«ԴՈՒ ԿԱՅՐՎԵՍ ԴԺՈԽՔՈՒՄ» Հ. Ծ. «Նման անեծքով է դիմել ինձ թուրք մահմեդական ազգականներիցս մեկը, այն բանից հետո, երբ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» թերթի նոյեմբերի 4-ի համարում տպագրվեց իմ «Ինչո՞ւ եմ երախտապարտ Թուրքիայի բռնապետ Էրդողանին» հոդվածը», գրում է Կոլորադոյում (ԱՄՆ) գործող ոչ-շահութաբեր «Multicultural Mosaic Foundation» հաստատության վարչության նախագահ Իսմայիլ Աքբուլութը «Միրորի» նոյեմբերի 18-ի համարում: «Ինձ դավաճան են անվանում, ոչ արժանի Ալլահի առաքելությունը կատարելու: Էրդողանի պաշտպանները հավատացած են, որ Օսմանյան կայսրությունը Ալլահի սրբազան առաքելության մի մասն էր որպես պարգեւ իսլամը պահպանելու մեր ջանքերի: Շատերն են ափսոսում նրա անկումը 1922-ին եւ դրանում մեղադրում հայերինՙ թուրքերին դավաճանելու եւ թշնամու հետ համագործակցելու համար: Այդ պատճառով էլ տեղի ունեցան տեղահանություններ պաշտպանելու հայերին թուրքերից (որ վրեժ չլուծեն) եւ թուրքերինՙ հայերից: Տեղահանությունների ժամանակ անբարենպաստ եղանակի եւ քուրդերի հարձակումների պատճառով հայերից շատերը մահացան, ասում են նրանք: Այս պաշտոնական թուրքական վարկածը, իմ կարծիքով, զուրկ է հավաստի լինելուց: Ավելին, այն անտեսում, ժխտում է պետական միջոցների գործադրումով մինչեւ մեկուկես միլիոն հայերի, այդ թվում մտավորականների, կանանց եւ երեխաների սպանդը: Դա միայն ծառայում է պատմությունը վերստին գրելունՙ պահպանելու համար Թուրքիայի «անբիծ» փառքը: Իմ առաջին մեղքն, ուրեմն, համագործակցելն էր հայկական մի թերթի հետ, իմանալով հանդերձ, որ հայերը պատճառ էին դարձել «սրբազան» կայսրության անկմանը: Երկրորդ մեղքս Էրդողանին բռնապետ անվանելն է, այն դեպքում, երբ Թուրքիայում շատերը հավատացած են (ավելի ճիշտ նրանց հավատացրել են), որ Ալլահը Էրդողանին օժտել է Օսմանյան կայսրությունը վերհառնելու առաքելությամբ: Նրան պարզապես պետք է անվերապահորեն հնազանդվել: Որեւէ քննադատություն հավասար է Ալլահի դեմ մեղանչելուն: Ուստի ես պետք է այրվեմ դժոխքում: Բայց խոստովանեմ, որ ես ստացել եմ նաեւ դրական, խրախուսական ուղերձներ թուրք եւ հայ մտավորականներից, մարդու իրավունքների պաշտպաններից, լրագրողներից եւ գրողներից, որոնք գովում էին իմ խիզախությունը: Քանի որ սկզբնական շրջանում մեծացել եմ Ցեղասպանությունը ժխտող միջավայրում, հասկանում եմ, որ որոշ հայեր կասկածանքով կմոտենան ինձ: Այդուհանդերձ բավական երկար ժամանակ Արեւմուտքում ապրելուց հետո, գիտակցում եմ, որ անվստահությունը կարող ենք հաղթահարել, եթե միմյանց լսենք եւ փորձենք իրար հասկանալ: Հուսով եմ, որ մենք կկարողանանք իրարհասկացողության մթնոլորտ եւ խաղաղ ապագա կերտել, եթե մեր ականջները, աչքերն ու սրտերը բացենք մեկս մյուսի առաջ: Դրանում այսօր ես ավելի հույսով եմ, քան երեկ», գրում է Իսմայիլ Աքբուլութը, որի հոդվածի հակիրճ բովանդակությունն էր ներկայացվածը: Նկար 1. Իսմայիլ Աքբուլութ |