ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, ԲԱՅՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Պարզվեց, որ ամեն մեկի հայրենիք գալով պետք չէ ուրախանալ: Օրինակ այն տղան, որը անցած օրերին Էրեբունի շրջանում գործող բիլիարդանոցներից մեկում պատանդ էր վերցրել մի աղջկա, նրա պարանոցին դանակ դեմ տվել ու պահանջում էր, որպեսզի ոստիկանները բիլիարդանոց ներս թողնեն մի փաստաբանի եւ 5 քաղաքացու, հայրենիք վերադարձածներից էր: Ըստ տեղեկությունների, տղան երկար տարիներ ապրել է ԱՄՆ-ում, հենց այնտեղ էլ գրեթե ամբողջ մարմինը պատել է դաջվածքներով, հավանաբար փորձել է նաեւ թմրամիջոցներ, մի խոսքով... Կա վարկած, որ աղջիկը, որին տղան պատանդ էր վերցրել, պատահական մեկը չէր, այլ տղայի ծանոթը, բայց սա այս պատմության ամենաանհետաքրքրական հատվածն է, ինչպես եւ այն, որ տղան ԱՄՆ-ում արդեն իսկ դատապարտված է եղել: Շրջանցենք: Փաստաբան եւ 5 քաղաքացի ոստիկանների ուղեկցությամբ բիլիարդանոց իհարկե չմտան, ամեն դեպքում ոչ մի փաստաբան եւ որեւէ քաղաքացի նման ցանկությամբ բիլիարդանոցը շրջափակած ոստիկաններին չի մոտեցել: Փոխարենը ոստիկանները երկար բանակցել են տղայի հետ: Սկզբում հոգեբանի օգնությամբ: Իմիջիայլոց, հոգեբանն ու ոստիկաննները տղայի հետ բանակցել են ի՞նչ եղանակով եւ որտե՞ղ: Նրանք մտե՞լ են բիլիարդանո՞ց, սա շատ կարեւոր է, որովհետեւ, եթե ոստիկանները մտել են բիլիարդանոց, որտեղ միայն դանակով, շեշտում եմՙ միայն դանակով զինված տղան պատանդ էր պահում աղջկան, ապա ինչո՞ւ եւ ինչպե՞ս չեն կարողացել անարյուն վնասազերծել տղային: Ի՞նչ է, տղան ամերիկյան կինոներ է նայել, մեր ոստիկաններըՙ ո՞չ: Մի խոսքով, անարյուն վնասազերծել չի ստացվում. դե տղան չի համաձայնում ոստիկանանների պահանջին, պնդելով իրենը, իսկ ոստիկաննները չեն «ֆայմում», որ կարելի է տարբեր կողմերից մոտենալ, այդ թվումՙ առաստաղից, ու ոլորելով դանակով տղայի ձեռքերըՙ ազատել պատանդ աղջկան, այլ դիմում են ծայրահեղ միջոցի: Արագ դեպքի վայր է հրավիրվում մի հմուտ դիպուկահար, նա էլ բիլիարդանոցի շուրջ բոլորը պտտվելուց հետոՙ դիրքավորովում է մարդկանց մեջ, հենց գետնի վրա, եւ այդպես մարդիկ տեսնում են, թե ինչպե՞ս է պատրաստվում դիպուկահարը խոցել դանակով տղային, բայց այնպես, որ մինչեւ խոցվելը տղան չհասցնի դանակով ծակել աղջկա պարանոցը: Կինո՞, կինո... Հետո դիպուկահարը կրակում է, դիպուկ, համենայնդեպս տղան ընկնում է, դանակը նրա ձեռքիցՙ եւս, աղջիկն ազատվում է, ոստիկանները վազելով մտնում են բիլիարդանոց, ոլորում արդեն տապալված տղայի ձեռքերը, նրան տանում շտապօգնության մեքենա, որտեղ էլ, հիվանդանոցի ճանապարհին, տղան մահանում է: Եվ ինչպես յուրաքանչյուր նման կինո, այս մեկը եւս ավելի հետաքրքրական է ոչ այնքան ընթացքի, որքան հետեւանքների առումով: Օրինակ ՆԳ նախկին նախարար Կարլոս Ղազարյանը tert.am-ին տված հարցազրույցում մի ուշագրավ միտք է հայտնելՙ դեպքի առնչությամբ: Նախ, պարոն Ղազարյանը ոստիկանության գործողությունները որակել է որպես օրենքի պահանջ եւ օրենքի սահմաններում գործված, ապա եւ ասել իր, թերեւս, հիմնական միտքը. «Պատանդ վերցրած մարդուն այդկերպ վնասազերծելը ճիշտ միտք էր, այն որոշ մարդկանց համար դաս կլինի»: Ահա՛ թե ինչ: Իրոք որ, եթե ոստիկանական համակարգում աշխատող հոգեբանը, կամ էլ թեկուզ ոստիկանները կարողանային միայն դանակով զինված տղային վնասազերծելՙ ազատելով պատանդ աղջկան, հո սա որոշ մարդկանց համար դաս չէ՞ր լինելու, դրա համար էլ, ոստիկանությունը, քանի որ այրվում է որոշ մարդկանց դաս տալու անհագուրդ ցանկությամբ, որոշել է այսկերպ վնասազերծել տղային, ընդ որումՙ դիպուկահարն էլ հենց ա՛յդ նպատակով է երեւի տղայի վրա կրակելու ամենամարդաշատ տեղերից մեկն ընտրել, որ շատ մարդ տեսնի, որ շատ մարդկանց համար դաս լինի, որ շատ մարդիկ վախենան: Ինչպես թեմատիկ կինոյում. համ շատ մարդիկ են տեսնում, համ շատերի համար է դաս լինում, համ էլ շատերն են վախենում: Ստացվում էՙ յուրօրինակ սելֆի եւ կամ գուցե կինո՞ են նկարել, ու որպեսզի ամեն ինչ բնական լինիՙ քաղաքացիներին ոչինչ չե՞ն ասել... Մյուս կողմից, սակայն, ես անձամբ հանցագործին, որին ի դեպ կարելի է այդպես անվանել միայն դատարանի կողմից արձակված դատավճռից հետո չեմ տեսել, հետեւաբար չեմ կարող գնահատել նրա կողմից հնարավոր վնասի ռիսկայնության չափը: Շատ հնարավոր է, որ դիպուկահարի օգնությունը նրան վնասազերծելու միակ միջո՞ցն է եղել, բայց անգամ այդ պարագայում, կարող էր, չէ՞, դիպուկահարը մարդկանցից հեռու վայրում պառկել ու կրակել: Լավ, եթե դա էլ հնարավոր չի եղել, կարող էր, չէ՞, մեր ոստիկանությունը մարդկանց հեռու տանել դիպուկահարի «աշխատանքի» վայրից... Ամեն դեպքում այս պատմությունը ոչ թե բիլիարդանոցում երիտասարդ կնոջը պատանդ վերցրած դաջվածքներով ու դանակով զինված տղայի մասին էր, այլ մեր ոստիկանության: Ի դեպ, վերջինս այդպես էլ դեռեւս չի պարզաբանել, թե ի վերջո ի՞նչ է եղել դանակով զինված տղայի ցանկությունը, ավելի ստույգՙ մոտիվացիան: |