RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 01-12-2017



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2017-11-30 23:19:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 6750, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՐ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸՙ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ

Հ. ՍԱՐԳՍՅԱՆ, ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
Ա. ՄԱՐԿՈՍՅԱՆ, ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի մագիստրոսական ծրագրի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Յուրաքանչյուր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման պատմությունը ձեւավորում է երկրի ընդհանուր զարգացման պատմության անբաժանելի եւ կարեւոր մասը: Այդ պատմության արձանագրումը, մեր կարծիքով, հետապնդում է երկու հիմնական նպատակ. Առաջինը, որ այն տվյալ երկրի (ազգի) պատմությունն է սոցիալ տնտեսական բնագավառում, քանի որ նույնիսկ այսօրվա իրադարձությունները ընդամենը մեկ օր հետո դառնում են պատմություն եւ, որի վերաբերյալ ներկայում ապրողները պետք է (պարտավոր են) այդ տվյալները փոխանցել հաջորդ սերունդներին: Երկրորդՙ նպատակի իմաստն այն է, որ ճանաչելով կամ իմանալով անցած ժամանակահատվածում իրականացված սոցիալ-տնտեսական քաղաքականությունը եւ այդ ընթացքում թույլ տված վրիպումները կամ բացթողումներըՙ լայն հնարավորություն է ընձեռվում հետագայում դրանք չկրկնելու կամ խուսափելու նախորդ սխալներից:

Հայաստանի Երրորդ հանրապետության ավելի քան քառորդդարյա պատմությունը թույլ է տալիս զարգացման «ֆիլտրով» իմաստավորել այդ ժամանակահատվածը: Այս տեսանկյունց պետք է նկատել, որ ՀՀ տնտեսագիտական միտքը այս խնդրով գրեթե չի զբաղվել: Ներկայումս զգացվում է այդ բացը լրացնելու եւ անցած ավելի քան երկուսուկես տասնամյակի սոցիալ-տնտեսական անցուդարձը քննախույզ տնտեսագիտական վերլուծության եւ իմաստավորման ենթարկելու համար:

Հայտնի է, որ Հայաստանի հիմնական հարստությունը մարդկային կապիտալն է: Թեեւ ներկայումս մեր հանրապետությունում չի հաշվարկվում ազգային հարստության մեծությունը, սակայն կարծում ենք, որ այն առաջիկայում կհաշվարկեն եւ ավելի կոնկրետ մենք կունենանք ազգային հարստության եւ նրա բաղկացուցիչների վերաբերյալ պատկերը: Նկատենք, որ ազգային հարստության ցուցանիշը սոսկ թվաբանական մեծություն չէ, այլ կրում է որոշակի գաղափարախոսական հենք այն առումով, թե տվյալ երկրի սահմաններում ինչպիսի արժեքային համակարգ է գործում եւ դրա մեծությունը ձեւավորող բաղադրիչներից յուրաքանչյուրը արժեքային հիերարխիայում ինչպիսի տեղ է զբաղեցնում: Այդ ամենով հանդերձ զարգացած երկրների ազգային հարստության հաշվարկման մեթոդաբանության եւ ստացված կոնկրետ մեծություններին ծանոթանալուց հետո կարող ենք նշել, որ այդ երկրներում ազգային հարստության զգալի բաժինը կազմում է մարդկային կապիտալը: Այսպես, օրինակ, ԱՄՆ-ի ազգային հարստության 84%-ը կազմում է մարդկային կապիտալը (համեմատության համար նշենք, որ այդ երկրի բնական պաշարների կշիռը կազմում է 0.67%): ԵՄ երկրներում այդ ցուցանիշը տատանվում է 40-75%-ի սահմաններում, իսկ Կանադայումՙ 94% (նկատենք, որ Կանադայում է գտնվում խմելու ջրի աշխարհի պաշարների զգալի մասը):

Այլ հիմնահարցերի հետ միասին վերը նշված երկու կարեւորագույն հիմնախնդիրների լուծումների որոնմանն է ուղղված Գ. Ղարիբյանի, Ա. Խառատյանի եւ Ռ. Իսահակյանի աշխատությունը*: Այն բաղկացած է 4 գլուխներից, ինչպես նաեւ վերջաբանից եւ օգտագործված գրականության ցանկից:

Առաջին` «Մարդկային կապիտալը եւ նրա զարգացման հիմնական դրսեւորումները նախախորհրդային եւ Խորհրդային Հայաստանում» գլխում քննարկման առարկա են դարձել մարդկային կապիտալի էությունը եւ հետազոտման մեթոդաբանությունը, նախախորհրդային Հայաստանում եւ Խորհրդային Հայաստանում մարդկային կապիտալին վերաբերող հիմնահարցերը, ինչպես նաեւ կապիտալի նախասկզբնական կուտակման հայաստանյան դժվարությունները, կոռուպցիոն բնույթը եւ ծանր հետեւանքները:

Երկրորդ գլխում կարեւորվել են ԽՍՀՄ կազմաքանդման եւ Հայաստանում շուկայական տնտեսության կայացման, ինչպես նաեւ Հայաստանի տնտեսական եւ սոցիալական խորը ճգնաժամին վերաբերող հարցերը:

Աշխատության երրորդՙ «Հարստության եւ եկամուտների բեւեռացված բաշխումը եւ Հայաստանի բնակչության զանգվածային աղքատացումը» գլխում կարեւորվել են Հայաստանի անցումային տնտեսությունում բաշխման հարաբերությունները, տնային տնտեսությունների եկամուտների եւ ծախսերի բեւեռացումը, բնակչության զանգվածային աղքատացումը եւ դրա դրսեւորման ձեւերը:

Գրախոսվող աշխատանքի չորրորդՙ «ՀՀ մարդկային կապիտալի կորուստները եւ դրանց կանխման հիմնախնդիրները» գլխում քննարկման առարկա են դարձել մարդկային կապիտալի քանակական կորուստները եւ հաղթահարման հիմնախնդիրները, մարդկային կապիտալի որակական կորուստները եւ կրթության զարգացման հիմնախնդիրները, գործազրկությունըՙ որպես մարդկային կապիտալի որակական կորուստ, եւ դրա կանխման ուղիները:

Աշխատության «Վերջաբանի փոխարեն» բաժնում կարդում ենք. «ՀՀ սոցիալ- տնտեսական եւ ժողովրդագրական մի շարք խնդիրների լուծման, այդ թվումՙ բանակում զինվորների համապատասխան թվաքանակի ապահովման համար ՀՀ գերակա խնդիրներից է աշխատանքային միգրացիայի եւ այլ ձեւերով մոտավոր հաշվարկներով տարեկան 30-35 հազար աշխատունակ բնակչության, հիմնականում երիտասարդներիՙ պոտենցիալ զինվորների, արտագաղթի կանխումը: Ինչպես ցույց է տալիս կյանքը, դա հեշտ լուծվող խնդիր չի: Բայց պետական իշխանությունները, մտավորականությունն այսօր պետք է անեն ամեն ինչ, որ արտագաղթը կանխվի» : Ամբողջությամբ կարելի է համաձայնվել հեղինակների այս տեսակետի հետ եւ կարծում ենք այն պետք է դառնա վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականության անկյունաքարերից մեկը:

Պետք է նշենք նաեւ, որ պետական բազմաթիվ պարգեւատրումներ եւ կոչումներ ունեցող ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Գ.Ա.Ղարիբյանի գլխավորությամբ ստեղծված աշխատությունը, որն աչքի է ընկնում մեր իրականության գիտական, ճշմարտացի եւ սրտացավ վերաբերմունքով եւ շարադրանքով, փաստերի եւ իրադարձությունների հետազոտական ներկայացմամբ եւ ամփոփմամբ, վիճակագրական հարուստ նյութերի օգտագործմամբ եւ վերլուծությամբ, կիրառական նշանակության եւ կարեւորության եզրահանգումներով եւ առաջարկություններով կարող է հիմք հանդիսանող ՀՀ սոցիալ-տնտեսական քաղաքականության ծրագրերի եւ միջոցառումների մշակման եւ կիրառման գործում, եւ հատկապես սոցիալական-տնտեսական ժողովրդագրական, մարդկային կապիտալի վերարտադրության արդյունավետ ուղիների մշակման, ինչպես նաեւ հուսալի ազգային անվտանգության ապահովման մյուս ուղիների կատարելագործման եւ բարելավման գործում:

Այս ամենը վկայում է, որ մեր ձեռքին է արժեքավոր, գիտակիրառական աշխատություն, ինչն արժանի է ամենաբարձր մասնագիտական գնահատականի:

*) Գ. Ղարիբյան, Ա. Խառատյան, Ռ. Իսահակյան, «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացումները եւ մարդկային կապիտալի վերարտադրության հիմնախնդիրները անկախության տարիներին», Եր., ԵՊՀ հրատ., 2017, 340 էջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 01-12-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ