ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԲԱԹՈՒՄԸ ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ Այնպես է ստացվել, որ որոշ ընդմիջումներով արդեն շուրջ քսան տարի ընտանիքով հանգստանում ենք Բաթումում: Լողալու սիրահար մեր ընտանիքը հանգիստն առանց լողալու չի պատկերացնում, իսկ Բաթումը ամենամոտն է եւ համեմատաբար մատչելի: Այս տարվա աննախադեպ շոգից խուսափելու եւ մի քանի օր գերլարված նյարդերիս հանգիստ պարգեւելու համար ընտանիքով մեկնեցինք Բաթում: Սովորաբար Բաթումն անձրեւոտ է լինում, սակայն այս անգամ մեր այնտեղ գտնվելու տասնչորս օրերի ընթացքում արձրեւ չտեղաց: Ջերմաստիճանը 28-30 էր, որը մեզ համար հաճելի ամառային էր, իսկ տեղացիները շարունակաբար տրտնջում էին, որ շոգ է ու չոր: *** Կարծում եմ տեղին կլինի հակիրճ ծանոթանալ քաղաքի պատմությանը: Աջարիայի մայրաքաղաք Բաթումը (քաղաքի անվանումը վերցված է քարթվելական լեզվաընտանիքին պատկանող սվաներեն լեզվից եւ թարգմանաբար նշանակում է «քար») մեծությամբ երկրորդ խոշորագույն քաղաքն է Վրաստանում (1): Հին շրջանում Բաթումը եղել է հռոմեական նավահանգիստ, իսկ կայսրության անկումից հետո այն անցել է Բյուզանդիային: Յոթերորդ դարում ամբողջ Վրաստանը եւ Բաթումը նվաճեցին արաբները: 9-րդ դարում ազատագրական հզոր շարժման արդյունքում Բաթումը վերջնականապես ազատվել է արաբական լծից: 888 թ. Աշոտ Ա Կյուրոպաղատ թագավորը հիմնում է Տայքի կյուրոպաղատությունը, որի մեջ էլ միավորվում է Բաթումն իր շրջակայքով: Բաթումը թագավորության գլխավոր նավահանգիստներից էր, ինչպես նաեւ Վրաստանի թագավորության սեւծովյան հենակետերից մեկը: 1490 թ. հիմնադրված Գուրիայի իշխանության խոշոր ծովափնյա բնակավայրերից մեկն էր Բաթումը եւ գտնվում էր օսմանյան թուրքերի վերահսկողության տակ: Հզորացման շրջանում Գուրիայի իշխանները 1609 թվականին Բաթումը օսմանցիներից գրավում են: 18-րդ դարում ամբողջ Աջարիան վերագրավվում է թուրքերի կողմից, իսկ Բաթումը դառնում է Օսմանյան կայսրության վարչատարածքային միավորիՙ սանջակի մայրաքաղաք եւ սկսում աճել եւ զարգանալ: Հենց այս շրջանում Բաթումում տարածվեց իսլամը եւ Բաթումի վրացի բնակիչները թուրքերի հետ ամուսնական կապերի հետեւանքով դարձան մուսուլմաններ: 1783 թ. վրացական երկու պետություններից ամենամեծ Քարթլի-Կախեթիի եւ Ռուսաստանի միջեւ կնքված Գեորգիեւյան պայմանագիրով Ռուսական կայսրության պրոտեկտորատի կարգավիճակում գտնվող Վրաստանում 1866 թ. քաղաքի կարգավիճակ ստացած Բաթումը 19-րդ դարում Ռուսաստանի արշավանքների թատերաբեմ էր: 1878 թ. կնքված Սան Ստեֆանոյի եւ Բեռլինի պայմանագրերով Ռուսաստանին վերադարձվեցին Բաթումն ու ամբողջ Աջարիան: 1897-1907 թ. կառուցվեց տարածաշրջանում առաջին Բաքու-Բաթում նավթամուղը, որն ուներ 900 կմ երկարություն: 1918 թ. մարտի 3-ին կնքված Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրով Բաթումը, ինչպես նաեւ Կարսն ու Արդահանը հանձնվեցին Օսմանյան կայսրությանը: 1919 թ. Բաթումը դարձավ Մեծ Բրիտանիայի ռազմական հենակետ: 1921 թ. մարտի 16-ին կնքված Մոսկվայի պայմանագրով Թուրքիան ստացավ 1877-1878 թթ. կորցրած Կարսի մարզի տարածքը եւ Բաթումի մարզի հարավային մասը: Համարվում է, որ Բաթումի մարզի հյուսիսային մասի փոխարեն բոլշեւիկները թուրքերին փոխանցեցին Սուրմալուի գավառը: *** Մեր օրերում էլ քաղաքը կարեւոր դերակատարություն ունի: Բաթումում է գտնվում Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահի, ինչպես նաեւ Աջարիայի կառավարության ղեկավարի նստավայրը: Սեւ ծովի ափին տեղակայված եւ ծովի մակարդակից 3 մետր բարձրության վրա գտնվող քաղաքը համարվում է ժամանակակից Վրաստանի գլխավոր զբոսաշրջային, տնտեսական եւ մշակութային կենտրոններից մեկը: 2016 թ. մարդահամարի տվյալներով Բաթումի բնակչությունը կազմում է 154 600 մարդ: Հատկապես Սաակաշվիլիի կառավարման տարիներից սկսած մշտապես ականատես ենք լինում այդ քաղաքի շարունակական առաջընթացին: Առաջընթաց, որն իր ծավալներով մի քիչ զարմանք է պատճառում, իսկ ավելի շատ` հիացմունք: Ամենակարեւորն այստեղ այն է, որ ամեն ինչ արվում համաչափ, առանց հինն ու հնագույնը տրորելու եւ ոչնչացնելու, առանց քաղաքի դիմապատկերն աղավաղելու ու այլանդակելու (մեր համապատասխան կառույցների ու բոլոր երեւանցիների ականջը կանչի): Գնահատելի է, որ հին Բաթումն ամբողջովին պահպանել են, քարե սալարկներով նեղլիկ, բայց կոկիկ ու ջրահեռացման առվակներով փողոցները, երկհարկանի առանձնատներն ու դրանց ընդգծված արժանապատվությամբ առանձնացող բնակիչները աչք են շոյում: Եթե այդ ընդհանուր պատկերում բացառենք ժամանակակից բազմագույն ու բազմալեզու գրվածքներով զարդարված հագուստների ծանրաբեռնված չափերով փոքր, սակայն մեծաքանակ խանութների առկայությունը, ապա հանգիստ կարելի է հայտնվել տասնիններորդ դարի Բաթումում: Ոչինչ, կամ գրեթե ոչինչ չի փոխվել եւ անաղարտ պահպանվել է քաղաքի դիմագիծը: Յուրաքանչյուր այցելու նախ եւ առաջ կմտածի, որ Բաթումը հին քաղաք է եւ իր դիմագիծն ու ավանդույթներն ունի: Իսկ հին քաղաքում ապրել են բնիկներ: Ակամա մտածում ես, որ նույն զգացողությունը Երեւանում որքան էլ ջանաս չես ունենա, քանի որ հին քաղաքից գրեթե ոչինչ չի մնացել, բացի կենտրոնում կիսատ-պռատ պահպանված մի քանի շենքերի հին ֆասադներից, որոնց շալակին հսկայական բարձրահարկեր են դրված: Ամբողջովին ու անաղարտ պահպանված հին քաղաքի կողքին` քաղաքի արեւմտյան հատվածում բուռն թափով զարգանում է ՆՈՐ Բաթումը: Կառուցվում են 30-40 հարկանի բազմահարկեր, ժամանակակից քաղաքներին բնորոշ օժանդակ կառույցներով ու բարձրահարկ հյուրանոցներով: Ի դեպ, թե՛ հին, թե՛ նոր Բաթումը, հատկապես կենտրոնական փողոցները, քաղաք-հյուրանոց են հիշեցնում: Յուրաքանչյուր քայլափոխի դրանք կան: Ընդ որում, հազիվ թե գտնվի մի այցելու, որն իր ճաշակին համապատասխան հյուրատուն չգտնի, քանի որ հին, 2-3 հարկանի դասական դղյակներից սկսած մինչեւ վերջին ապակեբետոնային 50 եւ ավելի հարկանի նման հաստատություններ կան: Ի դեպ, քաղաքում վաղուց գործում են աշխարհի հյուրանոցային լավագույն բրենդներ համարվող «Հիլտոն», «Շերատոն», «Ռեդիսոն» բազմահարկ հյուրանոցները, որոնք առանձնահատուկ փայլ ու գրավչություն են հաղորդում քաղաքին: Ոչ ճշգրտված տվյալներով հանգստյան սեզոնին քաղաքի բնակչության թվաքանակի չափով եւ ավելի հյուրեր են լինում, սակայն այն այնքան մաքուր ու խնամված է, որ պատկառանք է ներշնչում հյուրերին: Մի ավելորդ անգամ իրական է դառնում հայտնի ասացվածքը, որ «մաքուր չէ այնտեղ, որտեղ մաքրում են, այլ մաքուր է այնտեղ, որտեղ չեն կեղտոտում»: Հիրավի, հաճելի էր տեսնել, թե ինչպես մեր հարեւանությամբ քայլող հայ երիտասարդների խումբն արեւածաղիկի սերմեր չրթելու համար ձեռքներին հատուկ այդ նպատակով պոլիէթիլենային տոպրակներ էին պահում: Երանի Երեւանում էլ այդպես վարվենք...: Ի տարբերություն նախորդ տարիների, երբ 2-3 օրը մեկ հավաքարարները տոպրակներով քայլում էին ծովափով ու հավաքում հովեկների այնտեղ թողած աղբահետքերը, աղբի ոչ մի հետք անգամ չկար: Ավելին, ամբողջ ծովեզերքին առկա էին շեզլոնգներ (պառկելաթոռներ) իրենց ներքնակներով եւ հովանոցներով, որոնք թեեւ վճարովի էին, սակայն ոչ շատ թանկ: Բաթումում գտնվելու օրերի ընթացքում հաճախ էինք շրջում քաղաքի ամենաբանուկ ու ինտենսիվ երթեւեկությամբ առանձնացող Գորկու, Ճավճավաձեի, Ռուսթավելու եւ այլ փողոցներում: Մեզ` երեւանցիներիս համար ամենազարմանալին այն էր, որ այդպիսի խիտ եւ մեքենայաշատ երթեւեկության պարագայում ոչ մի վթարի չհանդիպեցինք: 15 օր չէ, 15 ժամ եթե շրջենք Երեւանի նմանատեսակ փողոցներով, ապա առնվազն մեկ-երկու վթարի կհանդիպենք: Հետո էլ մեծ-մեծ խոսում ենք` մենք լավն ենք, խելացի ենք եւ նման բաներ: Բաթումն առանձնանում է նաեւ իր գեղեցիկ, խնամված Բուլվարով: Տասնյակ կիլոմետրեր ձգվող ծառուղին գեղեցիկ է, հրապուրիչ եւ երեկոյան ու գրեթե ողջ գիշեր` մարդաշատ: Աչքի են ընկնում քաղաքի գրեթե բոլոր ընդարձակ փողոցներին զուգահեռ ձգվող հեծանվաուղիները: Դրանք գերհարթ են ու վառ կարմիր գույնով ներկված: Քաղաքի կենտրոնական փողոցների որոշ հատվածներում նկատելի էին նաեւ կապույտ գույնով ներկված ավտոկայանատեղերը, որոնք նախատեսված էին հաշմանդամ վարորդների համար: Սովորական հեծանիվներից բացի կարելի է վարձակալել ժամանակակից երկանիվ, քառանիվ ու այլ զանզան տեսակների տեղաշարժվելու միջոցներ: Աչքի են ընկնում նաեւ տարատեսակ կարուսելներն ու ատրակցիոնները: Այս անգամ նկատելի էր թուրքերի առատությունը: Աշխատանքի բերումով շատ եմ եղել Թուրքիայում, հատկապես` Ստամբուլ-Կոստանդնուպոլսում, սակայն ոչ մի անգամ այդքան սեւազգեստ ու չալմայակիր կանանց չեմ հանդիպել, որքան այս անգամ Բաթումում: Տեղացի բարեկամիս ասելով նրանք գալիս են ու գալիս: Գալիս են մենակ, հետո բերում են ընտանիքներին, բարեկամներին: Fast food-ի գրեթե բոլոր կետերը եւ հատկապես շաուրմանոցներն ու գրիլանոցները նրանցն են: Քաղաքում էլ շրջում են շատ ազատ, մի տեսակ տիրոջ կեցվածքով: Պատմաբանիս համար դա այնքան էլ զարմանալի չէր, քանի որ նրանք մինչեւ օրս էլ համարում են, որ Բաթումն իրենցն է, պարզապես ռուսներն իրենցից խլել նվիրել են վրացիներին: Նրանք երբեք չեն էլ հրաժարվել այն վերադարձնելու մտքից, որի առհավատչյան հուլիսի վերջերին Բաթումում «Գորշ գայլերի» կազմակերպած շուրջ երեքհազարանոց ցույցն էր: Ազգությամբ հայ տեղացի բարեկամս այդ առիթով զայրույթով էր խոսում եւ շեշտում վրացիների «եվրոպական» կեղծ հանուրժողականության եւ քաղաքական կարճատեսության մասին: Քաղաքակրթությունն իր բոլոր թեւերով տարածվել է Բաթումում: Թբլիսիից Բաթում եւ հակառակ ուղղությամբ կարելի է երթեւեկել ժամանակակից սրընթաց երկհարկանի գնացքներով: Դրանք շատ հարմարավետ են, հանգիստ, ճիշտ ժամանակին շարժվում են եւ ճիշտ ժամանակին էլ տեղ են հասնում: Տոմսի արժեքն էլ մատչելի է` 24 լարի (4800 դրամ): Բաթում է հասել նաեւ կայանելու համար տուգանքների համակարգը, թեեւ դրանց մասին որեւէ նախազգուշացում վրացերենից բացի որեւէ այլ լեզվով այդպես էլ չգտանք: Ճիշտ է, տուգանքը շատ մեծ չէր (10 լարի - 2000 ՀՀ դրամ), սակայն համաձայնեք, որ ընդամենը մեկ ժամ քաղաք մտած հյուրի համար փողոցի նախատեսված վայրում ճիշտ կայանված մեքենայի դիմապակուն տուգանքի կտրոն գտնելն այնքան էլ հաճելի իրողություններից չէր: Բաթումում նկատելի էր նաեւ որոշ չափով մթերքի, իսկ առավել` մրգերի էժան լինելը: Ամենաընտիր դեղձն ու նեկտարինը արժեին 1,5-ական լարի (300 դրամ), լավ որակի մեղրը` 9-12 լարի (1800-2400 դրամ) եւ այլն: Զգալիորեն փոխվել են նաեւ մարդիկ: Սպասարկման ոլորտի աշխատողները ժպտում են, պատրաստակամ: Նախկին գոռոզ ու ինքնահավան պահվածքից ոչինչ չի մնացել: Մարդիկ սիրով են պատասխանում անցորդների հարցերին, ձգտում անպայման օգտակար լինել: Նախորդ տարիների համեմատ քաղաքը մի տեսակ բարիացել ու մարդամոտ էր դարձել: Ամենուրեք ամառային հանգիստը վայելող հովեկների եւ քաղաքի բնակիչների բարյացկամ հայացքներն են, որոնք կարծես միաբերան հրավիրում են հաջորդ տարի էլ Բաթում գալ... Երեւան-Բաթում-Երեւան 1) Քաղաքն առաջին անգամ հիշատակվում է մ.թ.ա. 4-րդ դարումՙ հույն փիլիսոփա Արիստոտելի կողմից: Մ.թ.ա. 1-ին դարում հռոմեացի գրող եւ գիտակ Պլինիոս Ավագը քաղաքը հիշատակել է «Բատուս» անվանումով, որը թարգմանաբար նշանակում է «խոր» կամ խոր նավահանգիստ: Միջնադարյան ժամանակահատվածում քաղաքը հայտնի է դարձել Բատոմի անվանումով,1878 թվականիցՙ Բատում: Քաղաքի ժամանակակից վրացերեն անվանումն ընդունվել է 1936 թ.: Բոլոր լեզուներով ընդունված է քաղաքն անվանել Բաթումի, իսկ հայերեն լեզվովՙ Բաթում (առանց վրացերեն լեզվում լայն կիրառություն ունեցող «ի» տառի: |