RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#045, 2021-12-03 > #046, 2021-12-10 > #047, 2021-12-17 > #048, 2021-12-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 17-12-2021



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2021-12-16 23:08:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 2962, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՐԵՆՔ ԽԱՂՈՒՄ ԵՆ ՊՈԿԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԹՈՂՆԵԼՈՎ «ՌՈՒՍԱԿԱՆ ՌՈՒԼԵՏԿԱՆ»

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Մեր ժողովրդի ժամանակակից պատմության ամենաբարդ կետին ենք գտնվում: Ոչ թե հանգրվան, այլ կետ, որը մեր ոտքի տակ անընդհատ շարժվում, ցնցվում է, ժամանակ չտալով խորաչափելու աշխարհաքաղաքական գործընթացների, տարածաշրջանային շահադիտությունների, նույնիսկ ներքին իրավիճակի էությունը:

Այս կացության դիմաց ասել, որ ըստ ամենայնի թուլացած մեր երկիրը ի վիճակի չէ աջից ու ձախից ներկայացվող մարտահրավերներին ընդառաջ լուրջ քայլեր կատարելու, նշանակում է ոչինչ չասել: Իշխանությունների անատակ լինելու փաստը կարիք չկա 1000-րդ անգամ կրկնելու, այլապես կվերադառնանք «ելման կետ», այսինքն այնտեղՙ որտեղից սկիզբ առան մեր բոլոր դժբախտություններըՙ սիրողական մակարդակից էլ ցածր կառավարում, անձնիշխանությունՙ իր բոլոր արտառոցություններով:

Առաջին հերթին մեզ պետք էր պարզություն եւ հստակությունՙ մեր հնարավորություններին եւ անելիքներին համապատասխան, նույնիսկ կրած պարտությունից, մարդկային ու տարածքային ծանրածանր կորուստներից հետո: Ազգովին չկարողացանք իշխանության բերել նոր, պրոֆեսիոնալ ուժերի, որոնք կկարողանային իրատեսական, հնարավոր, իրականանալի լուծումներ տալ ստեղծված, ավելի շուտՙ պարտադրված բարդ կացության:

Առկա վիճակի բարդությունը ավելի է խճճվում, եթե նկատի ունենանք տարածաշրջանում մեր հակառակորդների վարքագիծըՙ բլեֆներով արտահայտվելու մարտավարությունը: Բլեֆներՙ որոնք ընդունված, անգամ գնահատված են պոկերում, իսկ քաղաքականության մեջ...

Իլհամ Ալիեւը փորձում է, անգամ հաջողո՛ւմ, քաղաքական պոկերի սեղանին իրՙ այսպես կոչված տրամաբանությունըՙ սիմետրիկ գիծ անցկացնել ասիմետրիկ իրականությունների միջեւ, իր երազած «Զանգեզուրյան միջանցքի» եւ Լաչինի կարգավիճակների միջեւ, անցակետերի ու մաքսակետերի փոխադարձ հարաբերակցությամբ: Այսինքն ոչ միայն միջանցք է ուզում, այլեւ, փաստորեն, իր վերահսկողությամբ կորիդոր , միաժամանակ փորձելով հիմարացնել բոլորին, թե Նախիջեւանն ու Արցախը նույն կարգավիճակն ունեն, մինչդեռ առաջինն ունի 2+1 երկրի հետ սահման, իսկ երկրորդըՙ ռուս խաղաղապահների հսկողության ներքեւ անկլավ է հանդիսանումՙ առայժմ բոլորովին անորոշ կարգավիճակով:

Նույն աչքակապությունը փորձում է անել Մեւլութ Չավուշօղլունՙ Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից ի լուր ամենեցուն որպես «բարիկամեցողական զիջում» հայտարարելով, որ իր երկիրը պատրաստ է Երեւանից Ստամբուլ չարտերային չվերթների համար բացել օդային միջանցքը: Ճիշտ եւ ճիշտ մեր հայկական կոպիտ, բայց սրամիտ ասույթը հիշեցնողՙ փեսային հարսի բարեմասնությամբ շահագրգռելու վերաբերյալ: Մինչդեռ շատ վաղուց արդեն այդՙ H5O կոչվող օդային միջանցքը գոյություն ունի:

Չավուշօղլուի երկրորդ հայտարարությունը վերաբերում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն, ընդհուպՙ դեսպանատուն բացելու հնարավորությանը: Մինչեւ այստեղ ոչ մի աչքակապություն, քանզի Թուրքիան արդեն իսկ նշանակել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով իր ներկայացուցիչին, իր ամենահմուտ դիվանագետներից մեկին, ուշադրություն, Լիբանանում, Ճապոնիայում եւ Մ. Նահանգներում իր նախկին դեսպանին: Աճպարարությունն սկվում է այնտեղ, որտեղ Չավուշօղլուն ձեւացնում է, թե Երեւանի հետ հարաբերությունները պայմանավորված են Բաքվի կամեցողությունից, մի բան, որ իմ տպավորությամբ, արվում է հետագայում խուսանավելու կամ խուսափելու համար ամերիկյան հանդիմանությունիցՙ «Մենք չենք, մեր փալանն է» սկզբունքով: Չէ՞ որ նախագահ Ջո Բայդենը վճռել էՙ «ո՛չ միջանցքի գաղափարին»...

Իրերի այս կացության մեջ «ջուրը չտեսած բոբիկանալու» դրսեւորում պետք է որակել ՀՀ արտգործնախարարի խոսնակին հանձնարարված բոբիկ ոտքերով ընդառաջ քայլը դեպի «առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթաց», ինչպես նաեւ դրան հետեւած նշանակումը մի բանագնացի, որը քաղաքական շրջանակում հայտնի է որպես «սխալ կոճակ սեղմող»...

Թե ի՞նչ է նշանակում «առանց նախապայմանների» բանակցություններ, դրան անդրադառնալու դեռ առիթ կունենանք ու կբացենք այդՙ ծանրածանր թղթածրարը: Մինչ այդ «առանց նախապայմանների» արտահայտությունը պետք է նկատել ընդամենը որպես միամիտ փորձՙ միանալու աճպարարների խմբակին, որը մեզ քշել է պոկերի սեղանից եւ այժմ ցույց է տալիս «ռուսական ռուլետկան»: Ի՞նչ «առանց նախապայմանի» բանակցություն, երբ դիմացի կողմը 30 տարուց ի վեր նախապայմանների լեզվով է միայն մեզ հետ խոսել, իսկ վերջին պատերազմում անմիջականորեն, ազերիներով ու ահաբեկիչներով նախահարձակ է եղել մեր դեմ: Այս իրավիճակում նրա հետ որեւէ պայմանագիր, անգամ համաձայնությունՙ համազոր է լինելու անձնատվության, նոր կապիտուլացիայի, անկախ այն բանից, թե ի՞նչ են քարոզում մեզ սորոսական եւ այլ կողմնորոշում ունեցողները, որոնց օրերս միացել է, անսպասելիորեն, պետական մի լուրջ գործիչ ու վերլուծաբան. Ժիրայր Լիպարիտյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 17-12-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ