ԻՍՐԱՅԵԼՆ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ Է ԶԵՆՔԻ ՎԱՃԱՌՔԸ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Իսրայելական Aeronautics ընկերությունը հրապարակել է բորսային կոմյունիկե, որի համաձայնՙ երկրի պաշտպանության նախարարության արտահանման վերահսկողությամբ զբաղվող բաժինը ժամանակավորապես արգելափակել է 20 մլն դոլար արժողությամբ Orbitier K1 անօդաչու սարքերի մատակարարումը կարեւոր հաճախորդի, գրում է newsru.co.il կայքը: Կոմյունիկեում նշվում է, որ մատակարարումները պետք է իրականացվեին 2017-2018թթ ընթացքում: Այդ հաճախորդի գնումները 2016թ. կազմել է ընկերության ամբողջ եկամուտի 20 տոկոսը, իսկ 2015թ.ՙ 18 տոկոսը: Կոմյունիկեում հաճախորդի անունը չի հաղորդվում, միայն նշվում է, որ խոսքը ըստ Moody s-ի Ba վարկանիշ ունեցող երկիր է, որի հետ Իսրայելն ունի ամուր տնտեսական կապեր: Բացի այդ, այդ երկրում կա գործարան, որը անօդաչուների պահեստամասեր է արտադրում Aeronautics-ի արտոնագրով: Կայքը նշում է, որ Aeronautics-ի հաճախորդներից Ba վարկանիշ ունեն միայն երկու երկիրՙ Սերբիան եւ Ադրբեջանը, իսկ այս երկուսից միայն Ադրբեջանն է, որն իր տարածքում ունի Aeronautics-ի գործարան: |