2067 ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ 2067 թվական. Հայաստան (պաշտոնապեսՙ Արմենիա): Մայրաքաղաք Երեւանում մի կողմից պատրաստվում են տոնել ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման 50-ամյակը, մյուս կողմից պատրաստվում են համապետական հանրաքվեի: Հարցը մեկն էր, հավերժը. Համաձա՞յն եք մտնել Ռուսաստանի Դաշնության կազմ : Ամբողջ պետական համակարգը, այդ թվում ընդդիմությունը, մանավանդՙ արեւմտամետները, քարոզչություն էին ծավալում, որ մարդիկ Այո քվեարկեն: Բանն այն է, որ 2065-ին Ռուսաստանը մտել է Եվրոմիություն, հետեւաբար Ռուսաստանի կազմի մեջ մտնելովՙ մենք միանգամից հայտնվում ենք Եվրոմիությունում: Բոլորը կողմ էին, բոլորը ժողովուրդը չէ: Դրա համար էլ համոզում էին. նախագահ Պուտինը, այո հենց նա, հատուկ ուղերձ էր հղել նախագահ Սարգսյանին, այո հենց նրան, որ Ադրբեջանի նահանգապետ Իլհամ Ալիեւ 5-րդի հետ իր վերջին խոսակցության ժամանակ ինքը ստացել է վերջինիս համաձայնությունը, որ եթե Հայաստանը մտնի Ռուսաստանի կազմ, ապա Լեռնային Ղարաբաղից մի կտոր, ամենայն հավանականությամբՙ ամայի, կկցվի Հայաստանին, իսկ մյուս մասերի շուրջ դեռ բանակցությունները կշարունակվենՙ Միացյալ Թուրքիայի հետ, որի ահից էլ Հայաստանում շատերն ուզում էին տաքուկ տեղավորվել ցուրտ Ռուսաստանի մի անկյունում: Սա անմիջապես ներկայացվում էր հայ հանրությանը, միանգամից այս թեմայի շուրջ երգեր էին գրվումՙ խրոխտ հայրենասիրական, նոր չարենցները նոր տողեր էին հորինումՙ շեշտելով, թե ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը միասնական Ռուսաստանի մեջ է, իսկական չարենցները չէին երեւում: Ազգը ընտրում էրՙ Լոս Անջելեսից մինչեւ Վլադիվոստոկ, Տորոնտոյից մինչեւ Սիդնեյ, Սիբիրից մինչեւ Երեւանի քույր քաղաք Անտանանարիվու, բոլորն ընտրում էինՙ այո՞, թե՞ ոչ: Փողոցներում, որ աղջիկը որ տղային այո էր պատասխանում, անմիջապես տեսագրում էին ու ցուցադրում հեռուստատեսությամբՙ ահա տեսեք, թե որքան մարդ է այո քվեարկելու, տեսեք, որ երիտասարդությունը կողմ է միանալուն, իսկ տարեցները միշտ են կողմ միանալուն, կապ չունի ում: Հանրաքվեին մնում էր երկու օր. քարոզչության վերջին օրն է, հաջորդ օրը ազգը լռելու է, իբր մինչ այդ լուռ չէր: Ոչ ոք Ոչ չի քարոզում, նրանք, ովքեր դեմ են միանալունՙ լռել են, իբր անտեսում են, իբր չեն նկատում, իբր վստահ են, որ ազգը իմաստուն է, իբր իմաստնությունը չմիանալն է: Քիչ են, մի քանիսն են մնացել, այն էլ այնպիսիք, որոնց ոչ ոք չի ճանաչում, անգամ իրար չեն ճանաչում, այնքան վաղուց չեն հավաքվել միասին: Էլ ոչինչ չեն ստեղծում, ոչինչ չեն գրում, նկարում, երգում, քանդակում, տաշում, ...Ստեղծելուց հոգնել են, ընդ որումՙ գենետիկորեն: Միայն մտածում ենՙ ազգի մասին, գիշերները, երբ մտածելը ոչ հանցանք է, ոչ էլ ամոթ, քանի որ ոչ ոք քեզ այդ պահին չի տեսնում: Լռության օրն է, բայց աղմուկը չի դադարում: Մարդիկ սկսել են բարձրաձայն մտածել, քանի որ լուռ մտածելը համարվում է հանցագործություն, հավանական դավադրություն, պետական հեղաշրջման փորձ: Մտածելը տեղ է գտել Քրեական օրենսգրքումՙ որպես հանցանք, 10-20, որոշ դեպքերում էլՙ ցմահ ազատազրկմամբ, նայած թե ով է մտածողը: Օրինակ Ռոդենի Մտածողին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանում դատապարտեցին ցմահ ազատազրկման, քանի որ վերջինս համառորեն հրաժարվում էր բարձր մտածելուց: Սակայն շուտով ազատեցին, ընդ որում ոչ թե այն պատճառով, որ հասկացան, այլ քանի որ Ֆրանսիայի դեսպանատունը միջամտեց, իսկ հանուն Ֆրանսիայի մենք...չէ, ռուսներին դեմ չենք գնա: Հանրաքվեին ամեն ինչ պատրաստ էր, ճիշտ է արեւմտամետները մինչեւ վերջին օրն առաջարկում էին, որպեսզի քվեաթերթիկներում հարցի ձեւակերպումը փոխվի, այն լինի ոչ թեՙ Համաձա՞յն եք մտնել Ռուսաստանի կազմ , այլՙ Համաձա՞յն եք մտնել Եվրոմիություն, որտեղ նաեւ Ռուսաստանն է , բայց առաջարկը չընդունվեց: Ի դեպ, Ռուբեն Հախվերդյանը, այո հենց նա, իր առաջարկն ուներՙ նա կոչ արեց, որ քվեաթերիկներում հարցը լինի հետեւյալըՙ Համաձա՞յն եք մտնել : Այսքանը, կարճ եւ կոնկրետ: Իշխանությունը ոչ մի զիջման չգնաց. հարցը մնաց անփոփոխՙ համաձա՞յն եք մտնել Ռուսաստանի կազմ եւ վերջ, սա Հայաստանն է եւ վերջ: Հատկապես ակտիվ էր սփյուռքը, դե քանի որ ավելի մարդաշատ տեղերում առավել ակտիվ են լինում: Ընդհանուր կարծիքը հետեւյալն էրՙ պետք է մտնել: Կային առանձին ռոմանտիկներ, որոնք պնդում էին, թե պետք է Թուրքիա մտնելՙ հրով-սրով, բայց ռոմանտիկները միշտ են լինում եւ նրանք միշտ են փոքրամասնություն լինում: Բայց խնդիրն այն էր, որ Սփյուռքում, օրինակ ֆրանսահայերը պնդում էին, որ Հայաստանը պետք է Ֆրանսիայի կազմ մտնի, ամերիկահայերըՙ ԱՄՆ-ի, Ավստրալիայի հայերըՙ Ավստրալիայի,... Մի խոսքով, բոլորն ուզում էին Հայաստանն իրենց կողմ տանել, իրենց միացնել, այդքան սիրում էին երկիրըՙ ինչպես արեգակին են սիրում: Բայց Սփյուռքը քվեարկելու իրավունք չուներ. երբ տարիներ առաջ քննարկվեց այդ հարցը, եւ գրեթե որոշվեց, որ պետք է այդ իրավունքը տալ մեր հայրենակիցներին, Սերժ Սարգսյանը աշխատանքային կարճատեւ այցով մեկնեց Մոսկվա, դրանից հետո որոշվեց, որ ավելի լավ է Արի տունը շարունակվի: Ի դեպ, այդ տարի Հայաստան համահայկական հիմնադրամն ամենաքիչ հանգանակությունը հավաքեց: Հանրաքվեի օրը երկիրը զարթնեց ինչպես միշտՙ հոգնած ու տխուր: Հանրաքվեն անցավ համաձայն օրենքիՙ թափանցիկ, ժողովրդավարական, առանց լցոնումների: Իմաստը չկար կեղծելու. բոլորը վստահ էին, բոլորս սիրում ենք Ռուսաստանը, բոլորս սիրում ենք Եվրոպան, բոլորս սիրում ենք լավ ապրել եւ բոլորս միամիտ ենք: Երեկոյան պարզ դարձավ, որ հանրաքվեին մասնակցել է 444 հազար մարդ, սա ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիներիՙ 98 տոկոսն էր: Ճիշտ է, 2040-ին Հայաստանի բնակչությունն արդեն դարձել էր 4 միլիոն 444 հազար մարդ, բայց հաջորդ իսկ տարում այդ 4 միլիոնն անհետացել էր, եւ մնացել նորից 444 հազար... ԿԸՀ-ն հանրաքվեն հայտարարեց կայացած, բայց առաջին արդյունքներն ուշանում էին: Փոխարենը հայտնվում էին տեղեկություններ անվավեր ճանաչված քվեաթերթիկների մասին, ընդ որումՙ ավելի ու ավելի շատ: Հաջորդ օրը ԿԸՀ-ն որեւէ հայտարարությամբ հանդես չեկավ: Նախագահ-վարչապետի կամ վարչապետ-նախագահի նստավայր գալիս ու գնում էին տարբեր մեքենաներ, նախագահ Պուտինը Սերժ Սարգսյանին հրավիրեց Մոսկվաՙ կարճատեւ աշխատանքային այցով... Ու մինչ կմեկներ նախագահը, ԿԸՀ-ն հայտարարեց հանրաքվեի արդյունքները. ՀՀ բնակչության 98 տոկոսըՙ Համաձա՞յն եք մտնել Ռուսաստանի կազմ հարցին պատասխանել էրՙ հարցը համարել հռետորական : Ոչ ոք չգիտեր, թե ի՞նչ պետք է արվի այդ արդյունքների հետ, անգամ Պուտինը: Ավելին, որեւէ մեկը չիմացավ, թե ինչպե՞ս է ստացվել, որ ժողովուրդը քվեարկել է այդպես ու այդքան միահամուռ, ընդ որումՙ մտածված, այն պարագայում, երբ մտածելը քրեորեն պատժելի էր: Ողջ ժողովրդին ձերբակալելու համարձակություն ոչ ոք չունեցավ, չնայած կոչեր լսվեցին, ընդ որում Ազգային ժողովում, որտեղ հայտնվում են նրանք, որոնց ընտրում է ժողովուրդը: Ստիպված դիմեցին Սահմանադրական դատարան: Բարձր դատարանը որոշեց, որ ժողովրդի կամարտահայտությամբՙ Հայաստանը չի քվեարկել Ռուսաստանի կազմում ներառվելու օգտին, բայց ժողովուրդը դրան դեմ չէ: ՍԴ որոշման հիման վրա որոշվեց, որ ուրեմն մտնում ենք, մանավանդ, որ վաղուց մտել ենք. տնտեսությունը նույնն է, բանակը նույնն է, քաղաքական դիրքորոշումներն ու առանձնահատկությունները նույնն են, լեզուն նույնանում է, մի խոսքով...Դոստոեւսկին ու Տոլստոյը դարձան հայ մեծ գրողներ, մեկ օրում դարձանք տիեզերական, միջուկային, աշխարհակալ, անծայրածիր: ԵՄ-ում մեզ սկսեցին անվանել ռուսներ, Ռուսաստանումՙ Խաչիկո, փոխելով հանրահայտ հավատարիմ շանՙ Հաչիկոյի անունի առաջին տառը միայն: Ոչ աջից, ոչ ձախից, ոչ վերեւից, ոչ ներքեւից մեզ որեւէ մեկը չէր սպառնում. բոլորը վախենում էին, անվտանգ ապրում էինք: Արցա՞խը, նրա շուրջ բանակցությունները շարունակվում էինՙ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ: Ի դեպ, 2167-ին, երբ Ռուսաստանիՙ Հայկակական Հանրապետությունում բոլորը խոսում էին ռուսերեն, այդ բանակցությունները դեռ շարունակվում էին: Հ. Գ.- Հիշեցումՙ մտածելը քրեորեն պատժելի արարք չէ... առայժմ: |