ՋՐԻ ՍԱԿԱԳՆԻ ՆՈՐ ԹԱՆԿԱՑՈՒՄՙ Ո՞ՒՄ ՀԱՇՎԻՆ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ԱՌԱՆՑ ԲՈՂՈՔԻ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Խմելու ջրի սակագինը կբարձրանա: Նման հայտով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է դիմել այս տարվանից արդեն ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքի ջրամատակարարման օպերատոր «Վեոլիա ջուր» ընկերությունը: Իր հայտում ընկերությունն առաջարկել է ներկայիս 1 խմ ջրի համար սահմանված 180 դրամ սակագինը դարձնել 194,3 դրամ: Հանձնաժողովն այդ հայտը կքննարկի 90 օրվա ժամկետում, բայց, ամենայն հավանականությամբ, փոփոխված սակագնով ջուր կստանանք 2018-ի հունվարից: Թե ի՞նչ չափով փոփոխված, դեռեւս հայտնի չէ: Սակագինը որոշում է հանձնաժողովըՙ համապատասխան ուսումնասիրությունից հետո: Սակայն մինչ այդ, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, քննարկման առարկա է դառնում սակագնի փոփոխության պատճառներին առնչվող հարցը: Մյուս կողմից էլ, հակառակ վերջին տարիների սովորությանը, այս անգամվա սակագնային փոփոխությունը կարծես թե բողոքներ չի առաջացնում, ինչն ավելի մեծ հարցականներ է առաջացնում: Նախՙ անդրադառանանք սակագնի բարձրացման պատճառներին: Երեւանցիների համար մեկ տարվա մեջ երկրորդ կտրուկ թանկացումը Հիշեցնենք, որ մինչեւ 2017-ի հունվարի 1-ը Երեւանի բաժանորդները խմելու ջրի 1 խմ-ի համար վճարում էին 170,25 դրամ: Հունվարի 1-ից սակագինը դարձավ 180 դրամ: Դա տեղի ունեցավ, երբ «Վեոլիա ջուրը» դարձավ ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքի ջրմատակարար ընկերություն նախկին մի քանի ընկերություններիՙ «Հայջրմուղկոյուղու», «Լոռիջրմուղկոյուղու», «Շիրակջրմուղկոյուղու» եւ «Նոր ակունքի» փոխարեն: Մինչ այդ, ֆրանսիական «Վեոլիա» ընկերության ստեղծած «Երեւան ջուրը» միայն մայրաքաղաքի եւ հարակից բնակավայրերի ջրամատակարարման օպերատորն էր: Պետք է փաստել, որ վարձակալության 10 տարիների ընթացքում ֆրանսիական ընկերության կողմից Երեւանի ջրամատակարարման համակարգում լուրջ դրական փոփոխություններ են իրականացվելՙ ընդհուպ ամբողջ քաղաքում անցումը շուրջօրյա ջրամատակարարման, ջրակորուստների նվազեցման, էլեկտրաէներգիայի խնայողության եւ այլն: Այլ հարց է իհարկե, որ «Վեոլիան» (այն ժամանակ «Ժեներալ դե զ՛օ») 2007-ին ներկայացրել էր մրցութային առաջարկ, համաձայն որի, 2017-ին, համակարգի բարելավման արդյունքում, ջրի սակագինը Երեւանում 144 դրամից պետք է նվազեր մինչեւ 93 դրամ, եւ որ դա տեղի չի ունեցել: Ոչ միայն նվազում չի եղել, այլեւ սակագինն ավելացվել է, որի պատճառը եղել են չնախատեսված ջրային կորուստները, էլեկտրական էներգիայի սակագնի փոփոխությունը եւ գնաճն ու փոխարժեքի տատանումները: Այդուհանդերձ, ներկա պահին վերոնշյալ երեք գործոններից ոչ մեկում կտրուկ փոփոխություններ չեն եղել: Այդպիսիք չկային նաեւ 2016-ի վերջին, բայց «Վեոլիա ջուրը» դիմեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով եւ «ճշգրտեց» սակագինը, թանկացնելով այն մոտ 10 դրամով: Եթե ընկերության նոր հայտը այս կամ այն չափով բավարարվի, ապա Երեւանի բնակչության համար մեկ տարվա մեջ երկրորդ անգամ է նման կտրուկ բարձրացում լինելու: Մինչդեռ, ջրի սակագնի նման կտրուկ տատանումներ չեն եղել անգամ, երբ էլեկտրական էներգիայի սակագինն էր բարձրացել (2015-ին) կամ փոխարժեքի կտրուկ տատանում էր արձանագրվել (2014-ին): Հետեւաբար, ո՞րն է լինելու ջրի սակագնի նոր բարձրացման պատճառը հարցի պատասխանը միակն էՙ քիչ թե շատ բարելավված Երեւանի ջրամատակարարման համակարգի հաշվին բարելավել վիճակը նաեւ Հայաստանի մյուս բնակավայրերում: Տեսականորեն արտառոց ոչինչ չկա, ներկայիս «Վեոլիա ջուրը» նախկին «Երեւան ջրի» իրավահաջորդը չէ, եւ սակագինն էլ միասնական պետք է լինի ամբողջ Հայաստանի տարածքում: Սակայն փաստացի տեղի է ունենում այն, ինչի մասին ասվեց վերեւումՙ սակագնի նախկին եւ ներկա բարձրացումը զուտ Երեւանի համար ոչ մի տնտեսական հիմնավորում չունի եւ հանրապետության մնացած բնակավայրերում ջրամատակարարման բարելավումն իրականացվելու է երեւանցիների հաշվին: Այսինքն, եթե նախորդ 10 տարիներին Երեւանի բաժանորդները վճարել են միայն Երեւանի ջրամատակարարման համակարգի բարելավման համար, հիմա վճարում են նաեւ մյուս բնակավայրերի ջրամատակարարման բարելավման համար: Սա, մեղմ ասած, անարդար է: Սակայն ո՛չ այս անարդարության, ո՛չ էլ առավել եւս սակագնի բարձրացման կապակցությամբ մայրաքաղաքում, որքան էլ արտասովոր դա կարող է թվալ, բողոքի ցույցեր, երթեր, նստացույցեր եւ նմանատիպ հիստերիկ դրսեւորումներ չեղան, «Էլեկտրիկ Երեւանն» էլ չդարձավ «Ուաթըռ Երեւան»: Իրականում արտասովոր ոչինչ չկա, ամեն ինչ համապատասխան սցենարի տրամաբանության շրջանակներում է: «Ակտիվիստների լռությունը»ՙ ֆրանսիական «Վեոլիա»-ն ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» չէ Վերհիշենք, թե ինչ տեղի ունեցավ, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» 2 տարի առաջ էլեկտրական էներգիայի սակագների բարձրացման հայտ ներկայացրեց: Սոցցանցերից, մասնավորապես ֆեյսբուքից սկիզբ առավ ցույցերի եւ երթերի ալիք, որը համակարգվում էր նախապես ու ոչ պատահականորեն «Էլեկտրոմայդան» կոչվող էջից, որը հետագայում որոշվեց քողազերծել եւ վերանվանվեց «Էլեկտրիկ Երեւան»: Հատկապես երիտասարդության զգացմունքայնության վրա խաղալով, իբր թե սոցիալական գործոնով պայմանավորված, բողոքի շարժման առավել ակտիվ մասնակիցներինՙ այսպես կոչված ակտիվիստներին, սոցիալապես անապահով ոչ մի կերպ հնարավոր չէր անվանել: Նրանց բողոքի ելույթներն ուղեկցվում էին «գունավոր հեղափոխություններին» բնորոշ բոլոր բաղկացուցիչներովՙ կեղծիքներով, առարկայական քննարկումներից խուսափելով, իրենց հետ անհամաձայնություն հայտնողներին պիտակավորելով, շարժման մեջ շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչների ընդգրկելով եւ ամենակարեւորըՙ ոչնչացնող քննադատություններով «ՀԷՑ»-ի սեփականատեր ընկերությանՙ ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի եւ «ՀԷՑ»-ի ռուս տնօրենի դեմ: Պետք է նշել նաեւ իշխանության երկդիմի կեցվածքն այդ ժամանակ: Մի կողմից նախագահի եւ վարչապետի մակարդակով հայտարավում էր, որ էլեկտրական էներգիայի սակագնի բարձրացումը այլընտրանք չունի եւ տնտեսապես հիմնավորված է (ինչն, ի դեպ, հետագայում հասատատեց նաեւ միջազգային աուդիտորական ընկերությունը), մյուս կողմիցՙ շողոքորթում անհանդուրժողականություն ցուցաբերող եւ վերջնագրերով խոսողներին, նրանց անվանելով «գիտակից եւ հայրենասեր»: Թե ինչո՞ւ էր դա արվում եւ ինչքանո՞վ էին գիտակից կամ հայրենասեր ասֆալտի եւ սոցցանցերի վերոնշյալ «գեներալները», այն ժամանակ գուցե շատերը չէին գիտակցում, բայց հիմա արդեն խաղաքարտերն ամբողջությամբ բացվել են: Եվ դժվար չէ հասկանալ, թե ինչո՞ւ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նման գործողություններ են սկսվում, իսկ ջրի սակագնիՙ մեկ տարվա ընթացքում երկրորդ կտրուկ թանկացման դեմՙ քար լռություն պահպանվում: Անցած երկու տարվա ընթացքում սոցիալական իրավիճակի առանձնակի փոփոխություն չի եղել, թոշակների եւ աշխատավարձերի աճՙ նույնպես: Երկու տարի առաջ էլեկտրական էներգիայի թանկացումը միջին ամսական ընդամենը 800 դրամ ավելի էր արժենալու յուրաքանչյուր ընտանիքի վրա: Ջրի սակագնի այս տարվա սկզբին եւ առաջիկայում սպասվող թանկացման հետեւանքով լրացուցիչ ծախսը մեկ ընտանիքի վրա էապես տարբեր չի լինի այդ 800 դրամից: Այդ դեպքում ինչո՞ւ «ժողովրդի սոցիալական վիճակի» համար փողոցներ փակող ակտիվիստները չեն «պայքարում», ի՞նչ է պատահել: Իրականում փողոցներում փոթորիկ բարձրացնողներին ոչ այն ժամանակ, ոչ էլ երբեւէ չի հետաքրքրել ժողովրդի վիճակը: Դա ոչ միայն մեր համոզմունքն է, որ արտահայտել էինք նաեւ երկու տարի առաջՙ հակադրվելով համընդհանուր ագրեսիվ քարոզչությանը, այլեւ փաստարկված իրականություն, որն առավել ակնառու է դարձել հիմա: Բանն այն է, որ զանազան հասարակական կազմակերպությունների մեջ ներգրավված ակտիվիստների պայքարի այն ժամանակվա թիրախը «ՀԵՑ»-ի սեփականատեր ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ն էր: Այդ երիտասարդները «արդարացնում» էին ամերիկյան ու եվրոպական պետական եւ ոչ պետական կառույցների կողմից իրենց կազմակերպություններին տրված դրամաշնորհները, որոնք Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության պայմաններում պետք է ծառայեին հակառուսաստանյան քարոզչությանն ու գործողություններին: Ի տարբերություն «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի, «Վեոլիան» ֆրանսիական ընկերություն է, իսկ Ֆրանսիանՙ ԵՄ երկու առանցքային պետություններից մեկը: Ինչպե՞ս կարող են եվրոպական ֆինանսավորում ունեցող հասարակական կազմակերպություններն ու նրանց ակտիվիստները հակաֆրանսիական քարոզչությամբ եւ գործողություններով զբաղվել: Այսքանը, ուրիշ ոչինչ, թե չէՙ «հայրենասե՜ր», «գիտակի՜ց», «ժողովրդի սոցիալական վիճա՜կ»... |