ԿԵՏԻԿՅԱՆԻ ՖԻԼՄԸ ՎԵՆԵՏԻԿԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ Հ. Ծ. Ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբերտ Կետիկյանի 2017-ին նկարահանած «La Villa» կամ անգլերեն տարբերակով «The House by the Sea» («Ծովափի առանձնատունը») ֆիլմը ցուցադրվելու է Վենետիկի այս տարվա 74-րդ կինոփառատոնի օրերին, հաղորդում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը հենվելով «ARKA» լրատվական գործակալության տեղեկության վրա: «La Villa»-ի դեպքերը տեղի են ունենում Մարսելի մոտ գտնվող մի ծովածոցում, ուր մի մահամերձ հոր առաձնատանը հավաքվում են նրա երեք զավակներըՙ Անժելան, որ դերասանուհի է եւ ապրում է Փարիզում, Ժոզեֆը, ով սիրահարված է իր կես տարիքն ունեցող մի աղջկա, եւ Արմանը, որ միակն է շարունակելու Մարսելում մնալ ընտանեկան փոքրիկ ռեստորանի հետագա ճակատագիրը տնօրինելու: Մինչ զավակները խորհրդածում են իրենց հորից ստացած վեհ իդեալների ու գաղափարների եւ առանձնատանը ստեղծված ջերմ մթնոլորտի մասին, հարեւան ծովածոցից Մարսել է ժամանում մարդկանցով բեռնված մի նավ եւ տակնուվրա անում նրանց կյանքը: |