«ԽՈՍՏՈՒՄԸ» ՈՐՊԵՍ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՆՅՈՒԹ Հ. Ծ. Համագործակցելով «Խոստումը» (The Promise) ֆիլմի պրոդյուսերական ընկերությանՙ «Survival Pictures-ի» եւ Հյուսիսային Ամերիկայում գործող մի շարք հայկական կազմակերպությունների հետ, ՀԲԸՄիությունը նախաձեռնել է «Խոստումը ֆիլմը որպես կրթական նյութ» շարժումը, որի նպատակն է ֆինանսներ հայթայթել Հայոց ցեղասպանության ուսուցումը Մ. Նահանգներում առաջ տանելու համար: «Խոստումը» ֆիլմի սոցիալական ազդեցության շրջանակները ընդարձակելով ՀԲԸՄ-ի նախաձեռնությունը ներառում է ֆիլմի DVD օրինակները, համապատասխան ուսուցողական նյութերի հետ ուղարկել երկրի հանրային կրթական օջախներ, որպեսզի դրանք ընդգրկվեն պատմության եւ մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված ուսումնական ծրագրերում: Կրթօջախներին եւ գրադարաններին ուղարկված փաթեթներում ներառված են լինելու նաեւ մի նամակ ռեժիսոր Թերի Ջորջից, ֆիլմը հասկանալու ուղեցույց եւ Ցեղասպանության վերաբերյալ հանրամատչելի աղբյուրների ցանկՙ պատրաստված ANI հայկական ազգային ինստիտուտի, Զորյան ինստիտուտի եւ Ցեղասպանության կրթական ծրագրերի մասնագետների կողմից: ՀԲԸՄ-ի նախաձեռնությանը իրենց աջակցությունն են հայտնել Ռամկավար Ազատական կուսակցությունը, Ամերիկայի հայկական համագումարը (AAA), Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA), Հայաստանի երեխաներ հիմնադրամը (COAF), Մ. Նահանգների եւ Կանադայի հայկական եկեղեցու թեմերը, ինչպես նաեւ այլ կրոնական եւ մշակութային հաստատություններ: «Կրթության միջոցով մենք իրազեկելու ենք հաջորդ սերունդներին, որպեսզի երբեք չկրկնվեն անցյալի ողբերգությունները», նշել է այս առթիվ ռեժիսոր Թերի Ջորջը: |