ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԵՂԱՐԿՈ՞ՒՄ ԵՆ ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ Հունիսի 1-16-ը Նախիջեւանում անցկացվեցին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ: Պաշտոնապես դրանք «պաշտպանական» բնույթ էին կրում: Տեղեկատվության պակասի պատճառով դժվար է ասել, թե փաստացի ինչ են խաղարկել թուրք եւ ադրբեջանցի զինվորականները: Զորավարժություններին ադրբեջանական կողմից տրված քաղաքական գնահատականը մեկն է. «Թուրքիան Նախիջեւանի անվտանգության երաշխավորն է»: Հայտնի չէ, թե Թուրքիան երբ եւ որտեղ է նման պարտավորություն ստանձնել: Պաշտպանության բնագավառում թուրք-ադրբեջանական փոխադարձ օգնության մասին պայմանագրում խոսվում է կողմերից մեկի դեմ երրորդ երկրի զինված նախահարձակման դեպքում մյուսի անհապաղ օժանդակության մասին: Այսինքն, պատերազմի դեպքում Թուրքիան պարտավորվում է ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, բայց չունի նրա տարածքը կամ դրա մի մասը պաշտպանելու պարտավորություն: Ստեղծված իրավիճակը բավական դիպուկ բնութագրել է Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սարդար Ջալալօղլուն, որի կարծիքով` «Նախիջեւանը իրավական առումով Ադրբեջանի, ֆիզիկապես` Թուրքիայի մաս է»:(http://cebhe.info/turkiyenin-naxcivan-plani-nedir-64392): Նրա տեղեկացվածությամբ, Նախիջեւանի բնակչության 80 տոկոսը ներկայումս ապրում եւ աշխատում է Թուրքիայում: «Նախիջեւանում պետք է բնակվեր 350-400 000 մարդ, բայց այնտեղ փաստացի կա 30-40 000 բնակչություն, ինչը սպառնալիք է տեղաշրջանի անվտանգությանը»: Այս առումով նա կարեւորում է Նախիջեւանում ազատ տնտեսական գոտի ստեղծելու Թուրքիայի նախաձեռնությունը: Ջալալօղլուի կարծիքով` այդ դեպքում կվերանա մուտքի արտոնագրային ռեժիմը, Նախիջեւանում կշրջանառվի թուրքական լիրան, կբացվեն հազարավոր աշխատատեղեր, կբարելավվեն բնակչության սոցիալ-կենցաղային պայմանները: Ասվածից հասկացվում է, որ ազատ տնտեսական գոտու անվան տակ Թուրքիան իրականում ձգտում է Նախիջեւանը բռնակցել: Հայտնի չէ, թե հարցի շուրջ որն է Ադրբեջանի կառավարության դիրքորոշումը: Քաղաքական իմաստով Նախիջեւանը ներկայիս ադրբեջանական ռեժիմի համար, կարծես, կորցնում է կարեւորությունը: Ադրբեջանի քաղաքական վերնախավում տեղի են ունենում խորքային վերադասավորումներ, որոնց արդյունքում իշխանության տարբեր օղակներում ամրապնդվում են նոր սերնդի ներկայացուցիչներ, որոնք կապված չեն նախիջեւանյան կլանի հետ: Դրանից, իհարկե, չի հետեւում, թե Ադրբեջանի իշխանությունը պատրաստ է Նախիջեւանը հեշտությամբ զիջել Թուրքիային, բայց անկլավային տեղաշրջանը պահելու այլ հնարավորություն էլ, կարծես, Բաքուն չունի: Անվտանգության եւ տնտեսական իրավիճակի հնարավորինս կարգավորման հարցերում դիմելով Թուրքիայի աջակցությանը, Իլհամ Ալիեւը փաստացի խոստովանում է, որ Նախիջեւանի հանդեպ Ադրբեջանը չի կարող կատարել իր պարտականությունները: (*) Անկասկած, Նախիջեւանում ազատ տնտեսական գոտու ստեղծումը եւ իրավիճակի համեմատական բարելավումը մեկ օրվա խնդիր չէ: Դրա համար ժամանակ եւ իրավական կարգավորում ենթադրող որոշումներ են պետք: Հնարավոր է, գործընթացը տեւի ոչ մեկ տասնամյակ: Այդ ամբողջ ժամանակաշրջանում, սակայն, բաց է լինելու մի հարց. Թուրքիան եւ Ադրբեջանը չեղարկո՞ւմ են Կարսի պայմանագիրը, Ռուսաստանը եւ Թուրքիան պատրա՞ստ են վերանայել Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիրը: Եթե խոսքը նոր իրավա-պայմանագրային հարաբերությունների մասին է, ապա թուրք-ադրբեջանական որեւէ պայմանավորվածություն, որը շոշափում է Նախիջեւանի կարգավիճակի հարցը, պետք է պարտադիր քննարկվի նաեւ Հայաստանի հետ: Հակառակ դեպքում թուրք-ադրբեջանական պայմանավորվածությունները չեն ունենա իրավական ուժ: Հայաստանի համար նոր իրավիճակը կարող է հնարավորություն դառնալ, որպեսզի Նախիջեւանի հարցը միջազգայնացվի: Իսկ առհասարակ տեսանելի է, որ Ադրբեջանում անհանգստացած են Մերձավոր Արեւելքում հնարավոր վերաբաժանումներով եւ աշխատում են մինչ այդ Նախիջեւանի համար ապահովել թուրքական պրոտեկտորատ: Այդ միտումը չափազանց ակնհայտ է եւ վկայում է, որ Ադրբեջանը վստահություն չունի, որ կարող է իրավական դաշտում պաշտպանել Նախիջեւանի նկատմամբ իրավունքը: *) 1995 թ.ին Հեյդար Ալիեւը կոչ էր անում Թուրքիայինՙ տեր կանգնելու Նախիջեւանինՙ որպես իր հարազատ տարածք: Խմբ.: |