RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16 > #044, 2018-11-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 09-11-2018



ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ

Տեղադրվել է` 2018-11-24 03:27:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 1002, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉՊԻՍԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՆԵՆԱՆՔ ԴԵԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ.

Ընդհանրապես կանխատեսում կատարելը գիտնականի գործը չէ, այն նաեւ շատ անշնորհակալ աշխատանք է, որովհետեւ ինչ-որ համընկնումների դեպքում կասեն բախտդ է բերել, իսկ հակառակ պարագայում կասեն, թե ի վիճակի չես վերլուծություն կատարելու: Կանխատեսել հեղափոխությունները, ընդհանրապես համարվում է, որ հնարավոր չէ, սակայն հասարակագետների մոտ միաժամանակ կա կարծիք, որ հետհեղափոխական զարգացումները ոչ միայն կանխատեսելի են, այլ նույնիսկ որոշ առումով զարգանում են պատմական արդեն հայտնի օրինաչափությունների սկզբունքով:

Արդյոք Հայաստանում հետհեղափոխական կոչվող շրջանը կգնա՞ զարգացման իր ուրույն, հայկական ուղիով, թե՞ այստեղ եւս առկա են պատմական այն օրինաչափությունները, որոնք բազմիցս կրկնվել են աշխարհի տարբեր երկրներում: Այս հարցի պատասխանը նախ եւ առաջ ընկած է այն հարթության մեջ, թե արդյոք տեղի ունեցածը դասական առումով կարո՞ղ ենք կոչել հեղափոխություն, թե՞ ոչ:

Կա դասագրքային ճշմարտություն, որ հեղափոխություն է կոչվում այն գործողությունը, որի արդյունքում տեղի են ունենում հասարակարգային անցումային փոփոխություններ: Օրինակ համարվում է, որ ֆրանսիական մեծ հեղափոխության արդյունքում Ֆրանսիայում եւ ընդհանրապես Եվրոպայում անցում կատարվեց ֆեոդալական համակարգից դեպի բուրժուադեմոկրատական հասարակարգ:

Հետագայում, այս տրամաբանությամբ շարժվելով, համարվում էր, որ Ցարական Ռուսաստանում տեղի ունեցած հոկտեմբերյան հեղափոխության արդյունքում անցում կատարվեց բուրժուական հասարակարգից դեպի սոցիալիստականը: Ստեղծված Խորհրդային Միությունը հանրային արժեքների տիրապետման ու բաշխման իր համակարգով եւ առաջարկվող արժեհամակարգով էականորեն տարբերվում էր բուրժուական գործող հասարակարգերից:

Սակայն, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սկսված ապագաղութացման շարժումները եւ շատ երկրներում իշխանափոխությունները ներկայացվում էին որպես հեղափոխություններ: Որոշ երկրներում նոր ուժերը փորձում էին նմանակել ԽՍՀՄ համակարգը, մյուսներում` ամերիկյանը:

ԽՍՀՄ-ի քայքայումը ի հայտ բերեց եւս մի ճշմարտություն. Արեւմուտքը հրաժարվել է բուրժուական հասարակարգ հասկացողությունից, որն ուներ բացասական իմիջ, եւ նախընտրում էին այն կոչել շուկայական հարաբերությունների հասարակարգ: Սակայն, անկախ նրանից, թե այն ինչպես կկոչես, պարզ էր, որ այդ հասարակարգը հավասարության մասին իր լոզունգների պայմաններում անհավասարության համակարգ է, քանի որ կան փոքրաթիվ հարուստներ եւ մեծաթիվ աղքատներ:

90-ականների տնտեսական բուռն աճը չնպաստեց այդ անհավասարության վերացմանը, այլ ընդհակառակըՙ միայն խորացրեց ճեղքվածքը աղքատների ու հարուստների միջեւ: Անկախացած Հայաստանը եւս ընդունեց, այսպես կոչված, շուկայական հարաբերությունների, իսկ իրականումՙ զարգացման բուրժուական ժողովրդավարության ձեւը: Արդյունքում երկրի հարստությունը հայտնվեց ընդամենը մի քանի ընտանիքների ձեռքում, իսկ բնակչության 30%-ը մինչ օրս գտնվում է ծայրահեղ աղքատության ճիրաններում:

Հայաստանում խորացող աղքատությանը գումարվում էր նաեւ արդարության պահանջը, քանի որ քաղաքական ասպարեզում հայտնված ու չփոխվող նույն դեմքերը հասկանալի կերպով ընկալվում էին որպես ստեղծված իրավիճակի հիմնական մեղավորներ: Նիկոլ Փաշինյանի կողմից սկսված շարժումը բնակչության մեծ մասի կողմից ընկալվեց որպես այս իրավիճակը փոխելու հնարավորություն եւ քաղաքական իշխանությունը հեռացնելու շանս:

Ինչը եւ կատարվեց, ու արդեն մայիսից մինչ օրս ունենք նոր կառավարություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Հետեւելով վերջինիս քաղաքականությանը, հասկանալի է դառնում, որ նա հետեւողականորեն փորձում է իրականացնել արդարության վերականգնման իր տեսլականը, ինչը նրա եւ իր շրջապատի կողմից ընկալվում է որպես նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին կաշառակերության մեղադրանքով բանտերը նստեցնելու քաղաքականություն:

Այսինքն, ներկա իշխանությունների գործունեության տրամաբանությունը եւ բնակչության մի հսկայական զանգվածի կողմից նրանց աջակցությունը հիմվում է նախկիններիՙ «կոռումպացվածների» ու ներկաներիՙ «արդարների» միջեւ պայքարի վրա: Սակայն «լուծելով» այս հարցը, կառավարությունը չի կարողանում կարգավորել հիմնական խնդիրըՙ աղքատության վերացումը:

Հասկանալի է, որ սա միանգամից, մեկ օրում, կամ թեկուզ 7 ամսում անել հնարավոր չէ, սակայն որոշակի քայլեր այս ուղղությամբ կարող էին եւ տեսանելի լինել, ինչը գոնե այս պահին չկա: Հիշեցնենք, որ օրինակ 2019թ. ներկայացված բյուջեով նախատեսվում է բարձրացնել ԱԱԾ աշխատողների աշխատավարձը, իսկ օրինակ ուսուցիչների ու բուժաշխատողների մասին ոչինչ չի ասվում:

Այսինքնՙ նախկին «վատի» ու ներկա «լավի» միջեւ ժողովրդավարություն վայելող պայքարի այս ձեւաչափը կավարտվի այս տարվա դեկտեմբերի 9-ն, երբ խորհրդարանը եւս ամբողջությամբ անցնի վարչապետի ու նրա թիմի վերահսկողության ներքո: Հասկանալի է, որ ԱԱԾ-ի կողմից կազմակերպվող «մասկիշոուները» կդադարեն նախկին հետաքրքրությունը ներկայացնել բնակչության գոնե մեծ մասի համար, եւ մարդիկ կպահանջեն հաջորդ հարցիՙ հացի խնդրի լուծումը:

Ահա այստեղ է, որ ներկա կառավարության անցած 7 ամիսների անօգուտ աշխատանքը եւ հետեւանքները ի հայտ կգան: Բնակչությանը «կերակրել» արդարության մասին ու նախկիններին բռնելու խոստումներով, արդեն բավարար չէ: Քաղաքացիները «զարմանալիորեն» կհայտնաբերեն, որ իրականում իրենց կյանքում ոչինչ չի փոխվել, իրենք շարունակում են խարխափել նախկին աղքատության մեջ, իսկ իրավիճակը նույնիսկ ավելի է վատացել:

Ահա այստեղ է, որ նույնիսկ իշխանություններին աջակցող հասարակագետները կսկեն կասկածել, որ տեղի ունեցածը կարելի է կոչել հեղափոխություն, քանի որ հասարակ մարդու կյանքում ոչինչ չի փոխվել: Ընդամենը փոխվել են դեմքերըՙ նախկին գորշություններին փոխարինել են պայծառ երիտասարդներ, որոնք ըմբոշխնելով բացարձակ իշխանության հաճույքները, շատ արագ կերպով վերածվում են գորշության:

Այսինքն, ստեղծվել է պարադոքսալ իրավիճակ, երբ նախկինների գոյությունը, տվյալ դեպքումՙ ՀՀԿ-ի, արդարացնում էր ներկաների անթրաշությունը: Նախկինների վերջնական հեռացումը ներկաներին պետք է ստիպի արդեն լծվել լուրջ աշխատանքի, երկիրը աղքատությունից դուրս բերելու եւ Հայաստանում կյանքի որակը բարձրացնելու համար:

Իսկ դրա համար գիտելիք եւ փորձ է պետքՙ արհեստավարժ մասնագետներ ու կառավարիչներ, ովքեր կկարողանան մշակել պետության զարգացման ռազմավարությունը ու կգնան իրենց իսկ գծած քաղաքականության հետեւից: Սա պետության զարգացման կարեւորագույն պայմաններից մեկն է, ինչը, գոնե այս պահին, չի իրականացվում եւ կարող է հանգեցնել բացասական հետեւանքների արդեն հաջորդ տարվա գարնանը:

Նկատենք, որ այս «հեղափոխությունից» ֆինանսապես առայժմ շահել է Սամվել Ալեքսանյանըՙ լֆիկ Սամոն, որի ֆաբրիկաները դեռ մայիսից սկսած արտադրում էին գլխարկներ եւ շապիկներՙ «Դուխով» մակագրմամբ կամ Նիկոլի դեմքով: Ալեքսանյանը արտադրում է նաեւ «Թավշյա» կոչվող օղիներ: Այսինքն հարուստները շարունակում են հարստանալ, իսկ աղքատներըՙ ավելի աղքատանալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 09-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ