ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՍԻՆ ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ,պգթ Էներգետիկ աշխարհաքաղաքականության ու միջազգային անվտանգության մասնագետ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի Իրան կատարած այցից հետո, որտեղ նա մասնակցում էր Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը, նորից վերսկսվել են խոսակցությունները իրանական գազի եւ Հայաստանով դրա տարանցման հնարավորությունների մասին: Այս թեման առաջին անգամը չէ, որ դառնում է քննարկման առարկա, այսպես կոչված, հայ փորձագիտական ու քաղաքագիտական շրջանակների համար, որոնք սկսում են առաջ քաշել տարբեր վարկածներ, որպես կանոն մեկը մյուսից ավելի ֆանտաստիկ ու զարմանահրաշ, որոնք, սակայն, հեռու են իրականությունից եւ չեն արտացոլում այն իրողությունները, որում մենք ապրում ենք: Նման իրավիճակը պայմանավորված է նաեւ մեր այսպես կոչված փորձագիտական կոչվող հանրության մտավոր խեղճությունից ու ակադեմիական մակարդակով աշխատելու անընդունակությունից, սակայն այս թեմային կանդրադառնանք մեկ այլ անգամ, իսկ հիմնական հարցը, որ մեզ հետաքրքրում է ներկա պահինՙ իրանական գազն է ու դրա տարանցման հնարավորությունը Հայաստանի տարածքով: Ըստ ապացուցված գազի պաշարների, Իրանի Իսլամական Հանրապետությունը թիվ մեկ պետությունն է աշխարհում, այս հարցում առաջ անցնելով նաեւ Ռուսաստանից, թեեւ հանուն ճշմարտության պետք է նշել, որ ապացուցված գազի կամ նավթի պաշար հասկացությունը որոշակի հաշվարկման մեխանիզմ է իր մեջ պարունակում, ինչի արդյուքնում մեկ տարի կարող է Իրանը առաջին հորիզոնականում լինել, մեկ ուրիշ տարի Ռուսաստանը, ինչը պայմանավորված է այդ հումքիՙ գազի գնից եւ այլ ազդակներից: Ինչեւէ, այս պահին, ըստ միջազգային մի շարք հեղինակավոր էներգետիկ կառույցների զեկույցների, Իրանն է զբաղեցնում աշխարհում առաջին հորիզոնականը մոտ 18% պաշարներով: Երկրորդը այս ցուցակում Ռուսաստանն էՙ 17.3%, երրորդ հորիզոնականում է Քաթարըՙ 13%-ով, իսկ 4-րդ տեղում է Թուրքմենստանըՙ 9.4%: Ավելացնենք, որ գազի խոշոր պաշարներ ունեցող պետությունների ցանկում Ադրբեջանը 0.6 %-ով զբաղեցնում է վերջին տեղերից մեկը: Չնայած հսկայական այդ պաշարների, Իրանը գազի արդյունահանման իր ցուցանիշով (մոտ 202մլրդ/խմ) էականորեն զիջում է ԱՄՆ-ին (4.7%) եւ Ռուսաստանին: Վերջին երկուսը արդյունահանում են տարեկան 749 եւ 579 մլրդ/խմ գազ: Ներքին սպառման ցուցանիշները սակայն ցույց են տալիս, որ Իրանը իր իսկ արդյունահանած գազի 98% ինքն էլ սպառում է, ինչը նշանակում է, որ վերջինս լուրջ խնդիրների է բախվում գազի համապատասխան ծավալներ ապահովելու եւ այն արտահանելու համար: Այս հարցի` այսինքն գազի արտահանման պարտավորություններ իրականացման համար, Իրանը գազ է ներմուծում Թուրքմենստանից: Այսօր Թուրքմենստանը Իրանին է կապում երկու գազամուղ, ընդհանուր մոտ 14 մլրդ/խմ հզորությամբ, ու այս գիծը ապահովում է նաեւ Իրանից Թուրքիա գազի արտահանման հզորությունները: Նկատենք, որ իրանական գազի հիմնական պաշարները կենտրոնացված են Պարսից ծոցում, որտեղ կան ե՛ւ գազի հանքեր, ե՛ւ նավթի, որոնցից եւս արդյունահանվում է, այսպես կոչված, ուղեկցող գազ: Սա այն գազն է, որը կա յուրաքանչյուր նավթահանքում խտացված վիճակով եւ այն վերածվում է գազիՙ երբ հանքում ճնշումը թուլանում է: Հենց այս ուղեկցող գազն էլ շատ հաճախ վառվում է Պարսից ծոցում, եւ այդ պատկերին կարելի ականատես լինել, երբ երբեւէ հայտնվեք այնտեղ: Ինչեւէ, հայ հանրությանը հետաքրքրող հիմնական հարցը, թե արդյոք երբեւէ կհոսի՞ իրանական գազը Հայաստանով դեպի Եվրոպա, միանշանակ պատասխան չունի, քանի որ իրականությունը այլ է, քան մենք պատկերացնում ենք ու այն ընկած է մի շարք հարթություններում: Պետք է հասկանալ, որ լրջագույն այս հարցի քննարկման համար նախ եւ առաջ հարկավոր է, որ արդյունահանող եւ սպառող կողմերը, տվյալ դեպքումՙ Իրանը եւ Եվրոմիությունը, ցանկություն հայտնեն այդ գազի շուրջ նախնական բանակցություններ սկսելու շուրջ ու կնքեն գոնե մտադրությունների մասին ինչ-որ համաձայնագիր: Սա մի գործընթաց է, որ երբեւէ չի կատարվել նույնիսկ հայտարարությունների մակարդակով, եւ արդեն նմանատիպ նախնական համաձայնագրի բացակայությունը անիմաստ է դարձնում նաեւ այդ քննարկումները: Ճիշտ է, Իրանը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է դիտարկել դեպի Եվրոպա գազի տարացման հարցըՙ թուրքական, սիրիական եւ կովկասյան ուղղություններով, սակայն այդ հայտարարությունները կատարվել էին մինչեւ սիրիական ճգնաժամը: Հասկանալի է, որ ամենակարճ ուղին անցնում է Թուրքիայուվ, սակայն այս երկու երկրների հարաբերությունների պատմությունը, այդ թվում նաեւ գազի տարացման հարցում, ցույց է տվել, որ նման հարցերում նրանք ի վիճակի չեն գալու ընդհանուր համաձայնության, առավել եւս, որ Իրանը իր ծրագրերը, գազի արդյունահնման առումով, կառուցում է հաշվի առնելով մի քանի ուղղություններ, այդ թվում կովկասյանը, այսինքն հայկական ուղին: Ինչու հայկական, որովհետեւ ամենակարճ ճանապարհը անցնում է Հայաստանով եւ արդեն կա գործող 2.3 մլրդ/խմ տրամագծով գազամուղ, ինչը հեշտացնում եւ էժանացնում է նոր գազամուղի կառուցումը: Սակայն Եվրոմիության ղեկավարության կողմիցՙ Իրանի հետ գազի ներմուծման շուրջ բանակցություններ սկսելու մասին հայտարարություն երբեք չի կատարվել, ինչի պատճառը Իրանի նկատմամբ սահմանված քաղաքական ու տնտեսական պատժամիջոցներն են եղել: Կա նաեւ խնդրի տնտեսականՙ կոմերցիոն կողմը եւս, որը մասնագիտական շրջանակների բնորոշմամբ շատ ռիսկային է եւ տնտեսապես ոչ արդարացված: Սա թերեւս հարցի կարեւորագույն կողմն է, քանի որ նմանատիպ ծրագրերՙ գազամուղերի կառուցումը կատարվում է տնտեսական օգուտ ստանալու համար, իսկ դրա բացակայության պայմաններում այդ ծրագրերը դադարում են գործել: Նկատենք, որ գազը ի տարբերություն նավթի, բիրժային ապրանք չէ, եւ դրա գինը տարածաշրջանից տարածաշրջան էականորեն տարբերվում է, հետեւաբար ամեն անգամ պետք է հաշվի առնել այն իրողությունը, որի պայմաններում ստիպված ես աշխատել: Եվրոպայի գազի շուկան, որի ծավալը մոտ 500 մլրդ/խմ է, գերհագեցած շուկաներից մեկն է, այնտեղ գազի հիմնական ներմուծողներն են Նորվեգիան, Ռուսաստանը: Բացի դրանցից, գազի արդյունահանմամբ զբաղվում են Եվրոպական մի շարք պետություններ, առաջին հերթին Հոլանդիան, մասամբ նաեւ Բրիտանիան, Ռումինիան եւայլն: Եվրոպա նաեւ ներմուծվում է այսպես կոչված հեղուկացված գազ Քաթարից եւ մի շարք այլ պետություններից, այս շուկայում իր հեղուկացված գազով փորձում է հաստատվել նաեւ ԱՄՆ-ը: Գազի նման գերհագեցածությունը այս շուկայում հանգեցրեց նրան, որ դրա սակագները վերջին 3 տարում կրկնակի նվազեցին 450-ից մինչեւ 250 դոլար հազար խորանարդ մետրի համար: Գազի գնի նման անկումը էլ ավելի անհրապույր է դարձնում այդ շուկան նոր ներմուծողների համար, հետեւաբար սպասել, կամ քննարկել, որ ինչ-որ մեկը կկառուցի հսկայական գազամուղ, որը Իրանի հարավը կկապի Եվրոպայի հետ ու դրանով կտարանցվի գազ, որը երբեւէ կարող է օգուտ բերել, գոնե տեսանելի ապագայում, քիչ հավանական ու անիմաստ գործընթաց է: Այսպիսով Իրանը ներկա պահին չունի արդյունահանվող համապատասխան քանակության գազ, իսկ Եվրոմիությունն էլ քաղաքական ցանկությունՙ դրա ներմուծումը կազմակերպելու համար: Բացի այդ, հարցի կոմերցիոն կողմն էլ շատ կասկածելի է, հետեւաբար սպասել, որ ծրագիրը կարող է եկամտաբեր լինելՙ նույնպես քիչ հավանական է: (Շարունակելի) |