարձր արագություններ եւ ձայնային ծառայությունների ավելի բարձր որակ ապահովելն էՙ հաշվի առնելով նաեւ վերը նշված ծառայությունների սպառման ծավալների հաստատուն աճը: Ցանցի վերազինումը թույլ կտա շարունակել նորարարական տեխնոլոգիական լուծումների ներդրումըՙ բնակչությանն առավել արդիական եւ հարմարավետ ծառայություններ մատուցելու նպատակով: Համաձայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռազմավարությանՙ 2018-2020թթ. ընկերությունը նախատեսում է շահագործման հանձնել հիմնական կայանների նոր խմբաքանակ, ինչպես նաեւ ավելացնել գործող ցանցի թողունակությունըՙ ցանցի ենթակառուցվածքի ու սարքավորումների արդիականացման միջոցով: Ըստ այդմ` ընկերությունը 2018-ի ավարտին նախատեսում է 4G+ ցանցը (LTE Advanced) հասանելի դարձնել բնակչության 64%-ինՙ ներկայիս 52.4%-ի փոխարեն: Նախատեսվում է, որ 2019թ. 4G+ ցանցը նեդրված կլինի ոչ միայն բոլոր քաղաքներում, այլեւՙ խոշոր գյուղերում եւ հաղորդակցման ու առեւտրային կարեւորություն ունեցող ավտոճանապարհներին: Ըստ ռազմավարությանՙ նախատեսվում է, որ 2020թ. 4G+ տեխնոլոգիան հասանելի կդառնա բնակչության 80-90%-ին: Արդիականացման արդյունքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը լիովին պատրաստ կլինի հեռահաղորդակցության ոլորտի վերջին զարգացումներին: «Տեխնոլոգիաների զարգացման համաշխարհային միտումները հաշվի առնելովՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ը պարբերաբար իրականացնում է շարժական ցանցի համալիր արդիականացման, ներառյալՙ ենթակառուցվածքի վերափոխման լայնածավալ աշխատանքներ: 2018թ. մեր ընկերության համար կնշանավորվի արդիականացման նոր փուլի մեկնարկով, որի արդյունքում կունենանք շարժական հեռախոսակապի որակապես նոր ցանցՙ պատրաստ սպասարկելու ձայնային եւ տվյալների փոխանցման ծառայությունների առավել մեծ ծավալներ, ինչպես նաեւՙ շուկայում ներդրված ամենանորարարական լուծումները: ՎիվաՍել-ՄՏՍ-ում տեխնոլոգիական հերթական արդիականացումն իրականացվում է 3-4 տարին մեկ պարբերականությամբ: Մենք ունենք անհրաժեշտ վճռականությունը, կարողություններն ու ամուր թիմըՙ տեխնիկական եւ ՏՀՏ համակարգերը որակապես էլ ավելի բարձր աստիճանի հասցնելու համար», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : |