ՆԱԶԱՐԲԱԵՎԻ ՓՈՂՈՑԻՑՙ ԱԶԳԱԼԴՅԱՆԻ ՓՈՂՈՑՈՎ ԴԵՊԻ ԻՍԱԿՈՎ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Ալմաաթիի կենտրոնական փողոցն անվանակոչվել է Նորսուլթան Նազարբաեւի անվան: Փողոցն առաջ կրում էր Ֆուրմանով անունը, ի դեպ: Իսկ Երեւանի քաղաքապետարանում, կոնկրետՙ ավագանիում մեծամասնություն կազմող ՀՀԿ խմբակցությունը դեմ է մայրաքաղաքում փողոցների անվանափոխությանը: ՀՀԿ խմբակցությունից նշել են, որ նոր անուններ պետք է տալ միայն անանուն փողոցներին, իսկ այն փողոցները, որոնք արդեն անուն ունեն, ոչ մի դեպքում չպետք է անվանափոխվեն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ փողոցների անվանափոխությունը սխալ է, քանի որ մարդիկ, մեր հանրությունը, երեւանցիները արդեն քանի տարի է այդ անուններին են սովոր : Թե մարդկանց, մեր հանրության, երեւանցիների քանի՞ տոկոսն է ճանաչում, օրինակ Տիչինիային կամ Ամիրյանին (գոնե միայն անունով), քաղաքապետը չի ասել: Պարոն Մարգարյանը նաեւ չի ասել, թե հնարավոր չէ՞ արդյոք հիմա անվանափոխել որոշ փողոցները ու մարդկանց վարժեցնել նոր անուններին: Ամեն դեպքում Երեւանում արդեն կան Մոնթե Մելքոնյանի, Լեոնիդ Ազգալդյանի անուններով փողոցներ, ճիշտ էՙ ծայմարասերում, ճիշտ էՙ փոքրիկ, բայց կան: Օրինակ Ազգալդյանի փողոցով կարող եք Լենինգրադյանից անցնել Իսակով: |