RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16 > #044, 2018-11-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 09-11-2018



ԱՆՀԵԹԵԹ

Տեղադրվել է` 2018-11-24 03:27:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 1089, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԻԶԱԿՆԵՐԸ

ՆԱԻՐ ՅԱՆ

Իրավապաշտպաններն ահազանգում ենՙ քրեակատարողական հիմնարկներում բանտարկյալների կենսապայմանները ծանր են: Կան առողջական լուրջ խնդիրներ ունեցող դատապարտյալներ, որոնք լռել են, նույնիսկ փաստաբաններին չեն ասել իրենց վիճակի մասին: Իսկ ինչո՞ւ են նրանք տարիներ շարունակ լռել. որովհետեւ վստահ են, որ անպաշտպան են մնալու. անգամ եթե իրենց առողջական վիճակը կալանքի հետ անհամատեղելի է, դրանից ոչինչ չի փոխվելու: Դատապարտյալ Արթուր Օսիպյանի օրինակըՙ ապացույց: 12 տարվա ազատազրկման դատապարտվածը տառապում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով, հեպատիտ C-ով, գրանցված է Ավանի հոգեբուժարանում, չի կարող քայլել ու խոսել, անկողնային ռեժիմով հիվանդ է, բայց գտնվելիս է եղել կալանավայրում: Կալանքից պայմանական վաղաժամկետ ազատման միջնորդությունը մեղադրող կողմը բողոքարկել է վերաքննիչ դատարանում, եւ 30-ամյա Արթուրին, որին ապրելու շատ քիչ ժամանակ է մնացել, վերադարձրել են կալանավայր: Սակայն փաստաբան Լուսինե Զեյնալյանի ջանքերի շնորհիվ Արթուր Օսիպյանն արդեն 2 ամիս էՙ դուրս է եկել բանտից: Մինչեւ հիմա դատապարտյալների առողջական վիճակի հետ կապված ինչքան դատական գործ հասել է միջազգային դատարաններ, բոլորը բավարարվել են, ու որպես տույժՙ մեր պետբյուջեից գումարներ են բռնագանձվել: Մինչեւ հիմա որեւէ ուսումնասիրություն չի արվել ու վիճակագրություն չի կազմվելՙ դատապարտյալների քանի տոկոսի առողջական վիճակն է անհամատեղելի բանտային պայմանների հետ:

Իրավապաշտպաններն ահազանգում են նաեւ մուրացիկ երեխաների խնդիրների մասին: Փողոցներն ու այգիներն իրար մեջ բաժանածՙ մուրացիկ երեխաներն անձեռնմխելի բիզնես ունեն: Սա առաջին հայացքից անմեղ մի բան է թվում, բայց փաստաբաններն իրենց փորձից են ասումՙ մուրացիկ երեխաները պոտենցիալ հանցագործներ են: Նրանց փոցողային կյանքի պատճառները բազմաշերտ ենՙ սոցիալական, կրթական, ընտանեկան եւ այլն: Այս ասպարեզը եւս լուրջ ուսումնասիրության կարիք ունի, այնպիսի ուսումնասիրության, որի հիմքում ոչ թե զուտ թվեր լինեն, այլ բազմաշերտ հետազոտություն, պատճառահետեւանքային կապեր, դրդապատճառների ուսումնասիրություն, անհատական մոտեցում, անձնական ճակատագրերի հոգեբանական վերլուծություն:

Իրավապաշտպաններն ահազանգում են նաեւ թրաֆիքինգի մասին: Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենալու պատճառով այդ երկրում կատարվող մարդկանց առեւտուրը չի որակվում ու չի հիմնավորվումՙ որպես թրաֆիքինգ: Եթե Հայաստանի քաղաքացիների վաճառքի դեպքերն, օրինակՙ Արաբական Էմիրություններում կամ Եվրոպայում են իրականացվում , դրանց փաստաբանական հիմնավորում տրվում է, իսկ Թուրքիայի դեպքումՙ ոչ: Փաստաբան Լուսինե Զեյնալյանը պատմում է. «Դեռատի աղջիկներին հեքիաթային աշխատանք են առաջարկում Կիպրոսում, բայց չեն ասումՙ Կիպրոսի հունակա՞ն, թե թուրքական սահմանին: Ու նրանք ծուղակն են ընկնում: Մեր կանայք ու աղջիկները թրաֆիքինգի զոհ են դառնում անիրազեկվածության հետեւանքով»:

Համաներում. դատապարտյալները սպասում էին դեռ 2015 թվականից: Փաստաբանները զարմացած են. համաներման վերաբերյալ տեղեկությունները նրանք պարբերաբար ստանում էին դատապարտյալներից: Եթե նախկինում համաներում է ստացել դատապարտյալների 20 տոկոսը, ապա նոր Հայաստանում համաներման արժանանալու է 70 տոկոսից ավելին: Համաներումն, առհասարակ, գաղտնի ակտ է: Չի կարելի համաներման մասին տեղեկությունները հրապարակել, որովհետեւ կոռուպցիոն ռիսկերն այդ դեպքում կմեծանան: Համաներման գաղտնիությունը չպահպանելու դեպքում հավանականությունը մեծ է, որ մանր հանցագործությունները կշատանան: Հանցագործները կմտածեն, որ միեւնույն է, իրենք էլ են համաներման ենթարկվելու: Մինչդեռ համաներման մասին տեղեկություններն առաջինը հասանելի են դարձել դատապարտյալներին: Այն, որ համաներումը տարածվեց «Սասնա ծռերի» վրա, բայց չտարածվեց «Նորքի բանդա» անունն ստացած խմբի վրա, փաստաբաններին հերթական մտահոգության առիթն է տվել: Ի վերջո, թե՛ «Սասնա ծռերի», թե՛ «Նորքի բանդայի» նպատակն իշխանափոխություն իրականացնելն էր: Ընդ որումՙ «Սասնա ծռերի» պարագայում հրազեն է կիրառվել, մարդիկ են զոհվել, ՊՊԾ գունդն է գրավվել, իսկ «Նորքի բանդան» որեւէ գործողություն չի կատարել, հետեւաբար, հնարավոր չէ ապացուցել խմբի անդամների վտանգավորության կամ կատարած գործողությունների վնասի աստիճանը:

Եթե դատական իշխանությունը լուրջ թերություններ ունի, քաղաքական ուժերն ու քաղաքական իշխանություններն ինչքան էլ երկնքից աստղեր իջեցնեն, պետության հիմքերը խարխլված են մնալու: Եթե դատական իշխանությունը կատարյալ է, քաղաքական ոչ մի վայրիվերում պետության հիմքերը խարխլել չի կարող: Այս ճշմարտությունները հասկացել են դեռ Հին Հռոմում ու Հունաստանում. այս ճշմարտություններին հետեւում է եվրոպական աշխարհը: Անցումային արդարադատություն, ընտրովի արդարադատություն, սահմանադրական փոփոխություններ, ԱԺ-ի ցրում, նոր ընտրություններ, հեռախոսային գաղտնալսումներ, վենդետաներ, համաներում, առողջական վիճակի հետ անհամատեղելի կալանավորումներ. շարքը կարելի է շարունակել: Հայաստանում բացվող ամեն օրը մեզ ապշեցնում է անհավանական թվացող իրադարձություններով ու անակնկալներով: Կառավարությունից, ԱԺ-ից, իշխանավորների «լայվ»-երից ամեն օր ցնցումների մեջ ենք ընկնում:

Դատական ոլորտի մարդիկ լուրջ անհանգստացած են. մեդիա-դաշտում այսօր ամենաակտիվը փաստաբաններն են: Եթե երկրում իրավիճակ է փոխվել, ուրեմն ազատ ու քննադատական խոսք պետք է հնչի բոլոր մեղավորների հասցեին, որովհետեւ մտավախություն կա, որ սայթաքումներն ու բացթողումներն անդառնալի հետեւանքների կհանգեցնեն: Հասարակական կյանքի բոլոր ոլորտները կախված են մեկ օղակիցՙ օրենքից, եթե օրենքը բոլորին անխտիր նույն հավասար պայմանները չի առաջարկում, «խոշոր ձկներին» թողածՙ «մանրաձուկ» են որսում, ուրեմն երկրում իրավիճակի փոփոխությունն արդար մղումների արդյունք չէ: Ուրեմն իրավապաշտպան համակարգը ծառայում է զուտ քաղաքական ու միջանձնային նպատակներին: Այս իրավիճակը շատերին է մտահոգում:

Գործարար եւ Հ-2 հեռուստաընկերության տնօրեն Սամվել Մայրապետյանի կալանավորման փաստը տարակուսանքի մեջ է գցել ոչ միայն նրա մտերիմներին, ընկերներին, մտավորականներին, այլեւ իրավապաշտպաններին: Հենց նրանք են, որ Սամվել Մայրապետյանի կալանավորումը օրինականության տեսանկյունից դիտարկելովՙ հայտարարում են, որ խափանման միջոց կալանքն ընտրելն օրենքի խախտում է: Արդյո՞ք օրինաչափ է 10,5 տարի առաջ կաշառքին օժանդակելու մեղադրանքով մարդուն պահել կալանքի տակ, երբ հավանական կաշառք վերցնողն ու կաշառք տվողը չկան, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ անկախ սոցիալական դիրքից ու քաղաքական հայացքներիցՙ բոլորը հավասար են օրենքի առաջ, որ անարդար, ապօրինի քայլ Նոր Հայաստանում այլեւս չի լինելու: Փաստաբաններն անընդունելի են համարում նաեւ այն, որ կալանքըՙ որպես խափանման միջոց փոխելու բոլոր անձնական միջնորդությունները, գրավի պայմանները, անձնական երաշխավորումները դատախազությունը մերժում է: Արգելանք է դրված Մայրապետյանի գույքի, հաշիվների վրա, արգելված է տեսակցությունը նրա հետ: Կալանքը որպես խափանման միջոց ընտրվում է ծայրահեղ դեպքերում, երբ հավանականություն կա, որ կալանքի տակ առնվածը կարող է կատարել նմանատիպ մեկ այլ հանցագործություն: Կաշառք տալն ու վերցնելը, կաշառք տալուն օժանդակելը դեռեւս ապացուցված չէ, այսինքնՙ խոսքը կատարված ու վերջնարդյունքին հասած, ավարտված գործողության մասին չէ, բայց Սամվել Մայրապետյանը կալանքի տակ է: Մինչ ապացույցների հայտնաբերումը, մինչ հանգամանքների բացահայտումը, ըստ օրենքիՙ քաղաքացին պետք է ազատության մեջ գտնվի, մանավանդ երբ նա ունի առողջական լուրջ խնդիրներ, անհամատեղելիՙ կալանքի հետ: Մեղադրական դատական ակտը չի եղել, բայց մարդն անազատության մեջ է: «Դրա փոխարեն թող փորձեն բացահայտել նախկինում կատարված այն հանցագործությունները, որոնք ծանր հետեւանքների են հանգեցրել: Սամվել Մայրապետյանին առաջադրված մեղադրանքը մեր երկրում կատարված մյուս ծանր հանցագործությունների համեմատ շատ փոքր բան է: Նաեւ պետք է ուսումնասիրվեն անձը բնութագրող հատկանիշները: Շրջապատի, աշխատավայրի, ընտանիքի կողմից ներկայացված բնութագրերին դատարանը մեծ ուշադրություն է դարձնումՙ որպես մեղմացուցիչ հանգամանքներ»,-բացատրեց Լուսինե Զեյնալյանը: Անձը բնութագրող հատկանիշները, սակայն, Սամվել Մայրապետյանի դեպքում որեւէ դեր չեն խաղացել: Արդարադատության նիզակներ արձակողներն ովքե՞ր են եւ ո՞րն է նրանց իրական նպատակը. ենթադրությունից համոզմունքՙ մեկ քայլ է: Մի բան պարզ է. Սամվել Մայրապետյանը ոչ թե կալանավորված է, այլ պանտանդ է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 09-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ