ԱՅՍՕՐ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ՆՇՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՕՐԸ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, Բանասիրական գիտությունների թեկնածու, Քաղաքագիտության դոցենտ Տոնակատարության ամսաթիվն ընտրված է ոչ պատահականորեն: Այն սերտորեն կապված է Ղազախստանի անկախության հետ: Հենց 1991 թ. դեկտեմբերի 1-ին տեղի ունեցան այն ժամանակ դեռ Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության նախագահի առաջին համաժողովրդական ընտրությունները: Պետության գլուխ ընտրվեց Նուրսուլթան Նազարբաեւը : Ղազախստանի Առաջին նախագահի դերը գնահատելու համար արժե հիշել, թե ինչ էր կատարվում 90-ական թթ., այն բանից հետո, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը: Պլանային տնտեսությունն ավարտվեց փլուզմամբ եւ նրա մնացորդները արագ վերաձեւավորվում էին շուկայական հարաբերությունների տրամաբանությամբ: Երբեմնի միասնական Միության նորանկախ երկրներում եռում էին ազգամիջյան հակամարտությունները, որոնք բացահայտորեն վերաճում էին պատերազմական գործողությունների: Չնայած անցումային ժամանակաշրջանի բոլոր դժվարություններին, Ղազախստանին հաջողվեց խուսափել նման հիմնախնդիրներից եւ ճգնաժամերից, որոնք ծանրացել էին հետխորհրդային պետությունների վրա: Դրա համար մեծապես պետք է շնորհակալ լինեն Ղազախստանի Հանրապետության նախագահ Ն.Նազարբաեւի հավասարակշռված եւ բազմավեկտոր քաղաքականությանը, ինչը թույլ տվեց պահպանել խաղաղությունը եւ համաձայնությունը բազմազգ պետության մեջ: Այնպես որ զարմանալի չէ, որ մի քանի տարի անց, 2010 թ. Ն.Նազարբաեւին շնորհվեց «Ազգի առաջնորդ» կարգավիճակը: 2000-ական թթ. սկզբին Ղազախստանին հաջողվեց հաջողությամբ խուսափել այսպես կոչված «գունավոր հեղափոխությունների» ալիքից, ինչը բառացիորեն հեղեղել էր հետխորհրդային տարածքը: Եվ չնայած երկրում իրավիճակը ապակայունացնելու փորձեր իրականացվել են, եւ ոչ մեկ անգամ, սակայն նախագահական թեզըՙ «սկզբում տնտեսություն, հետո քաղաքականություն», թույլ է տվել պահպանել կարգուկանոնը Ղազախստանում: Ղազախստանի Հանրապետության Առաջին նախագահի եւս մեկ նշանակալից քայլը դարձավ մայրաքաղաքի տեղափոխումը Ալմաթի քաղաքից Ակմոլա (նախկին Ցելինոգրադ) քաղաք 1994 թ.: Վերադասավորման գործընթացը զբաղեցրեց 4 տարի: 1998 թ. օպերատիվ կերպով, տառացիորեն մի քանի շաբաթում, նախքան պաշտոնական շնորհանդեսը, քաղաքը վերանվանեցին Աստանա (ղազախերենից թարգմանածՙ մայրաքաղաք): Մի քանի տարում գավառական քաղաքից այն վերափոխվեց խոշոր տնտեսական եւ քաղաքական կենտրոնի, որը հագեցած է ժամանակակից ենթակառուցվածքով եւ ձեւավորված է ճարտարապետական ճոխությամբ: Այժմ Աստանան հայտնի է ամբողջ աշխարհում: Եվ դրանում մեծ ծառայություն ունի Առաջին նախագահը: Ղազախստանի արտաքին քաղաքականությունը միշտ առանձնացել է խաղաղասիրությամբ եւ ուղղված է եղել փոխադարձ համագործակցությանը այլ երկրների հետ: Չարժե մոռանալ, որ երկրի առաջին նախաձեռնություներից մեկը (եւ դա նախագահ Նազարբաեւինն էր) համաշխարհային թատերաբեմում դարձավ հանրապետության հրաժարումը միջուկային զենքին տիրապետելուց եւ աշխարհում իր մեծությամբ չորրորդ միջուկային զինանոցի վերացումը: Հետագայում, Ղազախստանի նման որոշումը թույլ տվեց երկրին եւ նրա առաջնորդին ակտիվորեն հանդես գալ միջուկային զենքից ազատ աշխարհի եւ, ընդհանուր առմամբ, խաղաղության օգտին: Այսպես, 2003 թ. Աստանայում, Բարեկամության եւ համաձայնության պալատում, առաջին անգամ տեղի ունեցավ մի աննախադեպ միջոցառում, որը նվիրված էր միջդավանաբանական համաձայնության հարցերին: Դա համաշխարհային եւ ավանդական կրոնների առաջնորդների առաջին համագումարն էր: Եվ արժե նշել, որ այն չեղավ նաեւ վերջինը, աստիճանաբար նման համագումարները գործնականում դարձան ավանդական եւ այժմ անց են կացվում կանոնավոր կերպով, մի քանի տարին մեկ: 2010 թ. հենց Ղազախստանն էր, որ հետխորհրդային տարածքում առաջինը գլխավորեց Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպությունը (ԵԱՀԿ), խոշորագույն տարածաշրջանային կառույց, որը միավորում է իր մեջ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Հյուսիսային Ամերիկայի 56 երկիր: Եվ ահա եւս մեկ համընկնում. հենց դեկտեմբերի 1-2-ին տեղի ունեցավ ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովը, որին մասնակցում էին կազմակերպության պետությունների եւ կառավարությունների ներկայացուցիչները: Գագաթաժողովի հիմնական թեմաները դարձան անվտանգության հարցերն ու «սառեցված» հակամարտությունների կարգավորումը: Հանդիպման ավարտին ընդունվեց հայտնի Աստանայի հռչակագիրը: Եվ այժմ էլ Ղազախստանը ակտիվորեն շարունակում է իր խաղաղասիրական գործունեությունը: Մեծապես շնորհիվ ղազախստանյան առաջնորդի հեղինակության, հատկապես Աստանայում են անցնում Սիրիայում հակամարտության կարգավորմանը նվիրված միջազգային բանակցությունները: «Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների խնդրանքով Ղազախստանը տրամադրեց հարթակ բանակցությունների համար», - ընդգծեց ինքըՙ նախագահ Նազարբաեւը պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպումներից մեկի ժամանակ. «Բոլորն ընդգծում են տվյալ գործընթացի արդյունավետությունը: Լուծված են մի քանի տարածքներում ռազմական գործողությունների դեէսկալացիայի հիմնախնդիրները: Մշակված են համագործակցության հետագա մեխանիզմները, բարելավվել է հումանիտար իրավիճակը»: Բացի այդ, ղազախստանյան առաջնորդը հանդես է գալիս իբրեւ ետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների գլխավոր նախաձեռնող: Շանհայի համագործակցության կազմակերպություն եւ ՀԱՊԿ, ԵվրԱզԷս, Մաքսային միություն եւ, վերջապես, Եվրասիական տնտեսական միությունՙ Նազարբաեւի դերն այս միավորումների ստեղծման գործում դժվար է գերագնահատել: Այս տարի Աստանան կրկին հայտնվեց համաշխարհային իրադարձությունների կենտրոնում: Այնտեղ անցավ «ԷՔՍՊՕ 2017» Միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Ահռելի աշխատանք կատարվեց եւ բացարձակապես իմիջային (առաջին հայացքից) նախագիծը երկրի համար հնարավորություն բացեց ներդրումների հսկա հոսքի եւ նորարարական տեխնոլոգիաներիՙ ապագայի տեխնոլոգիաների ներդրման համար: Կարճ ասած, Ղազախստանի քաղաքացիներն իրենց նախագահին շնորհակալություն ասելու պատճառներ ունեն, նաեւ հպարտանալուՙ նույնպես: Տոնը, որը նշվում է պետական մակարդակով, հարգանքի տուրք է Ղազախստանի ժողովրդի կողմից իր առաջնորդին, նրա ծառայությունների եւ նվաճումների հանդեպ: Այդպես էլ պետք է լիներ: |