ԲՌՆԱՑԻՐ, ՍԻՐԵԼԻՍ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի եւ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ներկայացուցիչներն անցկացրել են հետազոտություն: Ըստ այդմ պարզվել է, որ Հայաստանի քաղաքներում ընտանիքներում բռնությունն ավելի շատ է լինում, քան գյուղերում: Հետազոտողները պարզել են, որ գյուղերում բոլորն իրար ճանաչում են, մարդիկ ավելի ավանդապաշտ են, եւ ընտանեկան վեճերն արագ հարթվում են, ընդ որում կողմնակի անձանցՙ ընդհուպ գյուղապետերի մասնակցությամբ: Ուշագրավ է, որ Գեղարքունիքում, պարզվում է, ավելի հաճախ են կանանցից պահանջում հանդուրժողականություն եւ նրանց մեղադրումՙ ընտանիքներում բռնություն հրահրելու մեջ: Հատկանշական է նաեւ, որ Հայաստանում սեռական բռնությունըՙ որպես ընտանիքում բռնության տեսակ, չի նշվում: ՄԱԿ-ի ներկայացուցիչները դա հիմնավորում են նրանով, որ մեզանում բացակայում են սեռական հարաբերությունների մասին քննարկումները: Հետազոտությունից նաեւ պարզ է դարձել, որ ընդհանուր առմամբ, կապ չունի քաղաքում, թե գյուղում, հայերը հակված են պահպանել ընտանիքներըՙ հանդուրժելով բռնությունը: Հետազոտողները մոռացել են նշել, կամ գուցե չեն պարզել, որ հայերն այսպիսին են եղելՙ դարեր ի վեր, ու ոչ միայն ընտանիքներում: |