ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՍԻԱՅՈՒՄ 2018-ԻՆ Պ. Ք. 2018 թվականին Ասիայի երկու տարածաշրջաններում պատերազմի վտագը չի բացառվում, կարծում է Ժնեւի Le Temps թերթի մեկնաբան Ֆրանսուա Նորդմանը : Աշխարհաքաղաքական իրադրությունը շարունակում է վատթարանալ, թեեւ աշխարհի բնակչությունը միշտ չէ, որ գիտակցում է դա: Առանձնակի մտահոգություն են պատճառում երկու հավանական օջախներՙ Կորեական թերակղզին եւ Մերձավոր Արեւելքը: Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Մարկ Ֆիցպատրիկի գնահատմամբ, Կորեական թերակղզում 2018-ին պատերազմի բռնկման հավանականությունը 50 տոկոս է: Քիչ հավանական է, որ ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ի եւ Չինաստանի ճնշման ներքո դադարեցնի իր միջուկային ծրագիրը եւ բալիստիկ հրթիռների փորձարկումները: Հնարավո՞ր է արդյոք, որ նման պայմաններում նախագահ Դոնալդ Թրամփը իրականացնի ԿԺԴՀ-ին «հրով ու սրով» պատժելու վերաբերյալ իր հնչեցրած սպառնալիքը, հարց է տալիս մեկնաբանը: Որոշ մեկնաբաններ սխալվում ենՙ կարծելով, թե Կիմ Չեն Ինի վարչակարգը չի համարձակվի սեփական ընթացքը շարունակելՙ վախենալով ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի պատասխան հարվածներից: Սակայն անհնար է տվյալ դեպքում վստահ լինել: Մարկ Ֆիցպատրիկը գտնում է, որ սպառնալիքների այդօրինակ փոխանակումը կարելի է համարել հոգեբանական պատերազմ: Ակնկալվում է, որ Չինաստանը կուժեղացնի ճնշումը Հյուսիսային Կորեայի վրա եւ կկիրառի վերջինիս նկատմամբ ձեռնարկված ՄԱԿ-ի պատժամիջոցները: Իհարկե Հյուսիսային Կորեան առայժմ ցույց չի տալիս, թե մտադիր է մոտ ժամանակներս անցկացնել միջուկային զենքի փորձարկումներ: Բայց դրանց չի նպաստում նաեւ ձմեռը: Գարնանը հայտնի կդառնա, թե ԿԺԴՀ-ն իրոք հրաժարվո՞ւմ է արդյոք իր սադրանքներից: Եթե ոչ, ապա միջազգային ընկերակցությունը պետք է պատասխան միջոցներ գտնի առանց միջուկային պատերազմի սանձազերծման: Ինչ վերաբերում է Մերձավոր Արեւելքին, այնտեղ ռազմաշունչ հռետորաբանությամբ զբաղվում են Իրանը եւ Սաուդյան Արաբիան: Սակայն նրանց հնարավորությունները միատեսակ չեն: Էր-Ռիադը մտահոգված է «Իսլամական պետության» անկման շնորհիվ Իրանի առաջխաղացմամբ: Իրանի ազդեցությունը տարածվում է Իրաքյան Քրդստանի, Սիրիական Քրդստանի եւ նույնիսկ Թուրքիայի մի մասի վրա: Եմենից Էր-Ռիադի ուղղությամբ Իրանի դաշնակիցների հրթիռի արձակումը, սաուդցի գահաժառանգ Մուհամմեդ Բեն Սալմանի նախաձեռնած բարեփոխումները, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի պաշտոնաթողության պատճառով այդ երկրում ծագած ճգնաժամը հիմքեր են տալիս երկյուղելու երկրորդ ճակատի բացումից: Սակայն Լիբանանում բնակչությունը դեմ է սաուդցիների միջամտությանը եւ հավատարիմ է վարչապետին, իսկ Ֆրանսիայի եւ Չինաստանի դիվանագիտական միջամտությունը թույլ տվեց կասեցնել հնարավոր հրդեհը: Այդուհանդերձ, Սաուդյան Արաբիայի եւ Իրանի մրցակցությունը շարունակում է սրվել: Այսպիսով, 2018 թվականին խաղաղեցումը քիչ հավանական է, իսկ պատերազմի վտանգըՙ բավական մեծ, ամփոփում է հոդվածագիրը: |