ԱՄՆ-Ը ԿՍՏԵՂԾԻ ԳԵՐԶԻՆՎՈ՞Ր Պ. Ք. Պնդում են, թե FORTIS-ը շատ օգտակար կլինի քաղաքային մարտերում ԱՄՆ զինված ուժերը կատարում են էկզոկմախքի փորձարկումներ, որը հանդերձավորված է մարդու անհատական քայլվածքը վերլուծող եւ նմանակող ԻԻ համակարգով: Վերջինս վերաբաշխում է հետեւակային զինծառայողի բեռնվածությունը եւ ապահովում հավելյալ շարժունություն, պնդում է արտադրող ֆիրման: Այդ մասին հաղորդում է Scout Warrior հրատարակությունը: Զինվորականները փորձարկել են մասնավոր պաշտպանական Lockheed Martin ընկերության նոր մշակումըՙ FORTIS-ը: Փորձարկումներն անցկացվել են Վիրջինիա նահանգի վարժական կենտրոններից մեկում: Նոր էկզոկմախքը զինվորականներին հնարավորություն է տալիս բարձրացնել մինչեւ 80 կգ բեռներՙ նվազեցնելով էներգետիկ ջանքերը: Փորձարկումներին մասնակցում էին զիվորական ընտիր ստորաբաժանումների մարտիկները: էկզոկմախքը նրանց հնարավորություն էր տալիս տարածությունները հաղթահարել առավելագույն արագությամբ եւ բեռնվածությամբ, հայտարարել է ընկերության մշակման ղեկավար Կիտ Մաքսվելը : Lockheed Martin-ի ճարտարագետները պնդում են, որ FORTIS-ը կարող է շատ օգտակար լինել քաղաքային պայմաններում մարտեր մղելիս: Էկզոկմախքը թույլ է տալիս ապահովել հետեւակայինների շարժունությունը, արագությունը եւ ուժը: FORTIS-ը հանդերձավորված է տվիչներով, որոնք համակարգչին տեղեկություններ են հաղորդում զինվորի գտնվելու վայրի, շարժման արագության եւ դինամիկայի մասին: Ըստ Մաքսվելի, տվյալ մեխանիզմը հնարավորություն է տալիս կրճատել օրգանիզմի էներգետիկ ծախսերը եւ էներգիայի ծավալը, որն անհրաժեշտ է, օրինակ, բարձունքին հասնելու համար: FORTIS-ը հանդերձավորված է լիթիումաիոնային BB-2590 մարտկոցով, որի քաշը 1360 գրամ է: FORTIS-ը մշակված է այն նպատակով, որպեսզի զիվորները կարողանան վազել, բեռներ տեղափոխել, վիրավոր ընկերներին մարտադաշտից դուրս բերել եւ կատարել բազմապիսի մարտական խնդիրներ: Միեւնույն ժամանակ էկզոկմախքը իր տիրոջը թույլ է տալիս զերծ մնալ ծնկահոդի գերլարումից: Համակարգը հնարավորություն է տալիս հաղորդակը, շարժիչը եւ փոխանցման մեխանիզմը միավորել միասնական սարքի մեջ: FORTIS-ը նոր սերնդի թեթեւացված էկզոկմախք է, որը էապես տարբերվում է իր նախորդիցՙ Exxkeleton HULC-ից: Վերջինիս քաշը 40 կիլոգրամ էր, ինչը զգալիորեն սահմանափակում էր հետեւակայինների շարժունությունը: Դա հաստատվում է վերջերս Միչիգանի համալսարանի անցկացրած անկախ հետազոտությամբ: |