RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18 > #031, 2017-08-25 > #032, 2017-09-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 18-08-2017



ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐ

Տեղադրվել է` 2017-08-18 12:49:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 13354, Տպվել է` 1502, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՒՇԱԳՐԱՎ ՆԵՐԴՐՈՒՄ ԵԳԻՊՏԱՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ

Աշխարհաքաղաքական վերիվայրումներն իրենց բերած փոփոխությունների, ավերածությունների հետ զուգահեռ հարկադրաբար ուշքի գալու, գործի լծվելու եւ ունեցվածքիդ տեր կանգնելու պահանջ են թելադրում հատկապես գիտակից մտավորականության շրջանում: Մերձավոր Արեւելքում ծավալված վերջին տասնամյակի իրադարձությունները եւ դրանց հետեւանքում Իրաքում, Եգիպտոսում, Սիրիայում եւ այլուր ստեղծված ամուր հայկական համայնքների քայքայումը, այդ հյուրընկալ երկրներում հայ բնակչության նոսրացումը առավել եւս հրատապ են դարձնում այդ պահանջը:

Պահանջը, սակայն, լուրջ ուսումնասիրության, պրպտող մտքի, երկար ու ձիգ տառապալի տարիների քրտնաջան ու համբերատար աշխատանքի ծանրակշիռ մի բեռ է, որ ամեն մարդ չի համարձակվում իր վրա վերցնել: Դրա համար անհատը պետք է զինված լինի համապատասխան նախնական գիտելիքներով, կրթությամբ եւ մանավանդ հայապահպանման բարձր գիտակցությամբ ու նվիրումի պատասխանատվությամբ:

Եգիպտոսի հայկական համայնքային կառույցների մասին տեղեկությունները սերունդներին հանձնելու բեռը իր վրա է վերցրել եւ պատվով իրականացրել եգիպտահայ հայտնի մտավորական, մասնագիտությամբ ատամնաբույժ-վիրաբույժ դոկտ. Սուրեն Ն. Պայրամյանը , Կահիրեում լույս ընծայելով «Հայկական համայնքային կառոյցները Եգիպտոսի մէջ» կոթողային աշխատանքը:

Համադրող-հեղինակը հատորը ձոնել է իր «հայադրոշմ դուստրերին» եւ «հայազարմ թոռներին», իսկ նվիրել է «հաւատաւոր սերունդերու իրականացած երազանք Հայաստանի անկախութեան 25-ամեակին»: 320 էջ պարունակող հանրագիտարանային տիպի հատորը բացվում է երախտագիտական խոսքով, որտեղ հեղինակը նվիրական զգացումներով ոգեկոչում է հիշատակը եւ փառավորում վաստակը «այն բազմերախտ բանասէրներուն, որոնց լոյս ընծայած հրատարակութիւնները ու նկարներըՙ օգտաշատ նիւթ հայթայթած են» հատորին:

Առաջաբանից տեղեկանում ենք, որ աշխատությունը նախաձեռնելու ուղեցույց են հանդիսացել եգիպտահայ տարեցույցների շարքինՙ Մխիթարյան միաբանության Կահիրեի վարժարանի հրատարակած, շահեկան բովանդակությամբ «Ուսումնարան» տարեգրքերի 1959-60 եւ 1962-ի երկու հաջորդական հատորների հոդվածները, ինչպես նաեւ տարբեր ժամանակաշրջաններում բանասեր-հասարակական գործիչների մատենագիտական ջանքերով պատրաստված հրատարակությունները: Օգտագործված աղբյուրների թվում են նաեւ մամուլի զանազան օրգաններ («Ազատ բեմ», «Արաքս», «Յուսաբեր», «Արմաւենի», «Արեւ», «Ջահակիր», «Սաւառնակ», «Տեղեկատու» եւայլն), ծրագիր-կանոնագրեր («Ակնայ եւ շրջակայից հայրենակցական միութեան», «Կեսարիոյ եւ շրջակայից հայրենակցական միութեան», «Հայ կարմիր խաչի», «ՀՕԿ-ի Եգիպտոսի շրջանի», «ՀԲԸՄ-եան», «Հայ որբախնամ ընկերութեան», «Աղքատախնամ ընկերութեան հայոց», «Գալուստեան-Պէրպէրեան-Պօղոսեան վարժարաններու» եւայլն), ինչպես նաեւ զանազան հրատարակություններ («Աբգարեան դարմանատուն», «Այծեմնիկ Տիկնանց միութիւն: 1925-2003», «Հ.Կ. խաչի վեցամսեայ տեղեկագիր (1915-16)», «Նիւթեր Եգիպտոսի հայոց պատմութեան համար, Ա.Բ.Գ. հատորներ», «Ներգաղթողին գրքոյկը, 1946», «Տիպ ու տառ, Թեոդիկ, 1912» եւ այլն):

Տվյալները կարելիության սահմաններում համադրված կերպով ընթերցողին ներկայացնելու համար հեղինակը հարմար է նկատել որդեգրել որոշակի աշխատելաձեւՙ հստակ, առանձին բաժինների մեջ ներառելով (ա) եգիպտահայ ազգային եւ անհատական, կաթողիկե եւ ավետարանական վարժարանները (Կահիրեում, Ալեքսանդրիայում, Պորտ Սաիդում, Զագազիգում, Ասիութում), (բ) եգիպտահայ բարեսիրական, մշակութային, հայրենակցական, Սանուց-շրջանավարտից, պատանեկան-երիտասարդական, կանանց, մամուլի-հրատարակչական, խնայողական, բժշկական եւ երաժշտական միություններն ու ընկերությունները (Կահիրեում, Ալեքսանդրիայում, Պորտ Սաիդում, Զագազիգում, Թանթայում եւ Ասիութում), (գ) եգիպտահայ նվագախմբեր, երգչախմբեր եւ թատերախմբեր (Կահիրեում, Ալեքսանդրիայում եւ Զագազիգում), (դ) եգիպտահայ մարզական, սկաուտական միություններ (Կահիրեում, Ալեքսանդրիայում, Պորտ Սաիդում եւ Զագազիգում), (ե) եգիպտահայ տպարաններ (Կահիրեում եւ Ալեքսանդրիայում), (զ) եգիպտահայ գրադարաններ (Կահիրեում եւ Ալեքսանդրիայում), (է) Հայ մամուլը Եգիպտոսի մեջ ըստ հրատարակության վայրի եւ ժամանակագրության (Կահիրեում եւ Ալեքսանդրիայում), (ը) Նմույշներ եգիպտահայ կանոնագրերի եւ տեղեկագրերի, (թ) Եգիպտահայ մարզական եւ սկաուտական նշանակներ, եւ (ժ) Մեծ եղեռնի եգիպտահայ հուշակոթողներ: Եգիպտացի եւ հայ ժողովուրդների բարեկամության հուշակոթողի լուսանկարով, օգտագործված աղբյուրների ցուցակով եւ կենսագրական հակիրճ տեղեկություններով եզրափակվում է այս խիստ կենսական նշանակություն ունեցող հատորը:

Հեղինակըՙ դոկտ. Սուրեն Նարբեյի Պայրամյանը ծնվել է Կահիրեում 1943-ին: Հայկական Գալուստյան ազգային (1948-1955) եւ մարոնիթների երկրորդական վարժարանները (1955-1960) ավարտելուց հետո ուսումը շարունակել է Կահիրեի համալսարանում եւ դարձել ատամնաբույժ-վիրաբույժ: Վարել է բազմաբեղուն ազգային-հասարակական գործունեություն 1965-ից սկսած: Անդամ է Կահիրեի հայկական թեմական ժողովի: Եղել է «Յուսաբեր» օրաթերթի խմբագիրը (1982-1987 թթ.): Հեղինակն է «Հայ մամուլը Եգիպտոսի մեջ», «Հայ գիրքը Եգիպտոսի մեջ», «Յուսաբեր» օրաթերթի 100-ամյակը եւ «Հայ գրատպության 500-ամյակի ոգեկոչումը Կահիրեի մեջ» հատորների: Արժանացել է Սբ. Էջմիածնի կաթողիկոսության «Սահակ-Մեսրոպ» շքանշանին (1999), Հ.Մ.Ը.Միության «Արտակարգ շքանշանին» (1999) եւ Մեծի Տանն Կլիլիկիոյ կաթողիկոսության «Մեսրոպ Մաշտոց» շքանշանին (2012): Իսկ այս տարվա հուլիսինՙ ՀՀ Սփյուռքի նախարարության մրցանակինՙ «Մայրենի լեզվի պաշտպանության գործում 2016-ի նշանակալի ավանդի համար»:

Արժանին պետք է մատուցել դոկտ. Պայրամյանին, որ համբերատար ու բծախնդիր աշխատանքի շնորհիվ կարողացել է պատմության եւ մեր հաջորդ սերունդների համար համադրել այս կոթողային աշխատանքը, չսահմանափակվելով միայն Կահիրեով, այլեւ հասնելով մինչեւ Զագազիգ, Թանթա եւ Ասիութ, առավել համապարփակ դարձնելու համար իր ուսումնասիրությունը: Նույնիսկ նախկին եգիպտահայիս համար այնտեղ շատ նորություններ կան եւ ընդհանրապես հատորը արթնացնում է գեղեցիկ ու անմոռանալի հիշողություններ: Ներառնված լուսանկարները նպաստում են գրքի արժեւորմանը, իսկ ամենահատկանշականն այն է, որ կատարված արձանագրությունները մեկտեղված են առանց խտրականության, առանց կողմնակալության:

Վարձքդ կատար, սիրելի Սուրեն, եւ հետագա նորանոր ձեռքբերումներ:

Նկար 1. Սուրեն Պայրամյան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 18-08-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ