ՉԻՆԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՆԸ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ Օգոստոսի 9-ին Չինաստանի փոխարտգործնախարարՙ Լի Հուիլաիի ղեկավարած պաշտոնական պատվիրակությունը Հայաստան այցելեց երկու երկրների արտգործնախարարությունների միջեւ խորհրդակցություններ անցկացնելու համար: Հյուրերը ներկա գտնվեցին Հայաստանում Չինաստանի նոր դեսպանատան կառուցման հիմնարկեքի պաշտոնական արարողությանը: Նոր դեսպանատունը, որն զբաղեցնելու է 40 հազար քառ. մետր տարածք, երկրորդ մեծագույն դիվանագիտական հաստատությունն է լինելու նախկին Խորհրդային Միության տարածքում: Մենք, իհարկե, գիտենք Երեւանում Մ. Նահանգների դեսպանատան հսկայական չափերի մասին, որն աշխարհում այդ երկրի երկրորդ խոշոր կառույցն է Բաղդադի դեսպանատնից հետո: Երբ նախագահ Սերժ Սարգսյանը Պեկին այցելեց 2015-ին, Չինաստանի կառավարությունը ջանք չխնայեց նրան դիվանագիտական ամենաբարձր ընդունելության արժանացնելու համար, զարմանք պատճառելով աշխարհի որոշ մայրաքաղաքներում, թե ինչու 1,5 միլիարդ ազգաբնակչություն ունեցող մի երկիր այդքան մեծ ուշադրության է արժանացնում մի փոքր երկրի, որ հազիվ 3 միլիոնի հասնող բնակչություն ունի: Չինաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Հայաստանի հետ 25 տարի առաջ: Այդ ժամանակահատվածում նա արտակարգ առատաձեռնություն է ցուցաբերել մեր երկրի հանդեպ, նվիրելով այլ բաների շարքում նաեւ ավտոբուսներ, շտապ օգնության մեքենաներ եւ գյուղատնտեսական սարքավորումներ: Մի քանի տարի առաջ Ադրբեջանի կառավարությունը վայնասուն բարձրացրեց, որ Պեկինը մեկ միլիարդ դոլարի զինամթերք է մատակարարել Հայաստանին: Չինաստանի կառավարությունը հայտարարեց, որ լուրերի մեջ փորձելու է գտնել, թե արդյոք ճի՞շտ է այդ մեղադրանքը: Փնտրտուքները, մինչ օրս, դրական արդյունք չեն տվել: Նոր դեսպանատան հիմնարկեքի արարողության ժամանակ Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը հայտարարեց, որ երկու երկրների միջեւ գոյություն ունեցող երկկողմանի հարաբերությունները զարգանում են դինամիկորեն: Գիտության եւ մշակույթի ոլորտներին վերաբերող մի քանի համաձայնագրեր եւս ստորագրվեցին, եւ կողմերն իրենց համաձայնությունը տվեցին գործարկելու ուղիղ չվերթներ երկու երկրների մայրաքաղաքների միջեւ: Առիթից օգտվելով Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Չինաստանի կառավարությանը ղարաբաղյան հակամարտության հարցում հավասարակշռված մոտեցում ցուցաբերելու համար: Հաշվի առնելով տարածաշրջանում Ադրբեջանի կողմից պարտադրված սպառազինությունների մրցավազքը, Հայաստանի համար շահեկան է վայելել բարեկամությունը Չինաստանի նման հզոր մի երկրի, որն աշխարհում ամենաարդիական զինամթերքի արտադրության կենտրոններից մեկն է դարձել: Չինաստանը նաեւ վետոյի իրավունք ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Չինաստանը առաջադիմող, բարգավաճող երկիր է եւ հետաքրքրական է իմանալ, թե ինչ տեղ է զբաղեցնում Հայաստանը այդ երկրի համընդհանուր ծրագրերի ոլորտում: Գաղափարախոսական բնագավառում Չինաստանն ու նախկին Խորհրդային Միությունը հակասական դիրքերում են: Խորհրդային Միությունը որդեգրեց Մարքսիզմ-լենինիզմի գաղափարախոսությունը ձեւավորելու համար մի հասարակարգ, որտեղ պրոլետարիատի անվան տակ ստեղծվեց պատեհապաշտների բռնատիրություն, որն էլ շահագործեց ու ճնշումների ենթարկեց հենց այդ նույն պրոլետարիատին: Խորհրդային համակարգը ստեղծեց հավասարություն իր աղքատ քաղաքացիների շրջանում, մինչդեռ Չինաստանը հավասարություն ստեղծեց բարգավաճման բնագավառում: Նրանքՙ չինացիները օգտագործեցին մարքսիստական փիլիսոփայությունը բարձրացնելու համար 1,5 միլիարդ բնակիչների կենսամակարդակը: Փաստորեն երկրի ներսում Չինաստանը թույլ տվեց միլիոնատեր դասակարգի առաջացմանը, առանց խարազանելու նրա պատեհապաշտությունը արտաքին առեւտուր իրականացնելու բնագավառում: Գաղափարախոսական սահմանափակումներ չէին կիրառվում նրա նկատմամբ: Հեգնական կարող է թվալ այն փաստը, որ Չինաստանի գաղափարախոսության հակառակորդ Մ. Նահանգները նրա ամենամեծ առեւտրային գործընկերն է: Միջուկային բնագավառում հավասարության հասնելու փոխարեն Չինաստանը հաջողությամբ կարողացել է ստեղծել տնտեսական լծակների մի համակարգՙ հակազդելու համար Մ. Նահանգների քաղաքականությանը: Այդ համակարգը գործում է նաեւ ամբողջ աշխարհի մասշտաբով: Վերջերս Պեկինի կառավարությունը հանդես եկավ բազմատրիլիոն դոլարի արժողությամբ մի նախաձեռնությամբՙ կառուցելու նոր մետաքսե մի ճանապարհ, որն ընդարձակելով նախկին մետաքսե ճանապարը, հասնելու է մինչեւ Հյուսիսային Եվրոպա: Նոր Մետաքսե ճանապարհը մրցակցելու է ռուսական գլոբալ նախաձեռնությունների հետ եւ շրջանցելու է Ռուսաստանի տարածքը, անցնելով Կենտրոնական Ասիայի երկրներով եւ հետեւաբար տնտեսական կապեր հաստատելով այդ երկրների հետ: Չինաստանի նախաձեռնությունը ոչ միայն խախտելու է Ռուսաստանի տնտեսական ծրագրերը, այլեւ ձախողելու է Կենտրոնական Ասիա թափանցելու Թուրքիայի նկրտումները: Հայտնի փաստ է, որ Խորհդային կայսրության անկումով վերազարթնեց Էնվեր փաշայի պանթյուրքիզմի գաղափարախոսությունը: Թուրքիան պատվիրակություններ ուղարկեց Կենտրոնական Ասիայի թյուրքական երկրներՙ նպատակ ունենալով ստեղծել լեզվական ընդհանրությունների վրա հիմնված միասնություն, մի ծրագիր, որն այդպես էլ համախոհներ չգտավ: Հետո նա փորձեց Սաուդյան Արաբիայի աջակցությամբ առաջ տանել կրոնական գործոնը: Երկու երկրների ջանքերով մադրասաներ (կրոնական վարժարաններ) եւ մզկիթներ կառուցվեցին Կենտրոնական Ասիայի երկրներում, սակայն դրանք չկարողացան կրոնական մոլեռանդություն առաջացնել այդ երկրների ժողովուրդների շրջանում, քանի որ վերջիններիս հավատը հիմնված էր խորհրդային շրջանի աթեիստական գաղափարախոսության վրա: Բայց այս անհաջողությունները բոլորովին չընկճեցին կամ չհուսահատեցրին Թուրքիային: Նա շարունակեց իր նկրտումները: Անկարան նույնիսկ հանդգնեց խլրտումներ առաջացնել Չինաստանի Ույգուրական շրջանում, եւ գուցե դա է պատճառը, որ ի պատասխան Կենտրոնական Ասիա ներթափանցելու թուրքական փորձերին, Չինաստանը մարտավարական գործընկերություն է ծավալում Կովկասում: Հայաստանը անուղղակիորեն օգտվում է Թուրքիայի ծավալապաշտական մտադրությունների դեմ մղված Չինաստանի քաղաքականությունից: Չինաստանը նաեւ շահագրգռված է Սիրիայում ծավալվող իրադարձություններով: «Արաբական գարուն» եւ «Վարչակարգերի փոփոխություն» անվան տակ Արեւմուտքը հեշտությամբ եւ նպատակահարմարությամբ քարուքանդ է անում Մերձավոր Արեւելքի երկրները: Ցուցակում որպես թիրախ ներառված էին նաեւ Սիրիան եւ Իրանը: Այդ պատճառով էլ Չինաստանը, միանալով Ռուսաստանին, պետք է քաշեր կարմիր գիծը եւ փորձեր կանգնեցնել գործընթացը: Մինչ Ռուսաստանը ռազմական բազա ունի Հայաստանումՙ ցուցադրելու համար իր ուժն ու ներկայությունը Մերձավոր Արեւելքում, Չինաստանն ակտիվորեն փորձում է ապահովել իր ներկայությունն այնտեղ, քանի որ Մերձավոր Արեւելքը մնում է նրա արտաքին քաղաքականության ամենակարեւոր բաղադրիչներից մեկը: Չնայած Չինաստանի եւ Ռուսաստանի քաղաքականությունները համընկնում են Մերձավոր Արեւելքի առնչությամբ, այդ երկու երկրները հակադրվում են իրար ազգագրական տեսակետից: Հակառակ թույլատրված «երկու երեխա մեկ ընտանիքում» քաղաքականությանը, Չինաստանի բնակչությունը աճում է տագնապալի արագությամբ: Դրա հավանական հետեւանքների առաջքն առնելու եւ բնակչության տնտեսական կարիքները կարողանալ հոգալու համար Չինաստանը կարիք է ունենալու նվաճելու նոր տարածքներ: Ուրիշ որտեղ, եթե ոչ Ռուսաստանում կարելի է գտնել նման տարածքներ, որտեղ բնակչության թիվը նվազում է: Դրան գումարածՙ Ռուսաստանի ամբողջ Ասիական ետնախորքերը, որոնք սակավ են բնակեցված, կարող են ծառայել այդ նպատակին: Չինացիք, արդեն իսկ խաղաղորեն ներթափանցում են այդ տարածքները: Չինաստանի իշխանությունների ներկայությունը կովկասյան թատերաբեմում ողջունելի է Հայաստանի համար, որն արդեն ունի Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը: Հայաստանը նաեւ չի հրաժարվել Եվրոպայի հետ համագործակցելուց եւ վերջերս Վրաստանում մասնակցեց ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Կովկասում Չինաստանը դեռեւս ապահովում է իր այսպես կոչված մեղմ կամ թույլ ներկայությունը, եւ Հայաստանը դրանից օգտվողների թվում է: Նախագահ Ալիեւը հոխորտում է, որ Ադրբեջանի եւ Իսրայելի հարաբերությունները նման են այսբերգի, որի 90 տոկոսը գտնվում է ջրի տակ: Իդեալական կլիներ Հայաստանի համար ստեղծել նման մի այսբերգ Չինաստանի հետ իր հարաբերություններում: Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, The Armenian Mirror-Spectator |