RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16 > #044, 2018-11-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 09-11-2018



Տեղադրվել է` 2018-11-24 03:27:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 1138, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԳԵՏԻ ՈՒ ԴԱՎԱՃԱՆԻ ՄԻՋԵՎ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Օրերս համացանցի հայկական տիրույթը ողողվեց մարտ ամսին Ստեփանակերտում մեծ աղմուկ հանած Ասյա Խաչատրյանիՙ Թբիլիսիում արված լուսանկարներով: Ի՞նչ խոսք, Թբիլիսի շատերն են գնումՙ մեքենա, կոշիկ ու մանդարին բերելու համար, շատերըՙ հանգստանալու: Գաղտնիք չէ, որ այնտեղ նաեւ լուսանկարվում են, ոչ մի վատ բան չկա: Բայց մեր կապտավարս աղջնակի վատ արարքը կայանում է նրանում, որ նա Թբիլիսիում հանդիպել է ազգությամբ ազերի տղայի, որն, ի դեպ, նախկին զինծառայող է, եւ որի ֆեյսբուքյան էջի գրառումներից հստակ երեւում է, որ մասնակցել է 2016 թ. Ապրիլյան քառօրյա պատերազմին: Ավելին, իրենից «մի քանի հայի գլուխ» խնդրող ընկերներին հարցրել էՙ արդյո՞ք նույն հայերի ներքին օրգանները հարկավոր չեն «քյաբաբ անելու համար»: Ահա, այսպիսի ընկերություն, որ խրախուսվում է պետական մակարդակով, թե ո՞րն է այդ պետակա՜ն մակարդակ ասվածը, պարզ կլինի ստորեւ:

Մարտի վերջերին Գառնիկ Իսագուլյանը հայտարարել էր, որ Ասյա Խաչատրյանը սերտ կապեր ունի մի շարք ադրբեջանցիների հետ, ավելինՙ անգամ եղել է Բաքվում: Իհարկե, ոչ ոք չհավատաց Իսագուլյանին, քանի որ, ի պատշտպանություն Ասյայի, հանդես եկան տասնյակ «ոսկե, ազատամիտ երիտասարդներ»:

Հիշյալ լուսանկարների տարածումից անմիջապես հետո մի շարք մարդապաշտպան-հումանիստներ սկսեցին պաշտպանել Ասյային, ավելինՙ նրանցից ոմանք հայտարարեցին, որ իրենք էլ ադրբեջանցի ընկերներ ունեն եւ ցանկանում են ազատ շփվել նրանց հետ: Ահա, հասանք պաշտոնական մասին. օրինակ ՔՊ հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանը հայտարարել էր, որ ինքն էլ ունի բազմաթիվ ադրբեջանցի ընկերներ, եւ Ասյայի արարքի մեջ որեւէ վատ բան չի տեսնում: ՔՊ-ի աջ կամ ձախ ձեռք կամ ոտք հանդիսացող Լեւոն Բարսեղյանի որդինՙ Հայկ Բարսեղյանն էլ իր հերթին հայտարարեց, որ ինքն ուզում է ընկերություն անել ադրբեջանցիների հետ, գնալ նրանց տուն, հաց ուտել, եւ հակառակը: Պարզ է, չէ՞: Մնում է մեզ ասելՙ «տղա ջան, հել գնա՛»:

Հետաքրքրական է, Լարա Ահարոնյանը, Հայկ Բարսեղյանն ու նրանց գաղափարակիցները հաստա՞տ լրջորեն հասկանում են խնդրի էությունը, հաստա՞տ գիտենՙ ով է ադրբեջանցին: Գոնե մի փոքր տեղյա՞կ են, թե անցյալ դարավերջին ինչ է կատարվել խորհրդային Ադրբեջանի հայաբնակ շրջաններում, կամ պատկերացում կազմո՞ւմ ենՙ դրանից հետո քանի հայ է զոհվել ազերի դիպուկահարի կրակոցից: Հուսով եմՙ գոնե Ապրիլյան պատերազմը չեն մոռացել, որին, ինչպես վերը նշվեց, մասնակցել է իրենց բարեկամ Ասյայի թյուրք ընկերը: Եթե նրանք այսքանը չգիտեն, ուրեմն անհուսալի տգետներ են, եթե գիտենՙ ուրեմն դավաճաններ են, թող ընտրություն կատարեն տգետի ու դավաճանի միջեւ: Այնուամենայնիվ, հույս եմ հայտնում, որ հայաստանաբնակ ադրբեջանասերները մի օր կհասնեն իրենց երազանքին ու կհայտնվեն հայկական դիրքերից այն կողմ, եւ տեղում կարժանան ադրբեջանական «հյուրասիրության» ողջ պերճանքին: Բայց... Աստվա՛ծ, մի արասցէ, որ ադրբեջանցին մի օր հյուրընկալվի հայի տանը... հազարներով զոհվել են այդ տնից դուրս եկող ծիրանի ծխի համար:

Թե ովքեր են Ասյա Խաչատրյանն ու իր զինակից պաշտպանները, ոչ մեկին համար գաղտնիք չէ, բացի Լարա Ահարոնյանից, որը, ինչպես հասկացանք, «նոր քոլի բիբար է»: Սրանք սովորական բույսեր են, որոնք ինչպես պատահաբար աճում են, այնպես էլ պատահաբար տրորվում ու ոչնչանում են, ասենքՙ ոչխարի կճղակի «մեղքով»: Բայց թեմային առնչվող կարեւոր «բայց» կա, որին դեռեւս անդրադարձ չենք կատարել. ո՞ւր է ԱԱԾ-ն ու այն ղեկավարող Արթուր Վանեցյանը: Ո՞ւր են ասֆալտին փռող ու պատերին ծեփող զիլ տղաները, ֆուտբո՞լ են խաղում, թե՞ չգիտեն այս ամենի մասին: Մի՞թե սա ազգային անվտանգության խնդիր չէ, ինչո՞ւ Ասյա Խաչատրյանը մինչեւ հիմա չի կանչվել ԱԱԾ, ինչո՞վ են զբաղված այդ կառույցում: Կամՙ ո՞ւր են նորօրյա «հայրենասերները», մարիխուանա՞ են փաթեթավորում: Ո՞ւր է Հովիկ Աբրահամյանի ապօրինի ջրագծի տեղը, օ՜, գյուտ դարի, բացահայտած, Դավիթ Սանասարյանը, նոր ջրագծե՞ր է հայտնաբերում, թե՞ գնացել է «փոքրիկ ասուլի» հեռախոսը լիցքավորելու:

Սա՞ է, այսպիսի՞ն է լինելու նոր Հայաստանը, որտե՞ղ է կառավարությունը, ինչո՞ւ չի լսվում ժողովրդի ձայնը: Ժողովրդի անունից անդադար խոսվում է ժողովրդավարության մասին, բայց երբ նույն ժողովուրդը տեսնում է, որ ինչ-որ աղջիկ կասկածելի կապի մեջ է իր զավակներին սպանող ազերու հետՙ կառավարությունիցՙ ձայն բարբառոյ յանապատի:

Ներեցեք, ընկերներ, բայց ձեր նորը շատ հին է:

Հ.Գ. Սահմանին կանգնած իսկական հայեր կան ձեզնից ու ինձնից ջահել, որոնք բոլորից շատ են ուզում Բաքու գնալ... Անշուշտՙ ո՛չ «քյաբաբ» ուտելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 09-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ