RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16 > #044, 2018-11-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 09-11-2018



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2018-11-24 03:27:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 1093, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

FAKE

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Շուտով կսկսվի քարոզարշավը, եւ գրեթե բոլոր առումներով անպատրաստ մեր հանրապետությունը կմխրճվի քարոզչական մի հորձանուտի մեջ, ուր կեղծն ու իրավը, ճշմարիտն ու կես-ճշմարիտը կբոթեն միմյանց, եւ ընտրողը, քաղաքացին ընդհանրապես, կհայտնվի այնպիսի շփոթության մեջ, որ մարդկանց քաղաքացիական կամաարտահայտության իրավունքը կվերածվի անիրավության: Ենթադրում եմ:

Չեմ թանձրացնում գույները, ոչ էլ տառապում եմ կանխատեսող լինելու հիվանդությամբ: Պարզապես նկատի ունեմ այն խիստ սեղմ ժամանակը, շտապողականությունը, որը վերի՜ն որոշումով տրված է կուսակցություններին, դաշինքներին եւ, այսպես կոչված, ռեյտինգային թեկնածուներին, որպեսզի անողոք պայքար մղեն միմյանց դեմՙ տեղ գրավելու համար իրենց «շնորհված» 30 տոկոսիկի սահմաններում: Նկատի ունեմ նաեւ քարոզչական ասպարեզում տիրող վիճակը, ուր 4 կուսակցություններ եւ առավել` իշխանությունը, ի սկզբանե ունեն սեփական հեռուստակայաններն օգտագործելու շռայլությունը, չունեցողներին թողնելով հեռուստատեսային սուղ, շատ սուղ րոպեների թշվառությունը, ինչը ստիպելու է վերջիններին ուշադրությունը կենտրոնացնել համացանցի, հատկապես սոցիալական ցանցերի վրա, որտեղ անվերահսկելի մթնոլորտ է տիրում, իսկական Արշակավան:

Խնդիրը միայն հայկական համացանցայինՙ հատկապես on-line տիրույթում տիրող խառնաշփոթը կամ հրմշտոցը չէ, այլՙ կայուն եւ վստահելի կայքէջերի սակավությունը, որը այդ ասպարեզում մեր ազգաբնակչության գրեթե համատարած անգրագիտության ֆոնինՙ առավել սայթաքուն է դարձնում գետինը հասարակական ու անհատական կարծիքի ու դիրքորոշման համար:

Գլխավոր խնդիրը ֆեյքերն (fake) են, որոնց անվերահսկելիությունը, մանավանդ մրցակցային արագավազքի պայմաններում, առավել անսրբագրելի է դառնում: Հիշենք, որ մենք ոչ մի ֆորում կամ ատյան չունենք, որպեսզի զբաղվի ֆեյքերով, իսկ դատական ատյանների վրա հույս դնելը, մասնագիտական ապացուցողականության տեսակետից, անիմաստ է: Բացի այդ, մեր ասպարեզի մարդիկ լավ գիտեն, որ առաջին տեքստը կամ լուսանկարը, դրանց թողած տպավորությունը ամենաազդեցիկն են, դրանց հետեւող հերքումներըՙ գրեթե անզոր եւ անհետեւանք, հաճախՙ առաջին տպավորությունը ավելի շեշտող:

Անշուշտ, ֆեյք երեւույթը իր բոլոր դրսեւորումներովՙ սխալ, շփոթեցնող, երկիմաստ, վարկաբեկիչ կամ զրպարտող, բնականաբար նոր չէ: Տպագիր մամուլի, այնուհետեւ ռադիոյի ու հեռուստատեսության ստեղծման օրերից այն օգտագործվել է քաղաքական, շահադիտական եւ այլ նպատակներով, եւ դրա առաջքն առնելու համար ստեղծվել են պարկեշտ լրատվության բարոյական սկզբունքներ (press code), ինքնակարգավորման մարմիններ, գործել են դատարանները: Սակայն ժամանակակից վիրտուալ աշխարհում, հաշվի առնելով համացանցային արագություններն ու հասանելիության անսահմանությունը, կեղծ կամ ֆեյք տեղեկատվությունը, կամ ապատեղեկատվությունը, կարող է մի անգամից մասշտաբային հետեւանքներ ունենալ, որի դեմ ազդու պայքարը համաշխարհային հարց է դարձել երեկ, առավել եւս այսօր, հատկապես ամերիկյան նախագահական ընտրություններից, Հիլարի Քլինտոնի «Պիցցագեյթից», Բրեքսիդի հանրաքվեից եւ միջազգային ու տեղական բազմաթիվ սկանդալներից հետո: Ֆրանսիայի ու եվրոպական այլ երկրների պետական շրջանակներն այժմ շոգեպինդ աշխատում են ֆեյք տարածողներին զսպաշապիկ հագցնելու ուղղությամբ, Գերմանիան «կարմիր դրոշակ» ազդանշանը չհարգող սոցիալական որոշ ցանցերի արդեն զսպում է 24 ժամվա ընթացքում ֆեյքը չվերացնելու դեպքում մինչեւ 50 միլիոն եվրո տուգանքի սպառնալիքով, իսկ Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Խանը NBC News հեռուստաալիքով պահանջում է «Թվիթեր» (Twitter) եւ Ֆեյսբուք (Facebook) ընկերություններին վերահսկողության տակ առնել «հասարակական այդ չարիքը», մինչ Վիքիպեդիան (Wikipedia) արդեն ստեղծել է հատուկ տրիբունալ (WiKiTribune) վերահսկողության համար: Իսկ ինչ վերաբերում է Ամերիկային, այստեղ մտահոգ մասնագետները առաջարկում են արմատական, բայց երկարաշունչ ծրագիրՙ դպրոցներում սկսել աշակերտության դաստիարակումը ընդդեմ ֆեյքերի, պոռնկագրության եւ թրաֆիկինգի:

Իսկ մենքՙ պատրաստվում ենք... ընտրությունների, նույնիսկ չզգուշացնելով մեր հասարակությանը եւ հատկապես երիտասարդներին, որ ընկերոջ, ազգականի կամ բարեկամի «մի հատ լայքի», «սմայլիկ ուղարկի», «մի հատ բաց եւ կարդա» կամ «share արա» խնդրանքին ընդառաջ չգնան իսկույն, այլ մատը կամ մատիկը շարժելուց առաջ նա՛խ մտածեն ընկեր-բարեկամի եւ անձնապես իր մոտիվացիայի մասին եւ, ապա, օգտագործեն սեփական ուղեղըՙ նախքան տվյալ տեղեկությունը ընկեր-բարեկամի հանձնարարելը:

Մեր հասարակությունը գնում է ընտրությանՙ խաբվելու պատրաստ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 09-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ